Դա ելք չէ

Դա ելք չէ

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, որ արտգործնախարար Մասիս Մայիլյանի խորհրդականն է նաեւ, իրավիճակը գնահատում է ճգնաժամային եւ առաջարկում նոր սահմանադրություն, որպեսզի հաստատագրվի միասնական հայկական պետությունը: Այլ թեմա է, թե ինչու՞ նման գաղափար ծնվել է նախագահի ընտրություններում Մասիս Մայիլյանի ձախողումից հետո: Իսկ գուցե նա քարոզարշավ տաներ այդ պլատֆորմով եւ հասներ հաջողությա՞ն: Բայց իրականությանը նայենք բաց աչքերով: Երկրորդելով Արզումանյանին, lragir.am-ի մեկնաբանը եզրահանգում է, որ իրավիճակից միակ ելքը դա է եւ հարցադրում. «Կկարողանա՞ն Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաներն իրենց մեջ ուժ գտնել եւ համակարգային որոշում ընդունել: Թե՞ սեփական շահերից ելնելով կհանձնեն հայոց պետականությունը արտաքին ուժերին…»:

Ընդսմին, անհանգստությունը բխեցվում է «Ռեգնում» գործակալության տնօրեն Կոլերովի այն դիտարկումից, որ Ռուսաստանը դեմ է Արցախը որպես Հայաստանի մարզ դառնալուն: Իսկ մյուս ուժային կենտրոնները կո՞ղմ են՝ ոչ ոք այդ հարցը գոնե իրեն չի տալիս: Իհարկե, սեփական պետականության կարեւորագույն խնդիրը լուծելիս հարկ է առաջնորդվել միայն ազգային շահի գերակայությամբ: Բայց առաջարկվող լուծումը գոնե այս պահին չի կարող օրակարգային լինել այն պարզ պատճառով, որ մինչ այդ պետք է Արցախում ավարտին հասցնել ընտրությունները եւ ձեւավորել կայուն ու գործունակ իշխանության: Մյուս բոլոր հարցերը՝ հետո: Որովհետեւ, պայմանականորեն ասած՝ «համահայկական» սահմանադրություն ունենալու համար նախ պետք է մշակել հայեցակարգ, կազմակերպել խորհրդատվություններ, քննարկումներ, ապա անցնել բուն տեքստին: Այդ ընթացքում, պետք է համոզված լինել, ով չծուլանա՝ ներկայացնելու է սահմանադրության իր նախագիծը կամ առնվազն՝ առաջարկությունների փաթեթը: Ի վերջո, գործընթացին ներգրավվելու է նաեւ Սփյուռքը՝ իր ավանդական կառույցներով եւ դրանից հետեւող բազմակարծությամբ:

Մի խոսքով՝ գործընթացը կարող է տարիներ տեւել: Խնդիրն այդ անցումային շրջանում Արցախի կառավարելությունն ու անվտանգության, լիարժեք կենսագործունեության ապահովումն է, հրամայական, որի շուրջ պետք է համախմբվեն բոլորը՝ ընտրություններում հաղթած եւ իշխանության եկած թեկնածուն, նրա մրցակիցները, խորհրդարան մտած եւ այնտեղից դուրս մնացած քաղաքական ուժերը, ՀԿ-ները եւ տարատեսակ ,,շարժում,,-ները, Հայաստանի գործող իշխանությունը եւ նախկինները, դաշնակցականներն ու հնչակյաններն ու ռամկավարները: Սա հագեվարք ապրող ԽՍՀՄ-ը չէ, որտեղ կարելի էր  ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու որոշում ընդունել եւ, թող թույլ տրվի ասել՝ «պլստալ» : Մեր անցյալում մեկ անգամ Միացյալ Հայաստան հռչակվել է՝ թղթի վրա: Արդյունքում կորցրել ենք իրականում ունեցածի գրեթե կեսը: Մեկ դար անց որոշում ընդունելուց առաջ հարկավոր է տասը անգամ, հարյուր անգամ, հազար անգամ ծանրութեթեւ անել, գնահատել թերը եւ դեմը: Արցախում նախագահական ընտրություններում անհաջողությունը պետք է ոչ թե արկածախնդրության, այլ լրջագույն վերանայումների մղի: