Ռեցեսիային հետևելու է համընդհանուր տնտեսական կոլապսը

Ռեցեսիային հետևելու է համընդհանուր տնտեսական կոլապսը

Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ԲՀԿ քաղխորհրդի նիստին կառավարության ձախողումների մասին հնչած գնահատականների թվում, ապա ԱԺ նիստում Ծառուկյանն օգտագործում էր «3 ամսից սով ա լինելու» արտահայտությունը։ Ծառուկյանի կուսակից, տնտեսագետ Միքայել Մելքումյանին հարցրինք, թե նման ապոկալիպտիկ սցենարի հիմքում ինչ հաշվարկներ ու մեթոդոլոգիաներ են ընկած։

ԲՀԿ-ական պատգամավորը, որպես ելակետային, դիտարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16-ից մայիսի 14-ը տնտեսության փակման արդյունքում կրած վնասները՝ որպես չափելի արժեքներ։ Այսինքն՝ 2 ամսով փակ տնտեսության 61 օրվանից շաբաթ-կիրակիները հանած՝ 42 աշխատանքային օր, որից յուրաքանչյուր օր Հայաստանի ՀՆԱ-ն կրել է 40 միլիոն դոլարի վնաս։ Սա Միքայել Մելքումյանի հաշվարկն է։ Օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ օրական 51 միլիոն դոլարի վնաս ենք կրել։ «Ըստ որում, այս հաշվարկից հանում ենք գյուղացիական տնտեսությունների մասը, որովհետեւ կարող էին փակ ժամանակահատվածում ինչ-որ աշխատանքներ իրականացնել, պետական հատվածում աշխատող շուրջ 203 հազար մարդու, եւ մոտավորապես ստանում ենք 400 հազարից մի փոքր ավելի վարձու աշխատողներ։ Նրանցից հանում ենք այն հատվածները, որ փակ չէին, ասենք՝ խոշոր սուպերմարկետների սննդի հատվածներ, դեղատներ, կենսապահովման համակարգ՝ էներգետիկա եւ այլն, ու ստանում ենք մոտավորապես 380 հազար։

Եվ մեկ վարձու աշխատողի հաշվարկով, թե ինչքան համախառն ներքին արդյունքի կորուստ է եղել, ստացել ենք օրական 40 միլիոն դոլար։ Մինչդեռ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր աջակցության ծրագրերով քաղաքացիներին տրվել է 100 միլիարդ դրամից մի քիչ ավելի գումար։ Սա, այս երկու թվերը՝ 40 միլիոն դոլարի կորուստ եւ 100 միլիարդ դրամի հատկացված գումար, նշանակում է օրական 4 միլիոն դրամի ներարկում կամ 36 միլիոն դոլարի կորուստ։ Այս թիվն էլ 42 օրվա վրա բազմապատկելու դեպքում․․․ մայիսի կեսերից մինչեւ հունիսի կեսերի կորուստները, չէ՞ որ շատ օբյեկտներ ողջ թափով չեն աշխատում, շատերը վնասով են աշխատում, շատերը շահույթ չունեն, բոլոր աշխատատեղերը չեն բացվել, մասնակի են աշխատում, ու էս ամբողջը համադրելով՝ հասկանում ենք, որ եթե այսպես շարունակվի, եւ հանրային կյանքի ու տնտեսության մեջ մեծ գումարներ չներարկվեն, ապա օգոստոսի վերջին մեծագույն տնտեսական ու սոցիալական կոլապս ենք ունենալու»,- պարզաբանում է Մելքումյանը։ Նրա խոսքով՝ հիմա ռեցեսիայի մեջ ենք (երբ իրար հետեւից ամիսներով  շարունակվում են մեծ անկումները), քանի որ պաշտոնական թվերով՝ ապրիլի համար ունենք 17,3 տոկոս տնտեսական ակտիվության անկում, եւ մոտ 74 հազար մարդ էլ եկամուտ չի ստացել։ Իրականում, ըստ Մելքումյանի, այս մարդիկ շատ ավելի շատ են։ Իսկ մի քանի տասնյակ հազար աշխատատեղ էլ փակվել է։ «Սա իրենց գնահատականներն են, իրականում, ամեն ինչ շատ ավելի վատ է»,- հավելեց Մելքումյանը։ Նրա խոսքով՝ կյանքը ցույց է տալիս, որ կառավարման այն ձեւը, որով շարունակում են ինչ-որ պաշտոնյաներով ու փորձագետներով քննարկել, իրեն չի արդարացնում, որովհետեւ «ինչքան քննարկում են, այնքան վիճակը վատանում ա»։

Միքայել Մելքումյանն ավելացնում է․ «Եվ այստեղ 2 սցենար կա, մեկը՝ ընդհանուր սցենարը, այն է, որ միգուցե ընդունելի է, որ եթե առանձին նախարարներ ու բարձր պաշտոնյաներ իրենց պարտականությունները բացարձակ չեն կատարում, դրա մասին մենք պետք է իմանանք, պառլամենտը պետք է իմանա՝ ով ինչ չի անում։ Ըստ որում, ես վարչապետին հարցրեցի, թե պաշտոնյաները, ՊԵԿ ղեկավարն արդյոք այս համավարակի շրջանակներո՞ւմ են ազատվել, որովհետեւ եթե ձախողել են, մենակ էդ չպետք է լինի։ Կամ, եթե այդպես է, ուրեմն մյուս պաշտոնյաները կատարում են իրենց պարտականությունները նորմալ, ուրեմն սցենարն է սխալ ընթանում։ Երրորդ ճանապարհ չկա։ Բայց չենք հասկանում, թե ինչ է կատարվում»։
ԲՀԿ-ական պատգամավորի մյուս հարցադրումը․ եթե, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, մենք նախորդիվ արել ենք տնտեսական հեղափոխություն, ինչո՞ւ, ուրեմն, չունենք դիմադրողականություն, ռեսուրս։ Տուրիզմ, հյուրանոցային համակարգ․ կառավարության ծրագրերից այս եւ այլ ոլորտների ընդամենը 10 տոկոսն է օգտվել։ Ըստ Մելքումյանի, իրենց առաջարկը՝ հարկային արձակուրդներ տրամադրելու, չընդունեցին ու գնացին այլ ճանապարհով, ինչի արդյունքում գոյություն չունի հասցեական աջակցություն։ Այս ամենի արդյունքում Ծառուկյանն ու ԲՀԿ-ականները եկել են այն եզրակացության, որ ռեցեսիային հետեւելու է սոցիալական ու տնտեսական կոլապսը, ինչը նշանակում է համընդհանուր ճգնաժամ։

Մելքումյանը հիշեցնում է իշխող մեծամասնության տնտեսական ծրագրում ամրագրված «ներառական տնտեսական աճ»-ը եւ դրան հակադրում ներառական տնտեսական ճգնաժամը։ Իսկ սա վերաբերելու է բոլորին անխտի՞ր։ Սա նշանակո՞ւմ է նաեւ, որ աշխատավարձ ու թոշակ չեն կարողանալու տալ։ Մելքումյանն արձանագրեց՝ Աստված չանի, որ հասնի դրան, բայց առաջարկեց հետեւել հարկային մուտքերին։ Որպես կանոն, Հայաստանում միջին ամսական հարկային մուտքերը կազմում են 110-120 միլիարդ դրամ, սակայն ապրիլ եւ մայիս ամիսներին ամեն ամիս չի հավաքվել մոտ 30 միլիարդ։ Այսինքն, պատգամավորի մեկնաբանությամբ, գնալով անհասկանալի է դառնում, թե ինչ է կատարվում։ Մելքումյանին հարցրինք նաեւ, թե վատագույն սցենարի դեպքում հնարավո՞ր է, որ Ծառուկյանը փակի աշխատատեղերը։ ԲՀԿ-ականի խոսքով՝ նման հարց չեն քննարկել, բայց կարծում է, որ Ծառուկյանը երբեք էլ կողմ չի լինի սոցիալական լարվածության ավելացմանը։