Համանախագահները շարունակում են «հիացնել»

Համանախագահները շարունակում են «հիացնել»

Բելառուսում գունավոր հեղափոխության տապալումից հետո Արևմուտքը կրկին ակտիվանում է մեր տարածաշրջանում: Չի բացառվում, որ Սոչիում կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպումն է ստիպել Արևմուտքին «երկրորդ ճակատ» բացել իր «ախոյանի»՝ Ռուսաստանի դեմ, որն, աչքի առջև ունենալով Ուկրաինայի դասերը, ըստ էության, միայնակ լուծեց Բելառուսի հարցը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններից առաջ չի հաջողվում Ռուսաստանի դեմ «զորաշարժի» ենթարկել Եվրամիությունը, իսկ դա ձեռնտու է նրա հիմնական մրցակից Բայդենին, որ զօրուգիշեր խոսում է Բելառուսի ընդդիմությանը միայնակ չթողնելու անհրաժեշտության մասին: Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակնթարթային ակտիվացումն ու համատեղ հայտարարությամբ հանդես գալը թերևս այս համատեքստում պետք է դիտարկել, և ոչ թե արցախյան խնդրին լուծում գտնելու մտահոգությամբ:

Ըստ համանախագահների համատեղ հայտարարության՝ վերանայվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումներին, բացի այդ ուսումնասիրվել և գնահատվել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: Համաձայնեք, որ համանախագահներն այստեղ խնամքով թաքցրել են իրենց հանկարծահաս ակտիվացման իսկական պատճառները: Այլապես կփորձեին մեկնաբանել նաև, թե ինչու են փարիզյան իրենց խորհրդակցությունը որակել «ինտենսիվ», եթե փաստ է, որ հուլիսյան իրադարձություններին ինչ-ինչ նշանակալի զարգացումներ չեն հետևել, իսկ հակամարտող կողմերի վերջին հայտարարություններն էլ առանձնապես չեն տարբերվել նախահուլիսյան հայտարարություններից: Եվ ահա, մեզ մնում է ՄԽ հարգարժան համանախագահներին խորհուրդ տալ՝ արցախյան խնդրի կարգավորման գործում ակտիվանալ ոչ թե հեռավոր մայրաքաղաքներում տեղի ունեցող գործընթացների թելադրանքով, այլ ասենք՝ շփման գծում լայնածավալ բախումների և պատերազմների օրերին, որոնք, անշուշտ, հետևանք են հարցի կարգավորման ՄԽ ձևաչափի, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքի:
Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, կարծում եմ, չեն կարող հերքել, որ թե 2016թ. Ապրիլյան պատերազմից և թե 2020թ. հուլիսյան դեպքերից հետո կրակի դադարեցման և խաղաղության վերահաստատման հարցում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը՝ ի հաշիվ իր առանձնահատուկ հարաբերությունների հետխորհրդային Հայաստանի և Ադրբեջանի հետ: Հնարավոր չէ, իհարկե, միայն Ռուսաստանի ջանքերով հասնել կայուն խաղաղության և հարցի վերջնական կարգավորման, բայց ցանկալի կլիներ նաև, որ այդ գործում Ռուսաստանին աջակցող երկրներում ևս իրենց առաջնահերթ նպատակը համարեին հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատումը և լռեցնեին պատերազմի հրձիգ Ադրբեջանին և, ինչպես համոզվեցինք հուլիսյան դեպքերի ժամանակ, Թուրքիային:

Համանախագահների հայտարարության մեջ խոսք կա այն մասին, որ նրանք ուսումնասիրել են հակամարտող կողմերի պաշտոնական և հանրային մակարդակի հայտարարությունները: Շատ բարի: Արդյոք նրանք ուսումնասիրե՞լ են Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները՝ կապված հուլիսյան դեպքերի հետ և, եթե այո, ապա ի՞նչ խորհուրդներ են պատրաստվում տալ Ադրբեջանի նախագահին, որն այսօր իր իշխանությունը պահում է հենց Թուրքիայի համակողմանի, այդ թվում և ռազմական, աջակցության շնորհիվ:

Համանախագահներն, ահավասիկ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին «անհատական հանդիպումների են հրավիրել առաջիկա շաբաթների ընթացքում՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով»: Սա, գուցե, միջազգային հարաբերություններում ընդունված ձև է՝ հավասարության նշան դնել կողմերի միջև, բայց ո՞ւմ հասկանալի չէ, որ հանդիպելու և բանակցությունները վերսկսելու հորդորն առաջին հերթին ուղղված է Բաքվին, որ, կարելի է ասել, վերջնականապես հրաժարվել է խնդրի խաղաղ կարգավորման բոլոր տեսլականներից և կարգավորումը հասկանում է բացառապես իր շահերի տեսանկյունից: Կարծում եմ՝ միջազգային հարաբերություններին հարիր այս հայտարարությունը ոչնչով չէր տուժի, եթե նշվեր, որ համանախագահները կոչ են արել պաշտոնական Բաքվին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ:

Անհասկանալի է նաև « լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցություններ» արտահայտությունը: Ճիշտն ասած՝ մենք չենք հիշում մի դեպք, որ ՄԽ համանախագահները հայտարարած լինեն, թե կողմերն անլուրջ են մոտենում հարցին: Իսկ գուցե այսուհետ մենք պետք է մտածենք, որ կարգավորման այս ձևաչափը 25-30 տարի անլուրջ մարդկանց հավաքատեղի՞ է եղել, որտեղ առարկայական քննարկումներ տեղի չեն ունեցել: Բնականաբար, դա հեռու է որևէ տրամաբանությունից, իսկ մյուս կողմից էլ փաստ է, որ մենք 30 տարվա այս փխրուն խաղաղությունն էլ չէինք ունենա, եթե չլիներ հայկական զինված ուժերի բարձր մարտունակությունն և հայ ժողովրդի զսպվածությունը: Այո, հայ ժողովրդի զսպվածությունը, որ այդ տարիներին համակերպվել է բոլոր տեսակի դժվարությունների հետ, միայն թե չվտանգվի իր հայրենիքը:
Ի՞նչ է նշանակում՝ «առանց նախապայմանների բանակցություններ» արտահայտությունը: Ես դա կհասկանայի, եթե խոսքը վերաբերեր առաջին անգամ սեղանի շուրջ նստող կողմերին, օրինակ՝ Հայաստանին և Թուրքիային:

Բայց երբ կարգավորման բանակցությունների տասնամյակներ մաշած Հայաստանին և Ադրբեջանին են կոչ անում բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների, պետք է լինի նաև հստակ պարզաբանում, թե կողմերից ո՞րն է նախապայմաններ առաջադրում: Արդյոք հայկական կողմի նախապայմա՞ն է Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի մոտ բերելը: Այդ առաջարկը, կարծում եմ, կարող էր անել համանախագահներից յուրաքանչյուրը, եթե, իհարկե, խնդրի կարգավորումն է այս դեպքում առաջնայինը: Իսկ եթե Ադրբեջանն է միակողմանիորեն ընդդիմանում այդ գաղափարին, նշանակում է ՄԽ-ն խնդիր ունի Ադրբեջանի հետ, որ ցանկություն ունի իր տիրապետությունը հաստատել դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության վրա՝ չտալով անգամ նրա հետագա կարգավիճակի որևէ երաշխիք:

Ցավալի է, անշուշտ, որ տևական դադարից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական անորոշ հայտարարությամբ են հանդես գալիս, որը, եթե կողմերի մոտ ընկալում էլ ունենա, ապա, միևնույն է, հանգեցնելու է անպտուղ բանակցությունների մի նոր էտապի, որն ուղեկցվելու է սահմաններին իրավիճակի լարվածությամբ և ավարտվելու մի նոր բախումով: 2016թ. ապրիլյան պատերազմի և 2020թ. հուլիսյան դեպքերի դասերն են սրանք: Այս թեմայով բանակցություններն սպառել են իրենց՝ տարածքների առևտուր, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում և այլն, այլևս հնոտիք են որպես առաջարկ: Փոխարենը ժամանակն է գործընթացը տանելու սառեցման ուղղությամբ՝ նախապես ամրագրելով ագրեսորին խաղաղություն պարտադրող առկա ստատուս քվոն: