Եթե Բադասյանի կնոջ ընկերությունը «1C» ծրագրով հարկեր թաքցնի, Վլա՞դն է մեղավոր

Եթե Բադասյանի կնոջ ընկերությունը «1C» ծրագրով հարկեր թաքցնի, Վլա՞դն է մեղավոր

«Ակթրեյս Սոֆթ» կազմակերպության սեփականատեր Վլադիմիր Սարգսյանի դեմ Քննչական կոմիտեն շարունակում է գործողություններ անել։ Այս կազմակերպության անունը հանրությանն առավել հայտնի դարձավ «Նոր Զովքի» գործով, ընկերության սեփականատերը մեղադրվում է հարկեր թաքցնելուն օժանդակելու մեջ, նա կալանավորված է։ Երեկ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց․

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ս․-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Ավամ գրուպ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, 2016 թ. ապրիլ ամսից մինչեւ 2023 թ. փետրվար ամիսը ներառյալ, թաքցրել է «Ավամ գրուպ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը եւ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ... ներդրել է «1C» առեւտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին եւ սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «Ավամ գրուպ» ՍՊ ընկերության եւ այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաեւ «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցված շրջանառության վերաբերյալ տվյալները։ Այդկերպ «Ավամ գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ս.-ն... Վ. Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը եւ շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է հարկվող գործարքների մի մասը... ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը... Նախաքննության ընթացքում «Ավամ գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս. Ս.-ն պետբյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Վլադիմիր Սարգսյանի եղբոր՝ Տիգրան Սարգսյանի հետ։ Նա ՔԿ հայտարարությանը հետեւյալ կերպ արձագանքեց․ «Էլի նույն մեղադրանքն է՝ հարկերից չարամտորեն խուսափելու վերաբերյալ, ու իբր դա արվել է «1C» ծրագրի, որը էլի, իբր, Վլադիմիրից են ձեռք բերել։ Այս բոլոր «իբր»-ները մինչեւ իրենք չապացուցեն, որեւէ հիմնավոր մեղադրանքի մասին խոսք գնալ չի կարող, որովհետեւ իրենց մեթոդիկան հետեւյալն է․ մտան ընկերություն, ասում են՝ սեւ թվերը, մենք ամեն ինչ գիտենք քո մասին, եթե չես ուզում լուրջ խնդիրների առաջ կանգնել, արի, խոստովանիր, որ հարկեր ես թաքցրել, գրի, որ այս ծրագիրն է, մնացածը մենք կսարքենք, կսրբագրենք, դու մեզ միայն այդքանը տուր։ Ես բոլոր տնտեսվարողներին հորդորել եմ՝ դրանց հետ որեւէ համագործակցության չգնալ եւ դրանց որեւէ խոստմանը չհավատալ, որովհետեւ այն, որ այդ ընկերության տնօրենը հիմա ստորագրությամբ ազատ է արձակվել, դա դեռ չի նշանակում, որ իրենց խոստումը կատարված է, ու իրեն ոչ մի նեղություն չեն պատճառի»։

Փաստորեն, հարկեր թաքցնելու մեջ մեղադրվողներն ազատության մեջ են, իսկ իր եղբայրը, որը մեղադրվում է օժանդակելոււ մեջ, կալանավորված է, Տիգրան Սարգսյանն արձագանքեց․ «Դուք արձանագրումն արեցիք նոր: Այն պայմաններում, որ հարկ թաքցնելու մեջ մեղադրվողն ազատության մեջ է, նույն պայմաններում օժանդակության մեջ մեղադրվող մարդը դեռ կալանքի տակ է։ Սա, միանշանակ, պետական ռեպրեսիա է, ու Վլադը պատանդ է իրենց մոտ, որպեսզի մնացած ընկերությունների վրա գրի, որովհետեւ իրենք ասել են՝ գրիր, թե որ ընկերություններն են հարկ թաքցրել։ Անունները գրիր, սպիտակ թղթի տակ ստորագրի, մնացածը մենք կսարքենք՝ ինչ պետք է»։ Հարցրինք՝ հերքո՞ւմ են, որ «1C» ծրագիրն իրենց ընկերությունից է ձեռք բերվել, թե՞ պնդում են, որ իրենք պարզապես ծրագիրն են վաճառել։ «Ձեր հարցի մեջ պատասխանը երկրորդ պարբերությունն էր, նման ծրագիր՝ «1C», կարող են Գուգլից էլ քաշել, կարող են նաեւ «1C» ռուսական ընկերությունից առնել, կարող են նաեւ «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից առնել։ Այդ ծրագիրը բաց, ծրագրավորման տիրույթ է, որտեղ ով ինչ լրամշակումներ ուզում է, շատ արագ անում է, կարող եք Գուգլում որոնել ու տեսնել, որ այն շատ ճկուն ծրագիր է, որը կարելի է ցանկացած տեղից ձեռք բերել, ու ով ինչ ուզի, դրանով անի։ Օրինակ, եթե Ռուստամ Բադասյանի կնոջ փաստաբանական ընկերությունը «1C» ծրագրով հարկեր թաքցնի, դրանում է՞լ է Վլադը մեղավոր լինելու»,- ասաց Սարգսյանը։