Հիմա էլ հնդիկ ուսանողներն են բողոքում․ ոչ պետական բուհերի ոդիսականը

Հիմա էլ հնդիկ ուսանողներն են բողոքում․ ոչ պետական բուհերի ոդիսականը

«Ազատություն» ռադիոկայանը վերջերս  եթեր էր  հեռարձակել մի ռեպորտաժ, որում հնդիկ ուսանող Աբիշեկ Քարտիկը պնդում է, թե «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանում  ապօրինություն է տեղի ունեցել․ իրենից եւ իր նման 70 հնդիկ երիտասարդներից  տեղափոխության, կացարանի  եւ ուսման վարձի համար ավելի քան 4000 ԱՄՆ դոլար են վերցրել, սակայն իրենց մասնագիտությամբ դիպլոմ չեն ստանալու։  Պարզվել է, որ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանը «Բուժական գործ» մասնագիտությամբ պետական դիպլոմ տալ չի կարող։

Նախորդ տարիներին էլ  Իսրայելից  եղան բողոքներ Հայաստանի ոչ պետական բուհերից, նրանց տված ոչ որակյալ կրթությունից,  սակայն դրանք մամուլի հրապարակումներից զատ՝ այլ ընթացք չունեցան։

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարությունից հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ են  պարզել, թե որ բուհերը կամ  որ մասնագիտությունները  չունեն լիցենզիա։

Նախարարի վերանշանակված տեղակալ Գրիշա Թամրազյանը, ի պատասխան մեր հարցի, նախ տեղեկացրել է, որ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն (այսուհետեւ համալսարան), որը հանդիսանում է «Մխիթար Գոշ» համալսարանի իրավահաջորդը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 1996թ․ դեկտեմբերի 12-ին։
Ըստ մեզ հղված պատասխանի՝ կրթության եւ գիտության նախարարի 2002թ․ օգոստոսի 22-ի  N280-Մ հրամանով համալսարանին տրվել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով մի շարք մասնագիտությունների գծով N137 լիցենզիա։ Իսկ նախարարի 2002թ․ հոկտեմբերի 17-ի N517-Մ հրամանով համալսարանին տրվել է պետական հավատարմագիր՝ N025: 

Պարզվում է, որ համալսարանի գործունեության ընթացքում նրան են միավորվել «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը եւ «Միջազգային կրթության ժամանակակից համալսարանը»։ «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագիտությունները իրավահաջորդության սկզբունքով փոխանցվել են համալսարանին, արդյունքում համալսարանում գործում են բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով՝ «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունները, որոնցից հավատարմագրված են  «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը եւ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ «Քույրական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունները։ 

Միավորված նախարարությունից մեզ արձագանքել են նաեւ, որ՝ «Կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներով եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2014թ․ սեպտեմբերի 5-ի N872-Ա/Ք հրամանով համալսարանին տրվել է բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, մի շարք մասնագիտությունների գծով, այդ թվում՝ «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա՝ սերիա Բ N 0012 (Երեւանի մասնաճյուղ) եւ մի շարք մասնագիտությունների գծով, այդ թվում առկա ուսուցմամբ՝ «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեության լիցենզիա՝ սերիա Բ N 0013 (Վանաձորի մասնաճյուղ) եւ մագիստրոսի կրթական ծրագրով, մի շարք մասնագիտությունների գծով, այդ թվում առկա ուսուցմամբ, «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների  գծով գործունեության լիցենզիա՝ սերիա Մ N 0012 (Երեւանի մասնաճյուղ) եւ մի շարք մասնագիտությունների գծով, այդ թվում «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեության լիցենզիա՝ սերիա Մ N0013 (Վանաձորի մասնաճյուղ)։

Նախարարությանն ուղղված մեր հաջորդ հարցը հետեւյալն էր․ «Քանի որ ոչ պետական բուհերի հետ կապված անցած եւ նախանցած տարիներին  էլ եղել են նման ահազանգեր արտասահմանցի ուսանողների կողմից, ԿԳՆ-ն այս  ընթացքում ի՞նչ չարաշահումներ է հայտնաբերել։ Խնդրում եմ  ներկայացնեք կոնկրետ փաստեր»։ 

«ՀՀ-ում առանց լիցենզիայի առկայության գործող պետական եւ ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն չկա, այլ խնդիր է որոշակի մասնագիտությունների գծով հավատարմագրի առկայությունը, որն առկա է վերոհիշյալ համալսարանի դեպքում՝ «Բուժական գործ» մասնագիտության գծով։ Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողությանը, ապա այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավասություններից դուրս է․ այդ խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն»,- պատասխանել են մեզ նախարարությունից։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը, եթե հերթական անգամ ոչ պետական բուհերի գործունեության հետ կապված արտերկրից ահազանգ ստանանք։