Կարելի է երկար ժամանակով մոռանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը և մրցակցային տնտեսությունը, ներգաղթը

Կարելի է երկար ժամանակով մոռանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը և մրցակցային տնտեսությունը, ներգաղթը

Նախ այսօրվա հանրային լսումների մասին. հանրային լսումները բացի անվանումից և օրակարգից պետք ունենան առարկա: Այսինքն լսումներին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է  արդեն իսկ տեղյակ լիներ, թե անցումային արդարադատության ինչ մոդել է քննարկվում, ինչ հայեցակարգ ունի, ինչպիսի լուծումներ են առաջարկվում: Ստացվեց այսօր եկել ենք միակողմանի դասախոսության, թե անցումային արդարադատություն պետք է, թե պետք չէ, կամ ընդհանրապես ինչ է անցումային արդարադատությունը: 

Անցումային արդարադատությունը ծայրահեղ միջոց է, որը կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները և ոչ միայն։

Անցումային արդարադատությունը հիմնված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի չորս հիմնական դրույթների վրա.

ա) պետության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերի և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների դեպքերի, այդպիսի խախտումների համար պատասխանատու անձանց հետապնդելու և պատժելու համար

բ) նախորդ վայրագությունների վերաբերյալ ճշմարտությունը իմանալու իրավունքը

գ) փոխհատուցում ստանալու իրավունքը մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով արձանագրված զոհերի դեպքում

դ) պետության պարտականությունը՝ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով՝ տարբեր միջոցառումների ընդունման միջոցով:
Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում և որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ և դատական մարմինները չեն կարողանում լրացնել։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված։

Եկեք տեսնենք, թե Հայաստանում ինչի համար է իրականում կիրառվելու անցումային արդարադատությունը:
Մեզանում անցումային արդարադատության մեխանիզմները կիրառվելու են քաղաքական հաշվեհարդար տեսնելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու համար:

Երբ իշխանությունը հայտարարում է, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի 70%-ը պետք է վերադարձնեն և մարդը պետք է ապացուցի, որ արդար ճանապարհով է ձեռք բերել գույքը, պարզ է դառնում, որ անցումային արդարադատության կիրառման իրական նպատակը սեփականության վերաբաշխումն է:
Թե որ երկրներում են կիրառել անցումային արդարադատությունը արդեն բազմիցս նշվել է, սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչո՞վ է  Հայաստանը նման այն երկրներին, որտեղ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց արյուն է հեղվել: Նույնիսկ մոտավոր համեմատականներ անցկացնել չի ստացվում:  

Անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում, և այստեղ պետք է հաշվի առնել, որ  մեր երկրի Սահմանադրությունը, որքան էլ այնտեղ արված վերջին փոփոխությունները մեզանից շատերի կարծիքով ժամանակավրեպ էին, սահմանում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Ընդ որում, այս պահանջը պաշտպանված է փոփոխության ենթարկվելու անհնարինության բացարձակ արգելքով։

Մեր դատական համակարգը մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս, սակայն այդ հարցը պետք է կարգավորվի հենց դատական համակարգում փոփոխությունների, համակարգային փոփոխությունների միջոցով, այլ ոչ թե միջանկյալ այլ մարմինների ստեղծման օգնությամբ:

Եւ ամենակարեւորը, ոչ դրսի միջամտությամբ, դրսի պրտադրած կամ առաջարկած օրակարգով: Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգը, կրկին քննարկման առարկա է դարձել մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։
Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։ 

Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ 

 Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ 
Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։

Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասրակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:

Եվս մեկ կարևոր դիտարկում՝ եթե Հայաստանում, այնուամենայնիվ, կիրառվի անցումային արդարադատությունը, ապա կարելի է երկար ժամանակով մոռանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը և մրցակցային տնտեսությունը, ներգաղթը: