Ի՞նչն է թանկ՝ սպայի կյա՞նքը, թե՞ դպրոցական գույքը

Ի՞նչն է թանկ՝ սպայի կյա՞նքը, թե՞ դպրոցական գույքը

Պարզվում է, երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մեջ իշխանության պատասխանատվությունը տեսնելը կախված է լրագրողների ցանկությունից: Իսկ այդ ցանկությունը պայմանավորված է լրագրողների՝ որեւէ կոնկրետ օր ուրախ կամ տխուր, առողջ կամ հիվանդ, էներգիայով լի կամ ջարդված (եւ այլն) արթնանալուց: Նման ինքնատիպ պատասխան է տվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու վերաբերյալ լրագրողների հարցին: Իսկ նախարարը պետք է պաշտոնանկ արվեր, քանի որ խաղաղ պայմաններում 6 ժամվա ընթացքում նույն զորամասում տեղի էր ունեցել երկու սպանություն: Կամ` մեկ սպանություն եւ մեկ ինքնասպանություն: Երկու դեպքում էլ սպանվածները սպաներ էին: 

Նախարարը չէր կարող պաշտոնանկ արվել, Արեւմուտքի կարծիքով, այնպիսի երկրներում, ինչպիսիք են, ասենք, ոչ ժողովրդավարական Ռուսաստանը կամ Իրանը: Բայց Հայաստանն այդպիսին չէ: Այն «ժողովրդավարության բաստիոն» է եւ կամ «ժողովրդավարության փայլուն աստղ»: Եվ, ըստ այդմ՝ այդպիսի պատահարներից հետո այստեղ պետք է առաջին հերթին պաշտոնանկ արվի զորամասի հրամանատարը: Նրան պետք է հետեւեն կորպուսի հրամանատարը, պաշտպանության նախարարության կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետը եւ, ի վերջո՝ հենց պաշտպանության նախարարը: Այդպես պետք է լինի, իմ պատկերացմամբ, նման դեպքերի առումով ցուցաբերվելիք մոտեցումն արեւմտյան ժողովրդավարություններում: Բայց քանի որ մոտեցումն այդպիսին չէ Հայաստանում, ուրեմն մեր երկիրը ժողովրդավարական չէ: Բնականաբար, այդ ակնհայտ հակասությունը չեն տեսնում արեւմտյան երկրներում եւ չեն տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ջանքերով ռուսական զինվորականները չեն հեռացվել Հայաստանից: 

Սակայն Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական երկիր չէ: Այն, ընդհանրապես, դժվար է նորմալ երկիր անվանելը, քանի որ քուչի կանոններով մեկ անձի կողմից կառավարվող տարածքը նորմալ երկիր լինել չի կարող: Վերհիշենք՝ 2-3 օր առաջ մարզպետներ ու պետկոմի նախագահ գործից հանվեցին անհեթեթ պատճառաբանությամբ: Ավելի ճիշտ` առանց պատճառաբանության, սակայն անհեթեթ իրավիճակների բերումով: Ինչը վկայում է, որ երկու սպայի կյանքը մեզանում ավելին չարժե, քան դպրոցի սպորտդահլիճի գույքի որակյալ կամ անորակ լինելը: Կարծում եմ, որ ո՛չ Ռուսաստանում եւ ո՛չ էլ Իրանում չէին կարող տեղի ունենալ այդպիսի երեւույթներ: Որովհետեւ այդ երկրներում գործում են գրված օրենքներ եւ հազարամյա պետականության չգրված ավանդույթներ, որոնց համաձայն՝ սպայի կյանքն ավելին արժե, քան դպրոցական այս կամ այն գույքը: