Լքվածների խմբագրություն

Լքվածների խմբագրություն

 


Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Հրապարակի» խմբագրությունն անտեր է մնացել․ մեր խմբագիրը 11 տարվա մեջ առաջին անգամ բացակայում է երկրից։ Ասել, որ մեզ դժվար էր առանց խմբագրի, նշանակում է՝ ոչինչ չասել։ Չնայած որ մեկնելուց առաջ թվում էր, թե բոլոր խորհուրդները տրված են, բոլոր մանրուքները՝ քննարկված, առաջին օրն իսկ պարզվեց, որ ոչինչ չենք հասցնում։ Էջադրողի եւ սրբագրիչի աշխատանքի գալու ժամին ոչինչ պատրաստ չէր, նյութերն ընտրված եւ կարդացված չէին, թերթի էջերը բաշխված չէին, նկարներ չունեինք։ Ի պատիվ «Հրապարակի» լրագրողների՝ պետք է ասեմ, որ ամբողջ թիմը պատրաստ էր մինչեւ կեսգիշեր աշխատել, միայն թե չձախողենք թերթը։ Վահե Մակարյանը հերոսաբար փակեց 2-րդ էջը, Լուսինե Շահվերդյանը՝ 3-րդը, իսկ 7-րդ էջն իր վրա վերցրեց Սոնա Ադամյանը, մնացած էջերը բաշխեցինք ներսի եւ դրսի հեղինակների միջեւ․ ամեն մեկն իր ավանդն ունեցավ այդ օրը թերթը փակելու գործում։
Բարեբախտաբար, խմբագրական գրված էր, չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեինք, եթե չլիներ։ Միհրանը՝ մեր էջադրողը, համարակալեց էջերը եւ տվեց անոնսները, վերջապես ի մի բերեցինք առաջին համարը՝ առանց Արմինե Օհանյանի։
Եթե այս քաոսին գումարենք տպարանի՝ 00։30-ին փակվելու փաստը, կստանանք «Հրապարակի» խմբագրության մթնոլորտը։ Զուգահեռ աշխատում էինք կայքի վրա ու հաջորդ օրվա համար հետաքրքիր թեմաներ փնտրում։ Այդ գիշեր, չնայած անմարդկային հոգնածությանը, ինձ չհաջողվեց քնել, պատասխանատվությունը, ինֆորմացիայի հսկայական ծավալը եւ 16 ժամ համակարգչի դիմաց լինելն այնքան էլ չեն նպաստում հանգիստ քնին։ Հաջորդ օրերին քաոսը մի փոքր պակասեց, բայց ոչ աշխատանքի ծավալը։ Երեկ վերջին օրն էր, այսօր խմբագիրը կվերադառնա, եւ մենք կկարողանանք շունչ քաշել։ Միակ հարցը, որ տանջում է ինձ՝ ինչպե՞ս է հաջողվում մի կնոջ տարիներ շարունակ այսքան գործ անել։