Փոքր նվիրատվություններն ավելացել են, մեծերը՝ պակասել

Փոքր նվիրատվություններն ավելացել են, մեծերը՝ պակասել

Սպասվում էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ համազգային դրամահավաքին, որը կայացավ անցած գիշեր՝ Լոս Անջելեսում, մարդիկ ոգեւորված հանգանակություններ կանեն, քանի որ նոր ժամանակներ են, հեղափոխություն է եղել, որին ամբողջ աշխարհի հայերն էին սպասում։ Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նախօրեին «խրախուսող» հանդիպում էր ունեցել գործարարների հետ, մանրամասն ներկայացրել հիմնադրամի ներդրումային ծրագրերը՝ Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծում, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացում, դպրոցների` արեւային էներգիայով սնուցման տեխնոլոգիաների ստարտափ եւ այլն։ Նաեւ խոստացել էր, որ «կառավարությունը չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը»։  Դրամահավաքի արդյունքը, սակայն, սպասվածից քիչ էր՝ մոտ 11 մլն 109 հազար դոլար, անցյալ տարվանից մոտ 1,5 մլն դոլարով պակաս։ Երկու բացատրություն կարող է լինել՝ նախ, որ Սերժ Սարգսյանի հավատարիմ «դոնորներն» այս անգամ ակտիվ չեն եղել, երկրորդը՝ որ Ռուսաստանից մուտքեր չեն եղել։ Ամերիկահայ բիզնեսմենների շրջանում կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանի հայ մեծահարուստները ՌԴ բարձրագույն իշխանավորների հրահանգով չեն մասնակցել մարաթոնին, չնայած պնդումներին, որ հայ-ռուսական հարաբերությունները «երբեք այսքան լավ չեն եղել»։ Այլ կարծիքների համաձայն, ռուսաստանաբնակ հայերը պարզապես չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։

 

ՀՀ նախագահն ապրելու է որդու բիզնեսի՞ հաշվին

ՀՀ բարձրագույն իշխանական էշելոնի ներկայացուցիչներն իրենց աշխատավարձերն են նվիրաբերել՝ օրինակ ցույց տալով քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ֆոնդից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն։ 500 հազար դրամ էլ՝ իր անձնական գումարներից: Երեւանի քաղաքապետն է մասնակցել։ ԱԱԾ աշխատակիցները «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել են 9 մլն 527 հազար 400 դրամ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր մեկ ամսվա աշխատավարձը չի խնայել եւ այս ամիս «յոլա է գնալու» կնոջ եկամտի հաշվին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւս ստիպված կլինի բարեկամների բիզնեսով ապրել, քանի որ իր կես տարվա աշխատավարձն է հանգանակել։

 

«Դա կազմում է մոտ 5,8 մլն դրամ,- հայտնեց նախագահի մամուլի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ - Առաջիկա վեց ամսվա աշխատավարձը նախագահը եւս կհանգանակի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։ Բայց ինչպե՞ս, եթե նա դեռեւս ապրիլին հայտարարել էր, որ հրաժարվում է իր աշխատավարձից՝ բարեգործական նպատակներով։ Հարցին Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց․ «Հանգանակությունը հիմնադրամին եւս բարեգործություն է»։ 

«Հայաստան» համահայկականի դոնորներից է եղել, ըստ հիմնադրամի մամուլի ծառայության, հին միլիոնատերերից Սամվել Ալեքսանյանն իր «Ալեքս հոլդինգով»՝ մոտ 200 հազար դոլար, «Գրանդ հոլդինգի» սեփականատերերը՝ 120 հազար դոլարով։ Հիմնադրամի մշտական դոնոր ռուսաստանցի Սամվել Կարապետյանից գումար չի ստացվել։

 Իշխան Զաքարյանի ընկերը՝ նվիրատուների թվում

Նվիրատուների թվում են Հայաստանում Չինաստանի դեսպանատունը (17 հազար 500 դոլար), իրանահայ բարերարներ Հենրիկ եւ Ադրինե Տեր-Ղուկասյանները (1 մլն 340 հազար դոլար) ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը (1 մլն դոլար), Իրանի հայ համայնքը (100 հազար դոլար)։

 

«Այս տարի խոշոր նվիրատվություններ ունենք Իրանից՝ 1 միլիոն 340 հազար դոլարի չափով, Հենրիկ Տեր-Ղուկասյանն է, մեր լավ բարերարներից մեկը՝ Անդրանիկ Բաղդասարյանը եւս այս տարի 1 միլիոն դոլար է նվիրաբերել: Ալբեր Բոյաջյանը՝ ԱՄՆ-ից, 1 միլիոն դոլար է նվիրաբերել, եւ արցախահայությունը՝ 1 միլիոն դոլար»,- ասել է հիմնադրամի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը։ 1 մլն տվող ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը Հայաստանում հայտնի է որպես  ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ընկեր։ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ՀԱԿ համակիր էր, որպես պատգամավոր՝ ԱԺ-ում հարց էր բարձրացնում, թե ինչ միջոցներով է Զաքարյանը կառուցել իր առանձնատունը։ Պատասխանել էր՝ Բոյաջյանն իր ընկերն է, նրա օգնությամբ։ Այսպես, նախկին իշխանության ընկերը նաեւ նոր իշխանության հետ է ընկերանում։ Բնականաբար, այս հանգանակությունն արվել է Զաքարյանի հորդորով եւ ակտիվ մասնակցությամբ։ Վերջին տարիներին Բոյաջյանը հիմնադրամին նվիրատվություններ չէր անում։

 Հանգանակությունը՝ որպես ՀՀ իշխանավորների վարկանիշի ցուցանիշ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, դեռ ՀՀՇ-ի ժամանակներից եկած ավանդույթով, տարվա սպասված իրադարձություններից էր։ Մարաթոնի ժամանակ խոստացված նվիրատվությունների չափով դատում էինք, թե որքան է Հայաստանի վարկանիշն աշխարհում։ Այս հիմնական հարցից էլ ածանցվում էր քաղաքականը՝ գործող իշխանության «ռեյտինգը»։ Մարաթոնի փողը նվազում էր արտագաղթի աճին համահունչ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին հավատը միջոցառման նկատմամբ՝ թեկուզ արհեստականորեն, պահպանվում էր։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, հատկապես Մարտի 1-ից հետո, մարաթոնը դադարեց ընկալվել որպես կարեւոր իրադարձություն։ Լրահոսում այն մղվեց հետին պլան։ 2008 թվականի նոյեմբերին, առաջին հետմարտիմեկյան մարաթոնին, Սերժ Սարգսյանը հույսը չդրեց սփյուռքի կամավոր նվիրատուների վրա եւ զարկ տվեց սեփական միլիոնատերերին, ինչի արդյունքում նվիրատվությունների ու խոստումների աստղաբաշխական թիվ ցույց տվեցին՝ 35 միլիոն դոլար։ 15 մլն դոլար միայն նվիրաբերել էր գործարար Սամվել Կարապետյանը։ Նվիրատվությունների պակասը հայաստանյան իշխանությունները փորձում էին լրացնել նաեւ վարչական ռեսուրսն օգտագործելով՝ պարտադրելով հիմնարկների ղեկավարներին հիմնադրամի համար պահումներ անել աշխատողների աշխատավարձից։ 2007-ին սրա կեսից քիչ էր հավաքվել՝ մոտ 15 մլն դոլար։ Հետագայում թվերը «թռչկոտում» էին։ Իշխանությունը հոգնեց թվախաղից, մարաթոնը դադարեց ՀՀ պատվի հարցը լինել։ «Եվրատեսիլն» անգամ ավելի շատ հետեւորդ ուներ, քան համահայկական մարաթոնը։ 2015-ի նոյեմբերին կատաստրոֆիկ ցածր արդյունք գրանցվեց՝ մոտ 10 մլն, 2016-ին՝ 15 մլն, այսինքն՝ վերադարձան 2007-ի ցուցանիշին, իսկ անցյալ տարի՝ 2017 թվականի նոյեմբերին, Լոս Անջելեսի մարաթոնի արդյունքը մոտ 12 մլն դոլար էր։ Մենք չենք անդրադառնում նպատակներին, որոնք հիմնականում վերաբերում են արցախյան ծրագրերին։ Նշենք միայն, որ խոշորագույն ծրագրերը՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը, որը 2000 թվականին սկսել է «Հայաստան» հիմնադրամը, եւ որն անցնում էր Ղարաբաղի հինգ շրջաններով եւ Ստեփանակերտի մոտ միանում Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, կառուցվեց հատվածաբար ու այդպես էլ չավարտվեց։

 Արա Վարդանյան․ «Նորմալ թիվ է»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կարծու է, որ նվիրատվությունների նվազումն էական չէ։ «Նույն թիվն է համարյա։ Նորմալ թիվ է։ Եթե նայել եք, տատանումներ մեր ժամանակ էլ եղել են։ Մի տարի 10 մլն է եղել, մի տարի՝ 12, 17 եւ այլն»։ Ըստ Ա․ Վարդանյանի, Ռուսաստանից միշտ մի քանի անուն է եղել։ «Վերջին մի քանի տարիներին միայն Սամվել Կարապետյանն էր Ռուսաստանից գումարներ հանգանակում, մի քանի այլ փոքր նվիրատվություններ էին լինում»։ Կարծիքներ կան, որ ՌԴ ղեկավարությունը չի թողնում, որ այդ երկրի գործարարները հիմնադրամին հանգանակություն անեն, կարո՞ղ է այդպես լինել։ «Ես էլ եմ կարդացել նման կարծիքներ,- ասաց Վարդանյանը,- չեմ կարծում, որ Ռուսաստանի հայերն այդքան կտրված են Հայաստանից։ Նրանցից շատերն այստեղ բիզնես ունեն եւ եթե ցանկանան, կարող են այստեղի ձեռնարկությունների անունով նվիրաբերություններ անել։ Ուղղակի կարծում եմ՝ ժամանակը քիչ էր, ժամանակի սղությունն է դեր կատարել։ Ռուսաստանի հետ դեռ կաշխատեն»։

Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը մի քանի տարի վարել է Լոս Անջելեսի մարաթոնները եւ փաստացի մարաթոնի օֆիցիալ դեմքն է։ Նրան խնդրեցինք պատասխանել, թե փոխվե՞լ է արդյոք մարաթոնի մթնոլորտը հեղափոխությունից հետո։ Նա պատասխանեց. «Հեռուստամարաթոնի որոշ ժամերի հեռախոսազանգերի քանակն անցած տարվա համեմատ 20 %-ով ավելի էր։ Սա, կարծում եմ, ցույց է տալիս, որ չնայած հիմնադրամի շուրջ աղմկոտ պատմությանը, այդ կառույցի հանդեպ վստահության խոր ճգնաժամ չկա։ Սա ամենակարեւորն է։ Հեռախոսազանգերի մեծ թիվը վկայում է, որ ավելացել են փոքր նվիրատվություններ։ Օրինակ, օրը մեկ դոլար, տարին 365 դոլար հանգանակությունները։ Այսինքն՝ «ազգային տուրք» վճարելու գաղափարը սկսում է ավելի մեծ տարածում գտնել մեր ոչ մեծահարուստ հայրենակիցների շրջանում»: