ՕԵԿ-ը իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութեր է պատրաստել

ՕԵԿ-ը իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութեր է պատրաստել

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների շահերն ու իրավունքները ներկայացնող «ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բոլորի ուշադրությունն է հրավիրում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՖՀՀ շրջանավարտների անունը շահարկող քարոզչական նյութերի վրա։

Նրանց խոսքով, կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակներում պատրաստել, տարածել է մի պաստառ, որում առանց ՀՖՀՀ շրջանավարտների համաձայնության շահարկվում է նրանց անունը և տարածվում է ապատեղեկատվություն։ 

«Քարոզչական պաստառի բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված քաղաքական ուժի կողմից «Հայաստանում ֆրանսիական համալսարանը», ինչպես նաև նրա շրջանավարտները ներկայացվում են որպես նշված կուսակցության գործունեության և դրա արդյունքների հետ առնչություն ունեցող անձինք։ Քարոզչական նյութ հանդիսացող պաստառում մեր անհանգստությունն է առաջացրել նաև այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացվում է որպես ՀՖՀՀ «հիմնադիր և նախագահ», ինչը չի համապատասխանում իրականությանը»։

Համալսարանը նույնպես արձագանքել է կատարվածին՝ հայտարարել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի էթիկայի կանոնները հիմնված են ինտելեկտուալ անկախության վրա և որևէ քաղաքական կուսակցություն չի կարող նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործել ՀՖՀՀ-ի համբավը:

Ասոցիացիան կոչ է անում առանց շրջանավարտների համաձայնության չօգտագործել ասոցիացիայի անդամների համբավը և պահանջում է չշահարկել շրջանավարտների հավաքական անունը որևէ քաղաքական ուժի քարոզչական նյութերում։