Նիկոլ Փաշինյանի հիտլերիզմը՝ ԱԺ ամբիոնից

Նիկոլ Փաշինյանի հիտլերիզմը՝ ԱԺ ամբիոնից

Նիկոլ Փաշինյանին երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ որեւէ մեկը հարց չուղղեց Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումների վերաբերյալ։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այն պահին, երբ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամներն ԱԺ-ում պատասխանում էին պատգամավորների հարցերին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ԱԱԾ միջնորդությունը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ ԲՀԿ-ականները, բնականաբար, խորհրդարանում չէին, այլ՝ դատարանում։ Ու Նիկոլ Փաշինյանին, ում քանի օր է՝ մեղադրում են Ծառուկյանի դեմ արշավ եւ քրեական հետապնդում սանձազերծելու մեջ, որեւէ մեկն այս թեմայով հարց չուղղեց՝ մինչեւ Բաբաջանյան Արմանի հերթը կհասներ։ Բայց Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իրեն զսպել՝ այս թեմայով խոսեց առանց հարցի սպասելու։ Նա «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցի ժամանակ, որը շրջակա միջավայրի նախարարությանն ու թրթուրներին էր վերաբերում, առիթից օգտվեց ու ակնհայտ հակածառուկյանական ենթատեքստով հայտարարություն արեց՝ չթաքցնելով իր սեւեռումը՝ այդ թեմայի հետ կապված։ Նա ԼՀԿ պատգամավորին տեղեկացրեց, որ մինչ հարցին անդրադառնալը, ուզում է մի բան ասել, որը որեւէ կապ չունի պատգամավորի հնչեցրած հարցի հետ։

Ու սկսեց իրեն հատուկ ոճով մատ թափ տալ ինչ-որ ուժերի վրա։ «Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռեւս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում, խոսքը նաեւ այնպիսի մարդկանց մասին է, որոնց քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր։ Եվ ուզում եմ ասել նաեւ, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ որ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա անընդունելի է, եւ համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս՝ ղազագրի վրա հիմնված եւ գործունեություն ծավալած անձանց եւ ուժերին այ սենց վզներից բռնելու ա եւ էս դահլիճից ընդհանրապես դուրս ա շպրտելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մատով ցույց տալով այդ տեսարանը։

Նիկոլ Փաշինյանի զայրույթը թերեւս ուղղված էր նախեւառաջ վերջերս ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով դրանից րոպեներ առաջ իր հարցում հեգնել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, իսկ նախորդ օրը հպարտությամբ խոստովանել էր, որ ինքն իսկապես գրել է այդ «ղազագիրը», որը հրապարակվել էր ԱԱԾ-ի տեսանյութում, հպարտ է դրանով եւ չի հրաժարվում իր գրածից։ Բայց Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու մուննաթը, բնականաբար, միայն Ուրիխանյանին չէին ուղղված, այլ ամբողջ ԲՀԿ-ին։
Սակայն Ծառուկյանի թեման չշրջանցեց նաեւ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման «ընդդիմադիր» պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն իրեն հատուկ զազրելի բառապաշարով թիրախավորելով Ծառուկյանին, նրան սատարող քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին՝ տեղեկացրեց վարչապետին, թե ասում են՝ այս գործը քաղաքական է, ու խնդրեց, որ Փաշինյանն իր դիրքորոշումը հայտնի դրա վերաբերյալ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ընկավ տարերքի մեջ։ «Ձեր նշած մեկնաբանությունը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Հենց այդ հայտարարությանը այդ օրը իմ մամուլի խոսնակն արձագանքել է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, եւ հայտարարության առիթը դա է»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց թվարկել այն գործերը, որոնցով վերջին երկու տարում անցել են Ծառուկյանի մերձավորները։ Օրինակ՝ հիշեցրեց, որ 2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները կառավարությունում էին, քրեական գործ է հարուցվել այսօր ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ, որից հետո նա կալանավորվել է։

Հետո հիշեց Նվեր Ծառուկյանի՝ Գագիկ Ծառուկյանի որդու մասին, երբ նա, որպես վկա, հարցաքննվել է մի սպանության գործով։ 2019-ի դեկտեմբերի 28-ին էլ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների մասով է հարուցվել քրեական գործ, եւ վնասը փոխհատուցվել է, ինչը, ըստ վարչապետի, խոսում է այն մասին, որ մեղքն ընդունել են։ Նաեւ հիշեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի գործով կալանավորված Ծառուկյանի ընկեր եւ «Մուլտի գրուպի» գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ քրեական գործը։

«Եվ ի՞նչ է եղել Ձեր նշած քաղաքական ուժի ֆաբուլան էս հարաբերություններում։ Եղել ա հետեւյալը, որ իշխանությունը նախկինում էս քրեական գործերը միշտ օգտագործել ա, որպեսզի էդ ուժերին միշտ պահի կանտրոլի տակ, մտցնի կոալիցիա եւ այլն, որովհետեւ լեգիտիմության խնդիր ա ունեցել։ Իսկ մեր իշխանությունն էդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի գնալ՝ քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ մի քիչ, ասենք, խոսալու ձեւն ընտրեն։ Մենք իրենց խոսալու ձեւն ընտրելու ձեւը գիտենք, կսովորացնենք։ Ես ասացի՝ իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետեւ ժողովուրդն իրենց էստեղից վռնդելու ա ընդհանրապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա այս հայտարարությունից հետո Ֆեյսբուքում սկսեցին հիշել Հիտլերին ու Ստալինին՝ ցավով արձանագրելով, որ Փաշինյանի ֆոնին Հիտլերն ու Ստալինը, փաստորեն, բավականին դեմոկրատ ու հանդուրժող, նաեւ օրենքը հարգող ղեկավարներ են եղել։