Լծվեք իրական, խորը բարեփոխումների գործին բոլոր ոլորտներում 

Լծվեք իրական, խորը բարեփոխումների գործին բոլոր ոլորտներում 

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

- Մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից, իսկ ամսվա վերջին տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նոր կառավարության օրոք մարտի 1-ի գործով կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցվել նախկին վարչակարգի մի շարք կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ։ Խոսվել է նաեւ անցումային արդարադատության մասին։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մեր իրավապահ համակարգի գործունեությունն արդարացրել հանրության սպասելիքները։ Ինչպե՞ս պետք է կիրառվի անցումային արդարադատությունը, որպեսզի տնտեսությունն ու դատական համակարգը ցնցումներ չապրեն։

-Կարծում եմ, հանրության սպասելիքները մասամբ են բավարարված, քանի որ դրանք շատ մեծ էին և մասամբ՝ ոչ իրատեսական։ Այն, որ հեղափոխական գործելաոճը չտեղափոխվեց դատաիրավական համակարգ,  լավ է՝ չեն վտանգվում իրավական երկիր դառնալու մեր ծրագրերն ու իղձերը։ Լավ է նաև,  որ իշխանությունը չի միջամտում դատարանների գործերին։ Բայց վատ է, որ դանդաղում են կամ չկան սպասված բարեփոխումները այդ նույն համակարգերում։ Սերժաքոչարյանական հանցավոր ռեժիմների կարևոր հենասյուներից էին կոռուպցիայի մեջ թաղված ոստիկանությունը, դատախազությունն ու դատարանները։ Եթե այդ մարմիններում չիրականցվեն էական բարեփոխումներ, նոր մոտեցումներով ու չափանիշներով չթարմացվի կադրային կազմը, ինչպե՞ս կարող ենք հույս ունենալ, որ մյուս ոլորտներում արմատախիլ կարվի կոռուպցիան, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն նախորդ տարիներին երկիրը թալանածներն ու մարդկանց հալածողները։ Որպես ելք ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով անհարկի, կարևորվել է ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը այն ոլորտներում, որտեղ հետախուզությամբ ու հակահետախուզությամբ զբաղվելու կաչված մարմինը անելիք չունի։  Որպես մեկ այլ ելք քննարկվում է անցումային արդարադատություն կիրառելու ուղին։ Քննարկումներին դեմ չեմ, գուցե գտնվի քաղաքացիների զանգվածաբար խախտված իրավունքների դիմաց արագ և արդար փոխատուցում տալու ուղի, կամ նախորդ տարիների ահռելի չափերի թալանը բացահայտելու և գողացվածը պետությանը վերադարձնելու արդյունավետ խողովակ, բայց ես շատ ավելի մեծ կարևորություն եմ տալիս վերը նշածս բարեփոխումների իրականացման խնդրին։

-Թավշյա հեղափոխությունից հետո նախկինում ընդդիմադիր մի շարք ուժեր լքել են քաղաքական ասպարեզը։ Այսօր կառավարությանը քննադատողի դերում հանդես են գալիս ռեւանշի ձգտող ՀՀԿ-ականներն ու նախկին վարչակարգին սպասարկող ուժերը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ժամկետներում կարող է ձեւավորվել նոր ընդդիմությունը, որը կունենա նաեւ հստակ գաղափարախոսություն։ Ո՞րը պետք է լինի այդ գաղափարախոսությունը։

-Հասարակական զարգացումները կանխատեսելը բազմաթիվ անհայտներով բարդագույն խնդիր է, ես այդպիսի պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի ու, առավել ևս, ժամկետներ նշել չեմ կարող։ Ռևանշիստներին հայտնի խորհուրդը կտամ՝ թող հանգիստ նստեն իրենց տեղը։ Իսկ եթե լուրջ, ապա համոզված եմ, որ այդ մարդիկ, իրենց սեփական գործունեությամբ, կեղտոտ քարոզչության վրա ծախսած միլիոններով ու մերձքաղաքական ճամարտակություններով հանդերձ, օրինական ճանապարհով հաջողության հասնելու ոչ մի շանս չունեն։ Եթե նույնիսկ այսօրվա իշխանությունները կորցնեն իրենց ներկա բարձր վարկանիշը, տարակուսելի է, թե ինչո՞ւ պիտի քաղաքացին ապագա արդար ընտրություններում ընտրի ոչ թե ավելի լավին, այլ ավելի վատին։ 
Իսկ գաղափարախոսությունների մասով ասեմ հետևյալը։ Դասական առումով գաղափարախոսական պայքարը իրականանալի կդառնա միայն մեր երկրի ինքնիշխանությունը լիակատար վերահաստատելուց ու պատերազմական իրավիճակից դուրս գալուց հետո։ Իսկ մինչ այդ անխուսափելի են այլ տեսակի սկզբունքային բաժանումներն ու վեճերը՝ պատերազմ, թե՞ խաղաղություն ամեն գնով, հավերժ գաղութարարի հետ, թե՞ ազատ ու ինքնիշխան, Արցախը մարզ է, թե՞ անկախ պետություն և այլն։

- Իշխանությունների մի շարք քայլեր՝ սրճարանների ապամոնտաժում, Ալ․ Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնի տնօրենի փոփոխություն եւ այլն, ուղեկցվում են հանրային դժգոհություններով։ Մյուս կողմից էլ՝ կան դժգոհություններ, որ որոշ դեպքերում իշխանությունները կատարում են պոպուլիստական քայլեր։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է կառավարությունը խուսափի պոպուլիզմից, մյուս կողմից էլ՝ ծայրահեղ հեղափոխականությունից։

-Այդ մասնավոր դեպքերը ես չէի անվանի հանրային դժգոհություններ։ Առանձին, յուրահատուկ շահերով միավորված խմբերի բողոքներ են, ինչն ազատ, ժողովրդավարական երկրում նորմալ բան է։ Շատ կարևոր է, որ իշխանությունները միշտ երկխոսության մեջ են թե՛ այդ խմբերի, թե՛ ողջ հասարակության հետ և, ինչպես տեսանք որոշ դեպքերում, համարձակություն էլ ունեն ընդունելու իրենց սխալները և շտկելու որոշումները։ Իսկ կառավարությանը միայն մեկ խորհուրդ ունեմ տալու՝ լծվեք իրական, խորը բարեփոխումների գործին բոլոր ոլորտներում։