Սև շորերս ո՞ւմ նվիրեմ…

Սև շորերս ո՞ւմ նվիրեմ…

Ինձ համար պատշգամբում սուրճ էի խմում, մեկ էլ մեր հարևան Շմավոնի կինը, ամոթ էլ է ասել, մի խալաթով դուրս թռավ իրենց պատշգամբ ու գոռաց.

-Շմավո՛ն, Շմավո՛ն, այ սրտամեռ, շուտ տուն արի…

Շմավոնը ներքևից.

-Խի՞, ախչի, գործից ուշանում եմ…

-Արի ասում եմ, արի` շորդ փոխի:

-Լավ կանես` դու շորդ փոխես, էդ ո՞նց ես բալկոն դուրս եկել…

Շմավոնի կինն իրեն մի քիչ հավաքեց ու դարձավ ինձ` լսեցի՞ր Փաշինյանին:

-Չէ:

-Վա՛յ, էսօրվանից արգելել են փողոց դուրս գալ սև շորերով:

-Ի՞նչ…

Նայեցի ներքև` Շմավոնին` սև անդրավարտիք, սև կարճաթև շապիկ, սև մազեր, ինքն էլ` թխադեմ:

-Երևի ուրիշ բան է ասել Փաշինյանը, սխալ եք հասկացել, տիկին Շողեր:

-Չէ, ի՞նչ սխալ, Օսիպյանին էլ հրահանգեց սև հագածներին տեղում բռնել և ուղարկել ուր որ հարկ է… Շմավո՛ն, գալիս ե՞ս, այ մարդ, մի քիչ արագ քայլիր, արի շորերդ փոխիր:

Շմավոնը քայլերն արագացրեց, իսկ ես մտա ներս` այդ «սև» լուրը ստուգելու:

«Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն: Եվ եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին…»,- Յա՛ա՛ա՛… Շարունակում եմ լսել. «Եվ ես այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»։ Հա, էլի, Շողերը ճիշտ էր ասում: Չէ, բայց ոնց որ հանցավոր սևազգեստ խմբերին նկատի ուներ… Խեղճ Օսիպյան, պետք է սևազգեստ մարդ տեսնի, հետևի, մինչև որ նա հանցանք գործի ու հոպ` բռնի ու «բաբչկա» կապի սև բլուզին: Ասում է` տեղորոշեք:

Օսիպյանը, այո, արդեն սովորել է սալյուտ խփողներին տեղորոշել: Ճիշտ է, մինչև հասնում է որոշված տեղը, սալյուտ խփողները փախչում են, բայց դա չէ հարցը: Կարևորը ճիշտ տեղորոշելն է, մանավանդ սևազգեստ քաղաքացիներին: Էն էլ կա, որ Օսիպյանն այլևս առաջվա միամիտը չէ: Էլ ինչո՞ւ չարչարվել, տեղորոշել, ֆլան, ֆստան: Սև շոր կա՞ հագին` բերման կենթարկի, սև շորը կհանի և կներկայացնի վարչապետին` շեֆ ջան, ըհը, մի հոգու արդեն տեղորոշել եմ ու բռնել:

Բայց սպասեք, ոնց որ ԱԱԾ-ի անունն էլ տվեց Փաշինյանը: Հետ տվի տեսագրությունը: Վայ քու, արա, էս ի՞նչ ա ասում Վանեցյանին. «Պա՞րզ է խնդիրը»: Վանեցյանն էլ, թե` հա: Հերթով զանգեցի բոլոր ծանոթներիս, որ սև շորերով դուրս չգան, իսկ եթե արդեն դուրս են եկել, մոտակա խանութից մի սպիտակ բան առնեն ու շուտ հագնեն: Մարդիկ զարմանում էին` խ՞ի, ախպեր, էսօր հո ապրիլի 1-ը չի …
-Բացատրելու ժամանակ չունեմ, Փաշինյանն է կարգադրել, անձամբ Վանեցյանին, էսօրվանից բռնոցին սկսվելու է:

Հիմա նստել ու մտածում եմ, որ նստելով բան դուրս չի գա: Բա ի՞նչ անեմ, ախր ինձ բոլորը ճանաչում են որպես կատարյալ սևի, այսինքն` հակահեղափոխականի: Իմ շորերի մեծ մասն էլ, հակառակի պես սև է: Չէ, պետք է շարժվել: Զգեստապահարանի դարակից ծաղկավոր «պիժամաս» հանեցի, հագա, ինչքան սև շոր ունեի` խնամքով դասավորեցի մի մեծ տոպրակի մեջ ու իջա «գարաժ», որ այնտեղ թաքցնեմ տոպրակը: Մտածում էի` Օսիպյանը չի կարող տեղորոշել բոքսի հեռավոր անկյունի խորշը: Այնտեղ էլ կպահեմ: Շքամուտքում հանդիպեցի շորերը փոխած Շմավոնին, որի խորդուբորդ դեմքը նմանվել էր մեր «պադյեզդի»` գաջը թափված պատին:

-Բարև Շմավոն, էս ի՞նչ ծաղկավոր բլուզ ես հագել, տեղ ես հրավիրվա՞ծ:

-Քո սիրտը չունեմ: Հիմա էս ապուշ տեսքով ես ո՞նց երևամ գործատեղում:

-Չէ, ինչո՞ւ ապուշ, լավ էլ տեսք ունես… Դե հիմա սև գույնը մեր վարչապետի վրա կարմիր լաթի ազդեցություն է ունենում, ի՞նչ անենք: Վարչապետ մարդ է, ժողովուրդն էլ իրեն սիրում է, պետք է ասածն անի՞, թե՞ չէ:

-Հա, բայց վաղն էլ կասեն` սև հաց չուտեք, սև ավտո չքշեք, սև կոշիկ չհագնեք, սև մազերը կներկեք… թող իրենց սև թրաշն ու էծի մորուքները մաքրեն, ես դրանց դեսը ղրկողի…

-Լավ, լավ, մի բարկանա, Շմավոն ջան, մոմենտ է, կանցնի, Փաշինյանն է, էլի, մի բան ասաց, հո չարե՞ց:

-Բա դո՞ւ ինչու ես ծաղկավոր պիժամա հագել…

-Եսիմ, սա ընկավ ձեռքս, սա հագա, համ էլ` հով է:

-Հա՛ա՛ա՛, էդ ձեռքիդ տոպրակի մեջ էլ ծաղկավոր շորեր են, հա՞: Էդ ո՞ւր ես տանում:

-Տանում եմ քիմմաքրման, Շմավոն ջան, որ հենց թույլտվություն լինի սև շոր հագնելու, հագնեմ:

Շմավոնը ոտքը կախ գցեց, հեռախոսը դրեց ականջին  ու ինձ գլխով արեց, որ գնամ, իրեն չսպասեմ: Մի երկու քայլ էի արել, մեկ էլ լսեցի.

-Ախչի, Շողեր, ինչքան սև շոր կա տանը հավաքիր ու տար քիմմաքրման… Ախչի, ընկել ենք, պիտի քաշենք, ի՞նչ դիվանի տակ, Օսիպյանը մեր դիվանի տակի տեղը չգիտի՞: Քեզ ասում եմ` տար քիմմաքրման…