Ո՞ր դեպքում են պատժում դատավորին

Ո՞ր դեպքում են պատժում դատավորին

Փաստաբան Սեդրակ Ասատրյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո արդյո՞ք դատաիրավական համակարգում չի՞ սկսվի բարեփոխումների փուլ։
«Չեմ կարող ասել։ Դատական համակարգում մեկ անձով չէ, որ պետք է սկսի բարեփոխումների փուլը։ Ես միշտ ասել եմ եւ կասեմ, որ բարեփոխումները պետք է լինեն ծրագրային, տեսլականը ներկայացնելով, պետք է հասկանան, թե որ քայլին որը պետք է հաջորդի։ Եթե կա այդպիսի ծրագիր եւ քաղաքական կամք, ուրեմն բարեփոխումներն առաջ կընթանան։ Ես համաձայն եմ, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի ժամանակն էր, բայց տեսնենք, թե ով է նրան փոխարինելու»,- ասաց Սեդրակ Ասատրյանը։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւս կհետեւի Գագիկ Հարությունյանին եւ հրաժարական կտա, փաստաբանը պատասխանեց․ «Չեմ ուզում մեկնաբանել, տարբեր համակարգեր են»։

Մեր հարցին, թե համամի՞տ է վեթինգի կիրառմանը, Սեդրակ Ասատրյանն արձագանքեց․ «Կարծում եմ, Հայաստանում շատ չունենք վեթինգի մասնագետներ։ Սակայն որքան լսել ենք վեթինգ կիրառած երկրների, այդ թվում՝ Ալբանիայի մասին, լավ բան չենք լսել։ Ովքե՞ր պետք է լինեն վեթինգ իրականացնողները։ Վեթինգը ենթադրում է, որ եթե տվյալ դատավորը չանցավ, ապա նրա որոշում կայացրած բոլոր գործերը պետք է վերանայվեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ թե՛ ռեսուրսի տեսանկյունից, թե՛ անկողմնակալության տեսանկյունից յուրաքանչյուր դատավորի վրա մոտ 500 գործով վճիռ կա։ Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքները, ես չեմ պատկերացնում»։
Նկատեցինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ ՀՀ-ի կայացրած վճիռներից ելնելով չե՞նք կարող ասել, որ որոշ դատավորներ կայացրել են սխալ վճիռներ։

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ  դատավորին դատական սխալի համար, եթե չկա դիտավորություն, չի կարելի պատժել։ Եթե դիտավորյալ սխալ է նա թույլ տվել, ուրեմն պետք է պատժվի։ Բայց եթե դա դատական սխալ է, եւ դատական սխալի հետեւանքով ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորություն է առաջադրել, դրա համար չի կարելի պատժել դատավորին»,- նշեց փաստաբանը։