Մեր ընտանիքը թիմային մտածելակերպ չունի. «Ցայգ»-ի տնօրենը՝ պատգամավոր դստեր հայտարարության մասին

Մեր ընտանիքը  թիմային մտածելակերպ չունի. «Ցայգ»-ի տնօրենը՝ պատգամավոր դստեր հայտարարության մասին

Գյումրու «Ցայգ» հեռուստատեսությամբ ցուցադրվող կրոնական հաղորդումներից մեկը մի քանի օր է բուռն քննարկման թեմա է դարձել: Անհատներ եւ կազմակերպություններ հաղորդումը դիտարկում են որպես աղանդավորության սերմանում:

Ուշագրավը, սակայն, «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դստեր՝ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ իր ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունն է: Պատգամավորը նշում է,որ «Ցայգ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող կրոնական հաղորդումն անհարկի շահարկումների պատճառ է դարձել որոշ խմբերի եւ շրջանակների կողմից՝ կապելով այդ երեւույթն իր անձի հետ: 

«Հայտնելով իմ պաշտոնական դիրքորոշումը՝ կարծում եմ, որ տվյալ հաղորդումը խտրականություն է քարոզում, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Ուստի հեռուստաընկերության տնօրինությանը, սեփականատերերին ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկում եմ վերանայել տվյալ հաղորդման հեռարձակումը»,- նշել է նա:Ստացվում է,որ պատգամավոր դուստրը դեմ է արտահայտվել  այն   հեռուստաընկերությանը,որի տնօրենը մայրն է:

Hraparak.am-ը հաղորդաշարի շուրջ ստեղծված աղմուկի եւ Նազելի Բաղդասարյանի գրառման հետ կապված զրուցեց «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի հետ: Վերջինս հաղորդաշարի հետ կապված տեղեկացրեց, որ շուտով հեռուստաընկերությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ, իսկ ինչ վերաբերում է դստեր մոտեցմանը, ասաց. «Մեր ընտանիքում երբեք թիմային մտածելակերպ չի եղել: Անգամ ընտրություններին  յուրաքանչյուրս մեր ձայնը տվել ենք նրան,ում ուզել ենք:Նազելին՝ որպես պատգամավոր, պարտավոր է հանդես գալ պաշտոնյայի դիրքերից,պաշտպանել իր ընտրողների շահերը,ինչը  ես նորմալ ու բնական եմ համարում: Հեռուստատեսությունում աշխատելու  ժամանակ  նույնիսկ մեր դիրքորոշումները  չեն համընկել: Ես իմ  երեխաներին ազատ եմ մեծացրել՝ իրենց մտածելակերպի եւ տեսակետներն արտահայտելու մեջ: Հիմա էլ տարօրինակ ոչինչ չկա»:

Նշենք, որ հաղորդման դեմ հայտարարությամբ է հանդես եկել նաև Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը՝ասելով . «Ցավով ստիպված ենք արձագանքել «Ցայգ» հեռուստաընկերության եթերով վերջին օրերին սկսված աղանդավորական քարոզին, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հեռարձակվելու է ամենօրյա պարբերականությամբ ու տևական ժամանակով։ Սա շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ հայկական՝ առանց այն էլ ապականված հեռուստաեթերի համար։ Անկախ նրանից, թե որ կրոնական կառույցի հետ գործ ունենք, անթույլատրելի ենք համարում պատերազմող Հայաստանի պայմաններում նմանատիպ հեռարձակումները, քանի որ դրանք ուղղակիորեն խփում են թե հայոց բանակին, թե ազգային արժեհամակարգին ու թե հայկական ընտանիքին։

«Ազգային արժեք» ակումբն իր մտահոգությունն է հայտնում այս թեմայի կապակցությամբ՝ ակնկալելով, որ խնդիրը շատ արագ կլուծվի ոչ միայն «Ցայգ» հեռուստաընկերության ղեկավարության խոհեմության, այլև գյումրեցիների պատվախնդրության արդյունքում։ Անտարբերությունն այս հարցում կարող է բերել լրջագույն հետևանքների»։