Վարդենիսի քաղաքապետը զզվել է կեղծ հեղափոխականներից

Վարդենիսի քաղաքապետը զզվել է կեղծ հեղափոխականներից

Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Մարզպետին ներկայացրած դիմումի մեջ որպես պատճառ նշված են ընտանեկան խնդիրները։ «Ընտանեկան պայմաններից ելնելով չեմ կարող կատարել համայնքի ղեկավարի իմ պարտականությունները», - գրված է դիմումի մեջ։

Իրականում քաղաքապետը հեռանում է որովհետև հոգնել է իր դեմ վերջին շրջանում տարբեր ատյաններ ուղարկվող դիմում-բողոքներից։ Նա ԶԼՄ-ների հետ խոսել չցանկացավ, բայց իր աշխատակիցների միջոցով կապ հաստատեց մեզ հետ։ Ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատող Ռազմիկ Բադեյանը, որը Արամ Հարությունյանի մտերիմներից է, մեզ հաղորդեց․ «Այս պահին նա չի կարող խոսել։ Նոր Հայաստանում լիքը բողոքներ են անիմաստ գրում, ձեզ՝ լրագրողներիդ են անընդհատ բողոքում։ Նա էլ հոգնել է»։

Լրագրողների՞ց է նեղացել։ «Նեղանալ չի կարելի ասել, նա նեղացող մարդ չի, զզվել է ուղղակի։ Հեղափոխությունից հետո ով թեկուզ կես ժամով Փաշինյանի ցույցերին մասնակցել է, դարձել են ուժեղ հեղափոխականներ ու իրենց մտքին ինչ կա, ամենահավայի խոսացածը ուղարկել են լրատվամիջոցներին՝ էդ մարդուն վարկաբեկելու համար»։

Վարդենիսի քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնեց, որ Արամ Հարությունյանը Հայաստանում չի․ «Նա մեկնել է Ֆրանսիա»։

Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ այդ պաշտոնում փոխարիներով 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին։ Այդ ժամանակ նա ՀՀԿ անդամ էր, սակայն հեղափոխությունից հետո հրաժարվեց հանրապետական կուսակցությունից։ Նա ՌԴ-ում բիզնես ու կապեր ունի։ Մինչև քաղաքապետ դառնալը նա սոցիալական աջակցության տարածքային գործակալության ղեկավարն էր։ Այս պաշտոնից նա հեռացավ, երբ իրավապահները ստուգումներ կատարեցին ծառայությունում ու չարաշահումների կասկածներ ունեցան։ Օրենքի համաձայն քաղաքապետը իր հրաժարականի դիմումը ներկայացնում է մարզպետին, իսկ մարզպետը դիմումը փոխանցում է ՀՀ վարչապետին, որն էլ եռօրյա ժամկետում քաղաքապետի պաշտոնակատար է նշանակում։