Եթե էսպես շարունակվեց, ընտանիքիս հետ կհեռանամ Հայաստանից

Եթե էսպես շարունակվեց, ընտանիքիս հետ կհեռանամ Հայաստանից

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոս գյուղի բնակիչները օրեր առաջ փակել էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ճանապարհը և թույլ չեն տվել մտնել գյուղ:

Մարզպետին չընդունելու պատճառը մեկն է եղել՝ անարդարությունը: Թեժ զրույցի էին բռնվել մարզպետն ու երանոսցիները: Գյուղացիներին հարցերին չկարողանալով պատասխանել՝ մարզպետը հեռացել է:

Օրեր են անցել, սակայն Երանոսում կրքերը չեն հանդարտվել: Բանն այն է, որ Մարտունու ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթել է իրենց համագյուղացի վիրաբույժ Վիգեն Խաչատրյանը, սակայն հանձնաժողովը նրա ներկայացրած զարգացման ծրագիրը հավանության չի արժանացրել, և հանձնաժողովի 7 անդամներից 6-ը դեմ են քվեարկել նրան, եւ հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել: Մրցույթին մասնակից 5 թեկնածուները գրավոր՝ թեստային, և բանավոր՝ հարցազրույցի փուլերում կտրվել են:

Բժիշկ-վիրաբույժ Վիգեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե խորհրդարանական ընտրություններից հետո Գեղարքունիքի մարզպետ Սանոսյանը վերանշակվի մարզպետի պաշտոնին, ինքը մրցույթին չի մասնակցի, քանի որ հենց մարզպետի հորդորով է, որ հանձնաժողովի 6 անդամները դեմ են քվեարկել.

«6 հոգի ենք մասնակացել մրցույթին: Առաջին ՝ թեստային եւ երկրորդ՝ բանավոր փուլից կտրվեցին 5 մասնակիցները: Ես մենակ անցել եմ երրորդ փուլ: Այդ փուլում  նախնական զարգացման ծրագիր ներկայացրեցի, որից հետո նոր պետք է ներկայացնեի հիմնական ծրագիրը: Բացի այն, որ ես բժիշկ-վիրաբույժ եմ մասնագիտությամբ, աշխատել եմ մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ 3 տարի: Մարտ ամսին դուրս եկա աշխատանքից եւ ուզում էի ընտանիքիս հետ արտագաղթել: Ինքս անկուսկացական եմ, ինձ դուր չէր գալիս շատ բաներ: Սկսվեց հեղափոխական շարժումը, իմ մոտ հույս արթնացավ, եւ ես միացա շարժմանը: Ես էլ իմ ներդրումն եմ ունեցել այդ շարժամ մեջ: Բայց այս մրցույթից հետո հասկացա, որ նույն անարդարությունը շարունակվում է: 20 տարի դրա դեմ ենք պայքարել, հիմա էլ պայքարե՞նք»:

Ըստ Խաչատարյանի, նա Մարտունու ԲԿ-ի համար բարեգործական նպատակներով, բարերաների միջոցով դրամահավաք է կազմակերպել, եւ այդ գումարին սարքավորումներ են գնել հիվանդանոցի համար: Վերանորոգել է հիվանդասենյակներ, որ ե´ւ հիվանդանոցի, ե´ւ ժողովրդի համար լավ լինի. «Էնպես չի, որ աշխատանք չունեմ, ես միայն լավն եմ ուզում անել: Երբ ներկայացրել է զարգացման ծրագիրը, հանձնաժողովի անդամները ասացին, որ դուրս գամ, իրենք կողմնորոշվեն քվեարկության հարցում: Ես ընդամենը մի բան կարող եմ փաստել, որ մարզպետի օգնականը՝ Նարեկը, 2 անգամ մտավ քննական սենյակ, դուրս եկավ: Իր սենյակ մտնելը նա բացատրեց, որ հրատապ գործով է մտել: Երբ մտա սենյակ, քվեարկեցին 6-ը՝ դեմ, 1-ը՝ կողմ: Հանրապետականա-դաշնակցական հանձնաժողովի անդամները անարդարությունների շարունակում են: Բնակչության շրջանում դժգոհություներ առաջացավ, մարդիկ ինձ հարգում, սիրում, ընդունում են: Աշխատել եմ անշահախնդիր, ոչ մի սկանդալային պատմությունների մեջ չեմ եղել: Դրա համար բունտ հասունացավ:

Մարզպետը ճանաչողական այցով եկել էր Երանոս, գյուղացիները նրան շատ վատ ընդունեցին, որպես մարզպետ չընդունեցին, թողեց հեռացավ: Դրանից հետո միջպետական ճանապարհ փակեցին, անգամ որոշել էին գնալ մարզպետարան, պահանջել մարզպետի հրաժարականը: Ես նրանց բացատրեցի, որ այս պահին դրա անհարժեշտությունը չկա, քանի որ առջեւում ընտրություններ են, եւ դա կդիտվի որպես քաղաքական սաբոտաժ, որը դեմ ա իմ հեղափոխական գաղափարներին: Եթե ընտրություններից հետո Գնել Սանոսյանը մնա մարզպետ, ես բացարձակապես իմաստ չեմ տեսնում մրցույթին մասնակցելու: Եթե ես հաղթում եմ ու նրա հրահանգով դեմ են քվեարկում, ապա ի՞նչ արդարության մասին է խոսքը: Ցավում եմ, բայց էսպես շարունակվեց, ես 3 երեխաներիս ու կնոջս հետ, ով նույնպես բժշկուհի է, կհեռանանք Հայաստանից»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:

Երանոսցիներն էլ ասում էին, որ չեն դադարի պայքարելուց, ընտրություններից հետո կտեսնեն երանոսցիների ուժը: Նրանք որոշ մանրամասներ պատմեցին հանձնաժողովի անդամների մասին, որոնք ՀՀԿ-ականներ են, եւ իրենց սեւ գործը մինչեւ օրս անում են. «Փոքր ռայոն ա, բոլորս էլ մեկը-մյուսին ճանաչում ենք: Հանձնաժողովի անդամներից մեկը՝ ՏԻՄ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանն է, ով անասնաբույժ է, վերջերս էլ աղջկան տեղավորեց մարզպետարան աշխատանքի: Մյուս անդամը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյան է, ով գրքերի խանութ ունի, եւ դպրոցներին տետրեր եւ ձեւաթղթեր է մատակարարում, այդպիսի գործարքների մեջ է: Բացի դա, նաեւ վիճաբանությունների մասնակից, եթե չենք սխալվում քրեական գործել կա վրան:

Մյուս անդամը զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանն է, Վարդուշը, ով ըստ շրջանառվող լուրերի դպրոցներում 1-3-րդ դասարանների «տաք սնունդ» ծրագիր շրջանակներում տնօրեններից «նալոգ» է հավաքում:

Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյան, թունդ Հանրապետական, անցած տարի ցուցակներ ձեռքը ՀՀԿ-ի համար 10 հազար դրամ գումար էր բաժանում: Երբեւիցե աուդիտ արվե՞լ է մարզպետարանի այս բաժնում, թե ո՞ւր են գնում օգնությունները: Ահա այսպիսի մարդկանցից արդարությո՞ւն ենք պահանջում, իսկ մարզպետի հետ մենք դեռ կհանդիպենք»,-ասացին երանոսցիները: