Փաստորեն միայն սուրճ չէին խմել

Փաստորեն միայն սուրճ չէին խմել

Եթե հավատանք Փաշինյանին, ապա պետք է ասենք, որ Էդմոն Մարուքյանը նրան հրավիրել է սուրճ խմելու, իսկ նա, օգտվելով առիթից, իջել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակ, որն, ի դեպ իր նախկին աշխատասենյակն է, և Մարուքյանին ասել այն ամենը, ինչ մտածում է նրա մասին: Պատահաբար բան բաց չթողեցի՞: Եվ, ահա, այդ դեպքից մեկ օր անց, Էդմոն Մարուքյանը կռվի մեջ է ընկնում, բայց արդեն ԱԺ նիստերի դահլիճում, իր ելույթի ժամանակ, ամբիոնից մի քանի քայլ դեպի Սասուն Միքայելյանն անելուց հետո: Կապ կա՞ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելու և Սասունի հետ ձեռնամարտի բռնվելու միջև: Կարծում եմ՝ այո: Ավելին ասեմ՝ իմ համեստ կարծիքով, այդ օրը «Իմ քայլը» և ՀՀ կառավարությունը ԱԺ էին եկել Էդմոն Մարուքյանին՝ ի տես հանրության ծեծելու հստակ նպատակով: Իմքայլականներին և անձամբ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ չհուզվել: Նաև Ալեն Սիմոնյանին եմ դիմում՝ սուտ վկայություն չտալ, թե ամեն ինչ Էդմոնն է սկսել: Ամեն ինչ նկարահանված է, ամեն ինչ ձայնագրված է, կարծում եմ նաև՝ սղագրված:

Ծեծկռտուքի մասին նաև ուզում եմ ասել, որ դա շատ ծիծաղելի էր: Կաստումշլվարով ու իտալական կոշիկներով, մի 50 տղամարդ տփում էին իրար, «արա»-ով դիմում, ղժղժում կնգա պես: Ես այդպես չէի կռվի: Սա իմքայլա-լուսավորական ինտելիգենտ ճանկռտոց էր՝ ԲՀԿ-ի հատուկենտ պատգամավորների մրցավարությամբ: Բայց ասեմ՝ ես որ խփեի՝ հիմնավոր կխփեի, ի՞նձ որ խփեին՝ տղամարդավարի կընդունեի ու հետո էլ չէի վազի «վերխուշկի» մոտ որ ինձ արդարացնեն: Սա ես Սասունին եմ ասում, որին կռվից հետո արդարացրեց միանգամից 3 մարդ՝ Սիմոնյան Ալենը, Մակունց Լիլիթը և Փաշինյան Նիկոլը: Անհարմար է, Սասուն: Սեյրան Սարոյանի խոսքով ասեմ՝ քրֆելը գիտես, պատասխան տալը չգիտե՞ս: Ի՞նչ է նշանակում «գլուխդ կցխեմ», լո՞ւրջ, ձեռքդ շշին ես գցում՝ լո՞ւրջ, տեղիցդ վեր ես թռչում, վրա ես պրծնում՝ լո՞ւրջ դու էդ տղեն ես: Բա ինչո՞ւ «աբրաշչացա» եղար Նիկոլին, որ քո երթուղու հետագիծը փոխի, թե Սասունը կարող ա վեր էր կացել, որ դուրս գնա դահլիճից: Դե հիմա ասա՝ դուրս էիր գալի՞ս դահլիճից, թե՞ գնում էիր Էդմոնի վրա:

Մակունցն էլ եկավ, թե՝ Էդմոնի այս վարքը պայմանավորված է ապօրինի ունեցվածքի մասին օրենքի ընդունմամբ: Էս աղջկա մեջ մի էսքան մշակույթ չկա, գիտե՞ք, Ինչո՞ւ ես այդքան միագիծ մտածում, աղջիկ ջան: Սասունն իսկի ապօրինի ունեցվածք չունի՞: Բա ինչո՞ւ չի անհանգստանում: Դե իհարկե, նա ձեր Սասունն է, նրան չեք հարցնելու, նրանը չեք խլելու: Բայց, առհասարակ, ձեր ընդունած ո՞ր օրենքն է նորմալ, որ մարդիկ չանհանգստանան: Եթե օրենքներն են պատճառը, որոնք, միևնույն է, դուք չեք կատարելու, ապա Հայաստանում, ասա՝ առավոտից երեկո կռիվներ պիտի լինեն էլի՞: Մի կերպ հանդուրժում ենք Ձեզ, տիկին Մակունց, մինչև օրը գա, բարին հետը՝ հեռանաք:
Փաշինյանը «իզմեր» չունի: Ո՞վ ասաց, ի՞նքը: Երեկ նա ապացուցեց, որ ցինիկ է՝ պոպուլիստական ցինիզմի հետևորդ: Բարձրացել էր ամբիոն ու խոսում էր այն մասին, թե իբր զանգում, սպառնում են իշխանության ներկայացուցիչներին, նրանց կանանց ու երեխաներին: Զարմանում եմ ուղղակի: Ո՞ւր մնաց հիշողությունը, ո՞ւր մնացին «նախկինների» վրա հեղափոխական վանդալների հարձակումների մասին պատմությունները... դուք մարդկանց թաղումներ եք բեմականացրել փողոցներում, կին պատգամավորների ու նախարարների եք ահաբեկել, սպառնացել եք ասֆալտին փռել, անհիմն ձերբակալել եք մարդկանց, բանտ նստեցրել, մարդկային ճակատագրեր խեղել ու այսօր խոսում եք ձեր հանդեպ կիրառված բռնությունի՞ց: Ցավո՞տ է: Տարեք արժանապատվությամբ, ինչպես դա անում են ձեր զոհերը: Ինչո՞ւ եք ԱԺ ամբիոնից վարչապետի արցունքներ թափում, ո՞վ կհավատա ձեզ:
Եվ ավարտեմ Փաշինյանի արած բացահայտումների մասին մի երկու նկատառում հայտնելով: Առաջին՝ ԱԺ-ն «Լուսավոր Հայաստանից» ազատագրելու օրը (խմբակցությունն ամբողջ կազմով անժամկետ հեռացավ դահլիճից) Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ Էդմոն Մարուքյանն, ըստ էության, սնվում է Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Ուզում էր երրորդ սնուցողի անունն էլ տալ, բայց լեզուն կծեց: Ես կասեմ՝ դա Միքայել Մինասյանն է, որ Փաշինյանին նվիրված լայվերի շարք է սկսել և ոչ առանց հաջողության: Ամեն դեպքում՝ շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին՝ իր արած բացահայտման համար: Երկրորդ՝ քանի որ մենք դույզն ինչ չենք հավատում «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» կոչվող առասպելին և հստակ պատկերացումներ չունենք այն մասին, թե ինչպե՞ս կարող էր Սերժ Սարգսյանը, առանց երկար-բարակ մտածելու, իշխանությունը նվիրել այս անոտուգլուխ զանգվածին, սպասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի նաև իր ոդիսականը՝ ներառյալ իր հանդեպ ոստիկանության և իրավապահ համակարգի լոյալության գաղտնիքը: Հա, ցանկալի է նաև իմանալ, թե ինչպե՞ս հանկարծ Սասուն Միքայելյանը, որ սեռական բնույթի հայհոյանք էր տվել ոստիկանության ներկայացուցչին և շիշ շպրտել նրա վրա, հայտնվեց ազատության մեջ: