Որքան նստեց Երասխի գործարանի տեղափոխումը ՀՀ կառավարության վրա

 Որքան նստեց Երասխի գործարանի տեղափոխումը ՀՀ կառավարության վրա

Երասխի մետալուրգիական գործարանը, ինչպես հայտնի է,  կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ Կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերի կեսին հավանություն տվեց Արարատում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին ու «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ընկերությանը 8,9 հա հողատարածք նվիրաբերեց․ «Միաժամանակ, հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղների արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով  միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»,- նշված էր որոշման հիմնավորումների մեջ։ Գործարանի տեղափոխման ու վայրի հստակության հետ կապված, հիշեցնենք, «Հրապարակը» տեղեկացրել էր շատ ավելի վաղ։ Կառավարության այսօրվա  նիստում  էլ որոշվեց 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների  Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ի կողմից Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի դեկտեմբերի 14-ին Կառավարության կողմից ընդունվել և հավանության է արժանացել Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդումային ծրագրին հավանություն տալու և «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ին հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշումը: Այս որոշումը կայացվել է, քանի որ Ընկերության կողմից Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է ելնելով որոշ հանգամանքներից։

Արարատի մարզի Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով Ընկերության կողմից կատարվել են մի շարք շինարարական (և ոչ միայն) ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 մլրդ  դրամ:
Նախագծով առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների  Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրել 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Արարատ բնակավայրում Ծրագրի ֆինանսավորման նպատակով։
Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ բյուջետային վարկի տրամադրման սկզբնաժամկետից հաշված 1-ին տարում վարկի տոկոսադրույք չի հաշվարկվում,2-րդ տարում տոկոսադրույք հաշվարկվում է, սակայն հաշվարկված տոկոսադրույքը չի մարվում նշված ժամանակահատվածում և վարկի և հաշվարկված տոկոսադրույքների գումարը (այդ թվում 2-րդ տարվա համար հաշվարկված տոկոսադրույքի գումարը) սկսում է մարվել վարկի տրամադրման սկզբնաժամկետից հաշված 3-րդ տարուց մինչև տրամադրված վարկի ավարտման ժամկետը ամսական հավասարաչափ մարման գրաֆիկով։

Որպես փոխառության ապահովման միջոց գրավադրվում է սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանող Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող գույքը և «ՅՈՒՆԻՈՆ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող քաղաք Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը:

Նախագծով նախատեսվում է նաև 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկը «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից տրամադրել Ընկերությանը՝ որպես փոխառություն, որի  մնացորդի դիմաց Ընկերությունը սեփական միջոցների հաշվին «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին պետք է վճարի փոխառությունը և դրա տոկոսադրույքները, ինչպես նաև տարեկան 0.9 տոկոսի չափով փոխառության սպասարկման վճար:

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով: