Ռ․Քոչարյանը բանկային գործարք կատարելիս է իմացել, որ իր գույքի վրա կալանք է դրված

Ռ․Քոչարյանը բանկային գործարք կատարելիս է իմացել, որ իր գույքի վրա կալանք է դրված

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով այսօր դատական նիստին Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը նախ ներկայացրեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հաշիվների վրա կալանք դնելու հանգամանքով դատարանը արձանագրել է իրավունքների խախտում: 

Ապա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին հայտնի է դարձել կալանքի մասին այն ժամանակ, երբ բանկային գործարք կատարելիս առաջացել է արգելք․ «Այնուհետեւ դիմել ենք քննիչին այդ հարցով, քննիչը տրամադրել է որոշումը: Վարույթն իրականացնողն մարմինը իր լիազորությունները մի կողմ է թողնում, եւ մոտավորապես է մոտենում գործին՝ ըստ անհրաժեշտության, ըստ տրամաբանության: Էլ չեմ  ասում, որ դատավարական որոշման մեջ հստակ արձանագրվել է, որ Լեւոն Քոչարյանը չի տալիս իր համաձայնությունը, որ այդ գույքը առգրավվի»: 

Ներկայացուցիչը նաեւ նշեց, որ չի հասկանում՝ նախաքննական մարմնի ինչի՞ն է պետք Քոչարյանի նույնականացման քարտը․ «Չեմ պատկերացնում վարույթն իրականացնողի մարմնին ինչի՞ն է պետք նույնականացման քարտը, կարելի է ընդունել, որ սխալ է կատարվել: Մանավանդ, որ նշված առարկաները քրեական գործի հետ չեն ուղարկվել դատարան»:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։