Ո՞վ է նա
Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը մամուլին ասել է, որ Դաշնակցությունը գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուի հարցը կքննարկի շրջանային ժողովում: Այն, հավանաբար, կհրավիրվի աշնանը: ՀՅԴ Արցախի կառույցի արդեն երկրորդ պատասխանատու ներկայացուցիչն է ասում՝ բացառված չէ, որ իրենք նախագահի թեկնածու առաջադրեն ոչ կուսակցական մեկին: Ավելի վաղ, մինչդեռ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարն ասել էր, որ իրենք նախագահի երեք-չորս թեկնածու ունեն: Երեւում է, Դաշնակցության արցախյան կառույցում այդ հարցի շուրջ դեռեւս միասնական տեսակետ ձեւավորված չէ: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ Արցախի կազմակերպության համար էլ եկել են դժվար ժամանակներ:
Նախորդ խորհրդարանական ընտրություններում Արցախի դաշնակցական կառույցն զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով ԱԺԿ-ից: Ներկայումս Ազգային ժողովում Դաշնակցությունն ունի թվաքանակով երկրորդ խմբակցությունը, ինչպես նաեւ՝ ներկայացուցիչներ գործադիր իշխանությունում: Այնուհանդերձ, ՀՅԴ Արցախի կառույցի նախորդ խորհրդարանական ընտրությունների հաջողությունը մեծ մասով պայմանավորված էր նրանով, որ Արթուր Աղաբեկյանը փոխվարչապետ էր եւ կոորդինացնում էր ամբողջ կազմակերպչական աշխատանքը: Տեղեկություններ կան, որ Աղաբեկյանը ներկայումս հեռացել է Դաշնակցությունից: Այդ է, թերեւս, պատճառը, որ նախագահի թեկնածու է փնտրվում ոչ կուսակցական շրջանակներում:
Ըստ Ստեփանակերտում համառորեն շրջանառվող լուրերի, Դաշնակցության տեղական կառույցը նախագահի հավանական թեկնածու է տեսնում արտգործնախարար Մասիս Մայիլյանին եւ վերջինիս հետ պարբերական խորհրդատվություններ է անցկացնում: Մեծ է հավանականությունը, որ նախագահի ոչ կուսակցական թեկնածու ասելիս արցախցի դաշնակցականները նկատի են ունենում հենց Մասիս Մայիլյանին: Մայիլյանն արտգործնախարարի պաշտոնում նկատելի աշխուժություն է հաղորդել Սփյուռքի կառույցների հետ համագործակցությանը եւ այդ շրջանակներում ճանաչված ու բավականին ընդունելի դեմք է:
Ըստ երեւույթին, հենց այս հանգամանքն էլ արցախցի դաշնակցականներին մղում է նրա հետ համագործակցության, կամ էլ, բացառված չէ՝ Սփյուռքի կառույցներն են ՀՅԴ Արցախի կազմակերպությանը մատուցում Մայիլյանի թեկնածությունը: Որքանո՞վ է իրատեսական, որ շրջանային ժողովն ընդունի նախագահի պաշտոնում ոչ կուսակցական թեկնածու առաջադրելու որոշում եւ այդ պաշտոնի համար առաջադրի Մասիս Մայիլյանին՝ հավանականության ոլորտից հարցադրում է: Ավելի առարկայական է մտահոգությունը՝ այդ ռեսուրսով եւ առանց վարչական օժանդակության Դաշնակցությունը կհաղթահարի՞ խորհրդարանական ընտրությունների հինգ տոկոսի շեմը, թե՞ նրան նույն ձախողումն է սպասվում, ինչ Հայաստանում:
Կարծիքներ