Պետությանը միլիոնների վնաս պատճառելով՝ պահանջում են արտոնություններ

Պետությանը միլիոնների վնաս պատճառելով՝ պահանջում են արտոնություններ

Այսօր՝ հունիսի 26-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մետաղ արտահանող ՔԱՊ ընկերության բաժնետեր Արման Հարությունյանը և մի քանի այլ ընկերությունների ներկայացուցիչներ հայտարարեցին, թե իբր իրենք հազարավոր աշխատատեղեր են ստեղծել և եթե պետական տուրքը վճարեն արտահանելուց, ապա չեն կարողանա գործունեություն ծավալել և այդ աշխատատեղերը կփակվեն:

Նշենք, որ ՀՀ-ում գործող պետական տուրքի  օրենքի 20-րդ հոդվածով սահմանված է, որ մետաղ, մետաղի ջարդոն ՀՀ-ից արտահանելիս պետք է վճարվի տուրք՝ 1 տոննայի դեպքում 80 000 ՀՀ դրամի չափով: Տուրքի նպատակն է այնպես անել,  որ Հայաստանում գործող ձուլարանները կարողանան բնականոն աշխատել, ինչպես նաև հումքն օգտագործվի հենց Հայաստանում և դառնա արտադրանք, որից հետո նոր արտահանվի այլ երկրներ: Փաստացի, այս ընկերություններն, արտահանելով մետաղի ջարդոնն այլ երկրներ, վնասում են ոչ միայն Հայաստանի տնտեսությանը, այլ նաև իրենց ծավալած գործունեության արդյունքում բազմաթիվ հարկեր հոսում են այլ երկրներ:
Այս ընկերությունները տարբեր մանիպուլյացիաների միջոցով հաջողացրել են խուսափել պետական տուրքի վճարումից, ինչի արդյունքում ստանում են գերշահույթ՝ վնասելով մետաղաձուլարաններին և չվճարելով հարկերը:
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՔԱՊ ընկերության բաժնետեր Արման Հարությունյանը նաև նշեց, թե իրենք վեց ամսվա ընթացքում հազարավոր աշխատատեղեր են բացել, սակայն պարզվեց, որ այդ ընկերությունում ընդամենը 1 հոգի է աշխատում՝ այն էլ տնօրենն է:

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չեն վճարում զինվորների ապահովագրության հիմնադրամի 1000 դրամ վճարները, եթե հազարավոր աշխատակից ունեն, ՔԱՓ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ քանի հոգի աշխատում է , այդքան էլ վճարում են: Սակայն, Զինվորների ապահովագրության հիմնադրամ ընկերության կողմից որևէ վճարում  չի կատարվել և ստացվում է, որ այդ ընկերությունն ունի ընդամենը մեկ աշխատող՝ տնօրեն: Այդ մեկ աշխատողով մայիս ամսին ընկերությունն արտահանել է 1311 տոննա մետաղի ջարդոն և պետք է վճարեր 104 880 000 ՀՀ դրամ պետական տուրք, որը, սակայն չի վճարել՝ ներկայացնելով մետաղե բրիկետները որպես արտադրանք, այլ ոչ թե հումք, այնինչ  դա նույն հումքն է՝ ուղղակի սեղմած վիճակում:

Ինչ վերաբերում է մյուս ընկերությանը՝ Լյուսի-Արեգ ՍՊԸ-ին, ապա վերջինս ունի ընդամենը 8 աշխատող, և միայն մայիս ամսվա ընթացքում արտահանել է 511 տոննա մետաղի ջարդոն՝ չվճարելով 40 880 000 ՀՀ դրամ տուրք:
 Ասուլիսին մասնակցող մյուս ընկերությունը՝ Տեխնոսնաբն էլ ունի ընդամենը 10 աշխատող:
Փաստացի, ստացվում է, որ 19 աշխատող ունեցող 3 կազմակերպություններ պետությանը պատճառում են ամսական ավելի քան 145 760 000 ՀՀ դրամի չափով վնաս: Այս ընկերությունները ոչ միայն  խուսափում են պետական տուրքի վճարումից, այլ նաև մեծապես վնասում մետաղագործական ոլորտին, որը Հայաստանի տնտեսության համար բավականին լուրջ ճյուղ է, քանի որ նրանց կողմից առանց տուրքերի վճարման արտահանված հումքն այլ երկրներում վերածվում է արտադրանքի՝ ամրաններ և այլն, և ավելի թանկ գնով ներմուծվում Հայաստան: Այս կազմակերպությունների նման գործելաոճի արդյունքում Հայաստանում գործող ձուլարանները, որոնք իրականում ունեն հազարավոր աշխատատեղեր, կարող են կանգնել փակման եզրին: