Աղանդավորության մասին

Աղանդավորության մասին

Սկզբունքորեն չեմ գործածում «սորոսական» որակումը: Չգիտեմ՝ ով է Սորոսը, չեմ հավատում, թե նա «համաշխարհային ստվերային կառավարություն ունի»  կամ «գունավոր հեղափոխություններ է կանխածրագրում» անցանկալի ռեժիմների դեմ: Բայց որ հայ իրականության մեջ քաղաքական աղանդավորություն կա, դրանում համոզված եմ: Չեմ պնդում, թե նրանք արտաքին ուժի պատվեր են կատարում: Գուցե ամեն ինչ արվում է համոզմունքո՞վ: Չգիտեմ: Պարզապես զարմացնում է նրանց «ուղղափառ» համառությունը: Նաեւ՝ մտավարժանքների «թռիչքը»: Տարիներ, տասնամյակներ շարունակ այդ մարդիկ զբաղված են քաղաքական ալքիմիայով: Հատկապես՝ ԼՂ կարգավորման հարցում: Երեւակայում եւ ուրիշներին էլ փորձում են համոզել, որ Հայաստանը մե՜ծ աշխարհաքաղաքական նախագծումներում կարող է որոշիչ դերակատարություն ունենալ, պարզապես մեր իշխանությունները բավարար կամք չունեն, որպեսզի օգտագործեն պատմականորեն ընձեռնված հնարավորությունը:

Այդքան օրթոդոքս միայն աղանդավորականը կարող է լինել: Միայն նրանք են ի զորու աչք փակել իրականության դեմ եւ պարտադրել, որ հավատան իրենց ուսմունքին: Նրանք են, որ ցանկացած երեւույթ դիտարկում են դավադրապաշտության տեսանկյունից: Նրանք հայ ժողովրդին անընդմեջ ներշնչում են, որ Հայաստանին սպառնալիքով խցկել են ԵԱՏՄ եւ զրկել սուվերենությունից: Որ նրա դեմ ռուս-թուրքական դավեր են նյութվում: Որ ԱՄՆ-ը 2016թ. Վիեննայում դրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գիծը որպես սահման դե-ֆակտո ճանաչելու առաջնահերթություն, բայց Ռուսաստանը խանգարել է: Եւ այսպես՝ շարունակ:

Ընդհուպ՝ որ եթե  նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանը չի հաղթել, ուրեմն Արցախում «հաստատվում է Ռուսաստանի ազդեցության իշխանություն, իսկ նպատակն Արցախը Հայաստանից բաժանելն է, ուրեմն պետք է գործի դնել «միացում» հայեցակարգը»: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ մարդիկ: Անուններ չհնչեցնեմ, բայց նրանց մեծամասնությունը ռուսական կրթություն ունի, բացարձակապես տեղյակ չէ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանը, հայ քաղաքական մտքին: Նրանք հայերեն չեն կարդում, խոսում են ահավոր վատ, բայց իրենց երեւակայում են ազգայնական: Տարիների ընթացքում հետեւելով նրանց ինքնադրսեւորման փոխակերպումներին, գալիս եմ այն համոզման, որ «աղանդավորության» այդ տեսակը մեր ժողովրդին ծանոթ է դեռեւս նախանցյալ դարի վերջերից: Եւ հենց դա է անցյալի մեր ճակատագրական վրիպումների գլխավոր պատճառը: Այն ժամանակ Սորոսը դեռ ծնված չէր: Գուցե քաղաքական «թոնդրակյանությունը» նույնպես ազգային դիմագի՞ծ է…