Նախաամանորյա շուկայի շարժերն ու հայաստանցու հավերժական պրոբլեմները

Նախաամանորյա շուկայի շարժերն ու հայաստանցու հավերժական պրոբլեմները

Սամվել Ալեքսանյանը նեղ շրջապատում նեղսրտել է, թե մարդկանց ձեռքին փող չկա, առեւտուրը կանգնած է, որ նախորդ տարիներին, մինչեւ դեկտեմբերի 20-ը, իրենք արդեն մի 3 անգամ «զապրավկա» արած էին լինում ցանցերն ու վաճառած։ Հիշեցնենք, որ Հայաստանում, ավանդաբար, նախաամանորյա առեւտրին բաժին է ընկնում ողջ տարվա առեւտրի 20 տոկոսը։ 
Մենք երեկ կեսօրին այցելեցինք երկու «սիթի»-ներ, որտեղ ուտելիքով բեռնված սայլակների խցանումներ, դրամարկղերի մոտ անվերջանալի հերթեր չկային։ Մարդիկ, հիմնականում, օրվա առեւտուր էին անում։ Հատկապես նախաամանորյա առեւտուր անողները նկատվում են կոնֆետեղենի, խմիչքների, չրերի ու չարազեղենի բաժիններում, որոնցում մեր կես ժամվա ներկայության ժամանակ առեւտուր անողներ չնկատեցինք։ Մի քանի կին միայն ասացին, որ պահածոյացված, մարինացված վարունգ ու թթու են գնում, նաեւ՝ մսամթերքի կիսաֆաբրիկատներ։ Գնորդ կանանցից մեկը դժգոհեց, որ այս տարի սովորականից քիչ են գնում, որովհետեւ մսամթերքը թանկացել է։ Իսկ մի 62-ամյա կին էլ արդեն դրամարկղի մոտ պատմեց․ «Արդեն մի 5 կիլո կլինի, սկսել եմ կամաց-կամաց, չգիտեմ՝ նույն չափո՞վ եմ անում, հլը որ վերջին չեմ հասել, որ պարզ լինի։ Ամեն դեպքում, մյուս տարիների համեմատ էս տարի ավելի ուրախ եմ անցկացնում։ Ամենակարեւորը՝ որ ուրախ սրտով ենք, Աստված Նիկոլին ու իրա ծնողներին առողջություն ու երկար կյանք տա»։ 


Սուպերմարկետի դիմացի մայթին չիր, չարազեղեն վաճառող կինն էլ ասաց, որ կա առեւտուր, ուղղակի մարդիկ շատ քիչ են առնում։ «Մի կին անցած օրն ամեն մեկից մի բուռ առավ, ասաց՝ խառնեմ, դնեմ սեղանին»,- մանրամասնեց վաճառողուհին։ Գուցե մարդիկ առաջին անգամ որոշել են Ամանորի համար ավելի քիչ ծախսեր անել, եւ անգամ որոշ անվանիներ ամեն Նոր տարուց առաջ հանդես են գալիս քիչ ծախսեր անելու, քչով բավարարվելու «սոցիալական ռոլիկներով»։
Մյուս կողմից՝ գրեթե ամեն օր մամուլում գրվում է, որ ալյուրի, մսամթերքի եւ կամ այլ ապրանքների շուկաներում գնաճ է տեղի ունեցել։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն ամեն տարի Ամանորի նախաշեմին անցկացնում է տարբեր խումբ ապրանքների մոնիտորինգ։ Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ այս անգամ ուսումնասիրել են մսի, գյուղմթերքի, խմիչքների, ընդեղենի, խաղալիքների շուկան։ Ռեալ գնաճ նկատել են միայն ընդեղենի ու գյուղմթերքի շուկաներում։


«Մսամթերքի շուկայում, ասեմ, որ շատ հետաքրքիր պատկեր ենք արձանագրել։ Ո՞րն է հետաքրքիրը՝ գնաճը սպառողի համար եւ գնաճն իրականում որոշակի իմաստով իրարից տարբերվում են, որքան էլ տարօրինակ չթվա։ Տեսեք՝ գյուղացին շարունակում է միսը բաց թողնել նույն գնով, կովը՝ 2 հազար 200, ցուլը՝ 2․650-2․700 դրամ, վերավաճառողը սրա մեջ աշխատում է նույն գումարը՝ 1 կգ-ում՝ միջինը մինչեւ 200 դրամ, բայց ինչ է տեղի ունենում։ Քանի որ փափուկ մսի պահանջարկը շատ ավելի շատ է, քաղաքացին տեսնում է, որ ժամանակին փափուկն առնում էր 4 հազար 500-ով, հիմա՝ 5 հազարով, ինքը դիտարկում է, որ կա գնաճ, բայց չի նկատում, որ մսամթերքի մնացած ապրանքների մեջ ոչ միայն չկա գնաճ, այլեւ գնանկում կա։ Ոսկորը ժամանակին իրացվում էր, հիմա՝ ոչ, այսինքն՝ բիզնեսմենի եկամուտը չի ավելացել։ Կամ՝ խոզի մսի ազդրամիսը միշտ եղել է 2 հազար 700 դրամ, դրան հակառակ, ժողովրդական լեզվով ասած՝ չալաղաջն ու մատը եղել են 3․700-3․800 դրամ։

Հիմա ազդրամսի գինը բարձրացել է մինչեւ 3 հազար 500, դրան զուգահեռ նվազել է մատի ու չալաղաջի գինը՝ մինչեւ 3 հազար 400 դրամ»։ Այսպիսով, Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ռեալ գնաճ չկա։ Համեմատությունները նոյեմբերի հետ են, եւ ՀԿ-ի ներկայացուցիչն ասում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի, սպեկուլյատիվ էֆեկտով պայմանավորված՝ ամանորյա թանկացումը 2017-ի համեմատ ավելի քիչ է։ Ինչ վերաբերում է դեկորատիվ խաղալիքների շուկային, ապա այստեղ ամեն ինչ նույնն է մնացել։