«Ապրիլյան պատերազմի ժամանակ տարածքներ է վաճառել» արտահայտությունը վերաբերվել է Խաչատուրովին. պաշտպան

«Ապրիլյան պատերազմի ժամանակ տարածքներ է վաճառել» արտահայտությունը վերաբերվել է Խաչատուրովին. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր շարունակվեց «Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» քաղաքացիական հայցով  նախնական դատական նիստը: 

Հիշեցնենք, որ Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատի է տվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ 2018թ.-ի ասուլիսներից մեկում իր հասցեին ապրիլյան ռազմական գործողությունների առնչությամբ հնչեցրած որոշակի արտահայտությունների համար: Նա պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում՝ երկու միլիոն դրամի չափով եւ հրապարակային հերքում: 

Այսօրվա նիստում Յուրի Խաչատուրովի  ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանն անդրադարձավ նախորդ նիստում Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի այն պնդմանը, թե Գրիգորյանի արտահայտությունները եղել են գնահատողական՝ կարծիք հայտնող, ուստի այդ հիմքով Խաչատուրովի հայցը ենթակա է մերժման: 

Բեքմեզյանը նախ նշեց՝ Ստեփան Գրիգորյանին ուղղված լրագրողի հարցը չի վերաբերել ապրիլյան ռազմական գործողություններին, այլ առնչվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, սակայն Ստեփան Գրիգորյանն անդրադարձել դրանց եւ Յուրի Խաչատուրովին վերագրել գործողություններ, որոնք, ըստ Բեքմեզյանի, չեն համապատասխանում իրականությանը. «Դրանք ոչ թե կարծիք են, այլ արտահայտում են տվյալներ: Օրինակ, Ստեփան Գրիգորյանն ասել է՝ «ԱԱԾ-ին կառաջարկեմ ստուգել Խաչատուրովի հաշիվները», կամ  «տարածքները ձրի չեն հանձնվում»։ Այսինքն, նա ասում է, որ Խաչատուրովն է դրանում մեղադրվում: Նա չի էլ փորձել գնահատական տալ, այլ համոզված է եղել իր պնդումներում եւ ԱԱԾ-ին դրդել է որոշ գործողություններ իրականացնելուն: Ուստի այստեղ գնահատողական դատողություններ չկան»: 

Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանն էլ պնդեց, որ Գրիգորյանը զրպարտության միտում չի ունեցել. «Նրա արտահայտություններում զրպարտող բնույթի փաստացի տվյալներ չկան, եթե նախադասություններն անգամ հատ-հատ վերլուծենք: Նրա ասածները կասկած-կարծիք են: Որպես մասնագիտացված քաղաքագետ՝ նա իր կարծքին է ներկայացրել՝ կասկած արտահայտելով: Նա այլ հարցերի վերաբերյալ էլ է մեկնաբանություններ արել»։ 

Գրիգոր Բեքմեզյանը հարցրեց, թե կասկած-կարծիքն ինչի՞ վրա է ձեւավորվել,  Հարությունյանը պատասխանեց. «Կարծիքի ազատության իմաստն այն է, որ այն քննության չի ենթարկվում: Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ անձը  իրականացրել է որոշակի թերի գործառույթներ»: Խաչատուրովի շահերի ներկայացուցիչն էլ ամփոփեց՝ ասելով, որ Ստեփան Գրիգորյանի՝ «ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է հողերի վաճառքին», «ապրիլյան պատերազմի օրերին տարածքներ է վաճառել» արտահայտությունները վերաբերել են Յուրի Խաչատուրովին եւ բնույթով արատավորող են։

Նշենք, որ այս քաղհայցով նախնական դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 15-ին։