Սահմանադրություն էր, քեզ էլ լավ սազում էր...
Կարծում եմ՝ Փաշինյանն էլ կհաստատի, որ իր հիմնական անհաջողություններն սկսվեցին Սահմանադրական դատարանի դեմ արշավանք ձեռնարկելուց հետո: Ասա՝ սահմանադրություն էր, քեզ էլ լավ սազում էր, էլ ինչո՞ւ ընկար սրա-նրա խելքին, թե Հրայր Թովմասյանին պիտի գործից հանեմ: Տեսար, չէ՞, Եվրոպան ինչպես տեղից թռավ ու հորդորեց՝ նման բան չանել: Բա հո աշխարհը չոփով չի՞ ծածկված, Նազա... ներողություն, Նիկոլ ջան: Գոնե հիմա, երբ արդեն գիտենք, որ ուզում ես գլուխդ պրծացնել հանրաքվեից, կասե՞ս՝ ով էր քեզ դրդում գնալ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ գործող կազմի դեմ, ով քեզ ստիպեց էն Վահե Գրիգորյանին խցկել ՍԴ, որ հետո դառնա նախագահ: Չե՞ս ուզում ասել: Մի ասա, կարծում ես չգիտե՞նք, թե ով էր այդ գործի քավորը, ով քեզ բզեց, որ կաշառք առաջարկես ՍԴ դատավորներին: Բա դու կաշառք առաջարկող տղա՞ ես: Մենք ամեն ինչ գիտենք, Նիկոլ ջան, համարյա ամեն ինչ:
Երեկ մեր փողոցում մի ավտոմեքենա տեսա՝ վրան գրված էր «Այո»: Միանգամից չհիշեցի, թե այդ ինչ «Այո» էր: Կորոնավիրուսը մարդու գլխին խե՞լք է թողել, որ մի հատ էլ հիշի, թե ինչին պիտի «այո» ասեր: Վստահ եմ, որ նույնիսկ իմքայլական Վահագնը, որ սահմանադրության հայր հռչակվելու նկրտումներ ուներ, այսօր չի հիշում, թե ինչ փոփոխություններ էր առաջարկում Սահմանադրության մեջ: Այդքանից հետո ես ո՞նց հիշեի՝ այդ փոփոխություններին «այո՞» էի ասելու, թե՞ «ոչ»:
Եվ այս իրավիճակում, երբ Փաշինյանն արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարացնելով հասավ հանրաքվեն եւս մեկ «սռոկով» հետաձգելուն, հասկանալի դարձավ, որ նրան այդ միջոցառումն իսկապես պետք չէ: Ժողովուրդն առաջվա պես չի «պահանջում», որ Հրայր Թովմասյանին գործից հանեն: Հետեւաբար, էլ ո՞ւմ համար վիզ դնի վարչապետը: Ժողովուրդն ատամները սրած սպասում է, որ փողոց լցվի ու հեղափոխականներին հում-հում ուտի, ի՞նչ Թովմասյանի վախտ է: Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Փաշինյան: Ի դեպ՝ Սասուն Միքայելյանի, Ալեն Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանի եւ հեծանվից խոցված էն իմքայլականի պահպանությունն ուժեղացվե՞ց: Այդ հարցը ականջի հետեւ մի գցեք, խնդրում եմ, որովհետեւ նշվածներից յուրաքանչյուրն ասոցացվում է հեղափոխության հետ, իսկ հեղափոխությունն այսօր պատվար չէ իր զավակների համար:
Հա, «հանրաքվեի հնարավոր հետաձգումից» էինք խոսում: Երեւանցիները մի ոչ այնքան գեղեցիկ արտահայտություն են օգտագործում՝ «քյաստըմ տալ», այսինքն՝ դադարեցնել անիմաստ գործը, վեճը, կռիվը: Ըստ երեւույթին, Փաշինյանը հենց այդպես էլ կանի՝ «քյաստըմ կտա» հանրաքվեն: Կորոնավիրուսը, անշուշտ, զորավոր պատճառ է դրա համար, եթե չասենք, որ համավարակի պայմաններում 650 հազար մարդու տանել ընտրատեղամաս, որ «այո» ասեն, արդեն իսկ ֆանտաստիկայի ժանրից է: Փաշինյանին մնում է երգով նահանջել, բայց դրան էլ խանգարում են «մերձհեղափոխական» այն ուժերն ու անհատները, որոնց թեթեւ ձեռքով է ճանապարհ դրվել հանրաքվեով Հրայր Թովմասյանին գործից հանելու խայտառակ գաղափարը:
Եթե Արման Բաբաջանյանին թողնես, ապա Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեջ կմեղադրի ընդդիմությանը: Ճիշտն ասած՝ վատ չէր լինի, եթե կարողանար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի քաղաքական հետապնդումներ կսկսվեին, եւ քանի մարդու վրա կարելի էր գործ տալ այդ խառնաշփոթում: Բայց Արման Բաբաջանյանի փուքսն էլ է իջել: Երեկ մի ախմախ վերլուծություն էր հրապարակել իր կայքում, որով ընդդիմությանը մեղադրել էր, այսպես ասեմ, մազալու լինելու մեջ: Ասում է՝ քանի քարոզարշավ էր, ընդդիմությունը Փաշինյանին ասում էր՝ կանգ առ, կորոնավիրուս է, իսկ հիմա, երբ արտակարգ ռեժիմն են երկարացնում, ընդդիմությունը շարունակում է քննադատել իշխանություններին, թե դա անում են հանրաքվեն հետաձգելու համար: Ճիշտն ասած՝ կուզենայի, որ Փաշինյանը պատասխաներ այս Արման Բաբաջանյանին ու ասեր՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, այդ քո եւ քեզ նմանների մեղքով է, որ ընկել եմ այս ջրապտույտի մեջ ու չեմ կարողանում դուրս գալ: Ռիսկ կանի՞ Փաշինյանը: Ի՞նչ իմանաս, թե ով է Արմանին խցկել խորհրդարան ու վերակացու կարգել հեղափոխականների գլխին: Քոչարյանին բռնեք, Հրայրին գործից հանեք, հոկտեմբերի 27-ի գործը վերաբացեք, ԱԱԾ-ն մաքրեք նախկիններից, պրովոկատոր Սաֆարյան Սծյոպիկին նշանակեք ՀԽ նախագահ... Ո՞վ էր այս ամենի ակնառու ջատագովն ու հրահրողը: Դե, իհարկե՝ Արման Բաբաջանյանը: Խնդրեմ, Արման Բաբաջանյանի ցույց տված արդյունքը՝ Քոչարյանի գործը կանգնել է Փաշինյանի կոկորդին, Հրայրն իր գործին է, հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդները՝ հուսախաբված, ԱԱԾ-ն՝ խայտառակ վիճակում, եւ միայն պրովոկատոր Սծյոպիկն է պաշտոն ստացել ու ՖԲ-ում ամեն օր խայտառակում է հեղափոխությունն ու վարչապետին:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է ընդդիմությունն ասում, որ արտակարգ ռեժիմի երկարաձգումը հանրաքվեն մի կերպ չեղարկելու միտումներ է պարունակում: Իշխանությունները պետք է իմանան, որ ընդդիմությունը կարող է եւ պարտավոր է իրենց քննադատել: Եթե դա չանի, ուրեմն ընդդիմություն չէ: Հետեւաբար, եկեք ընդդիմությանը չհարցնենք՝ ինչո՞ւ ես քննադատում: Սա՝ 1: Երկրորդ՝ այս օրերին ընդդիմությունն իշխանություններին քննադատում է շատ այլ բաների համար, որոնք իշխանությունը եւ նրա սաթելիտները չտեսնելու են տալիս:
Դիցուք՝ նշվում է, որ իշխանությունները համավարակն օգտագործում են երկրում բողոքի ալիք եւ սոցիալական բունտ թույլ չտալու, արցախյան բանակցություններում խայտառակ հետընթաց գրանցելու համար: Փաշինյանը չի ցանկանում կամ ուղղակի չի կարող անդրադառնալ այդ խնդիրներին, որովհետեւ ընդդիմությունը երիցս ճիշտ է, իսկ քննադատությունը, ի տարբերություն նախորդ ընդդիմության քննադատության, հիմնավոր: Եվ Փաշինյանը հանկարծ սկսում է հեքիմությամբ զբաղվել իր ուղիղ եթերներում, թաքնվել Միքայել Մինասյանից, Էդմոնին ծեծել տալ, կռվի պահին փախչել դահլիճից, իսկ հետո վերադառնալ ու ասֆալտին փռելու նոր կոչեր անել: Այս ամենը ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանը չէ, իհարկե, բայց հստակ հուշում է, որ այս իշխանությունն այլեւս սպառել է իրեն եւ պետք է հեռանա՝ իր հետ տանելով եթե ոչ կորոնավիրուսը, ապա գոնե՝ այս մղձավանջը, որի դեմ այդպես էլ ոչինչ չկարողացան ձեռնարկել:
Կարծիքներ