Սփյուռքի նախարարի ֆանտաստիկ պատկերացումները

Սփյուռքի նախարարի ֆանտաստիկ պատկերացումները

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ում երեկ մոռացանք հարցնել՝ արդյոք կարդացե՞լ է իրեն նվիրած «Տուր ինձ ձեռքդ, պստլո» գիրքը, «ֆանտաստիկ» պատկերացումներ ունի վարչական ռեսուրսի չարաշահման եւ աշխատանքային հանդիպումների անվան տակ քարոզչություն անելու մասին։ Իսկ երբ հարցրինք, թե ինչպես է անցկացնելու իր քարոզարշավը թիվ 1 ընտրատարածքում, որտեղ նա «Իմ քայլը» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու է, Հայրապետյանն ասաց․ «Գաղտնիք ա»։ Հետո շտկեց իրեն․ «Անակնկալ, անակնկալ… զուտ հաշվի առնելով PR որոշակի մեխանիզմներ՝ որոշել ենք դեռ չհրապարակել»։

- Ձեր դաշինքից ովքե՞ր են Ձեր մրցակիցներն այդ ընտրատարածքում։

- Հայկ Կոնջորյան, Մեսրոպ Պապիկյան, Կարեն Չիլինգարյան, Զարուհի Բաթոյան, Քրիստինե Պողոսյան։

- Ֆավորիտը Դո՞ւք եք, այսպես ասած՝ «ստավկան» Ձե՞զ վրա է դրված՝ որպես ռեյտինգային թեկնածուի։

- Լավ, էլի… 13 հոգու վրա է դրված, եւ հիմա Դուք կզարմանաք, եթե ասեմ, բայց բոլոր 12-ն էլ իմ թիմակիցներն են, յուրաքանչյուրի ձայնի համար ես ուրախանալու եմ։ Ընդհանրապես, եթե նույնիսկ բոլոր 13-ին էլ չքվեարկեն, զրո ձայն հավաքենք, բայց իմ քաղաքական թիմը հաղթի, դա ինձ համար մեծ հաղթանակ է։

- Իսկ ինչպե՞ս եք համոզելու ձեր տարածքի ընտրողներին, որ հենց Ձեզ ձայն տան, ոչ թե մյուսներին։

- Այ, տեսեք, դա էլ է գաղտնիք, ես հիմա սփյուռքի նախարարն եմ, ես չեմ ուզում հիմա նախընտրական ինչ-որ կոչերով հանդես գալ։

- Ի դեպ, այս օրերին շատ է քննադատվում, որ վարչապետը փաստացի աշխատանքային այցերի անվան տակ իրականում նախընտրական քարոզչություն է իրականացնում՝ դեռ քարոզարշավը պաշտոնապես չմեկնարկած…

- Ո՞վ քննադատեց։

- Տարբեր մարդիկ, տարբեր ընդդիմախոսներ…

- Հա, ինձ թվաց՝ թերթերը։

- Թերթերը՝ եւս։ Եվ դա համարեցին վարչական ռեսուրսի չարաշահում։

- Հա, այսինքն՝ նոր բան չի, վարչապետը, գիտեմ, սա եւս աննախադեպ է, մարդիկ դժվարությամբ են հավատում, որ երկրի ղեկավարը Հայաստանում կարող է այդքան մոտ լինել ժողովրդին, կարող է կարոտել եւ ցանկություն ունենալ շփվելու նրանց հետ։

- Նոր բան չի նաեւ այն, որ պաշտոնյաները, օգտագործելով իրենց դիրքը, գնում են աշխատանքային հանդիպումների եւ քարոզչություն են անում դրա տակ։

- Եղել է նախկինում նման բան, հիմա չկա, ի՞նչ քարոզչություն։

- Դե, հիմա էլ վարչապետը գնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ ելույթի ժամանակ ձեռքի հետ ասում է՝ ինձ ձայն տվեք։

- Չէ, ծանոթ չեմ, իսկապես ասում է՝ ինձ ձա՞յն տվեք։

- Չե՞ք լսել։

- Չէ, չեմ լսել, կլսեմ, նոր կմեկնաբանեմ։

- Դուք անելո՞ւ եք նման բան։

- Երկուշաբթի օրվանից՝ այո, անշուշտ, որպես թեկնածու։

- Այսինքն՝ վարչական ռեսուրսի չարաշահում չե՞ք տեսնում այստեղ, որ նախկին ավանդույթները շարունակվում են։

- Ոչ, իհարկե ոչ, դա մեր պարագայում ֆանտաստիկայի ժանրից է։

- Բայց տեսնում ենք, որ այդ ֆանտաստիկան իրականություն է այսօր։

- Դա Ձեր մեկնաբանությունն է, չէ՞…

- Ոչ, քաղաքական ուժերն են այդպես մեկնաբանում, փաստերն են այդ մասին խոսում։

- Եվ, ի դեպ, որ Դուք էդպես մեկնաբանում եք, ես զարմացած չեմ։

- Ես էլ։