Դատախազությունը կբողոքարկի Դավիթ Գրիգորյանի քրգործը կարճելու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի Դավիթ Գրիգորյանի քրգործը կարճելու որոշումը

2019թ․ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Նման որոշում էր կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված էին , Բալայանի այս որոշումից հետո կվերականգնվե՞ն, հարցրինք նրա պաշտպաններից Գեորգի Մելիքյանը, վերջինս մեզ ասաց․ «Դեռեւս որոշումը պետք է օրենքի ուժի մեջ մտնի, քանի որ դատախազությունը կարող է բողոքարկել Վերաքննիչ դատարան՝ մեկ ամսվա ընթացքում։ Եթե չբողոքարկի, ապա պարոն Գրիգորյանը իր աշխատանքը վերսկսելու է»։

Գլխավոր դատախազ խորհրդական Գոռ Աբրահամյանից էլ փորձեցինք ճշտել՝ արդյոք դատախազությունն որոշումը բողոքարկե՞լ է, նա ասաց, որ Վերաքննիչ բողոք է նախապատրաստվում․ «Դատարանի որոշումն ստացվել է գլխավոր դատախազությունում և ուսումնասիրվել: Եվ ելնելով նրանից, որ դատախազության գնահատմամբ կայացվել է անհիմն և ապօրինի որոշում, ներկայումս դրա դեմ վերաքննիչ բողոք է նախապատրաստվում»։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի լիազորությունները 2019-ի հուլիսի 29-ից կասեցվել էին։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։