Ազգային մտածելակերպի որոշ առանձնահատկությունների մասին 

Ազգային մտածելակերպի որոշ առանձնահատկությունների մասին 

Այսպես կոչված՝ խորհրդային (ի դեպ, ոչ ամենավատ) ժամանակներում ժողովրդի մեջ (հայ) տարածված էր, եւ ոչ բոլորովին անհիմն, ասացվածքը. ցանկացած բնակարանի ներսը մի «Էրմիտաժ» է, իսկ շքամուտքերի ներսում՝ .... հըմ ... խոզանոց:

Եկան նոր (իմա՝ «կապիտալիստական») ժամանակներ, եւ դրանց հետ մեկտեղ՝ հասարակության անխուսափելի շերտավորումը՝ գույքային սկզբունքով։ Մեծահարուստ մարդիկ սկսեցին իրենց համար առանձնատներ ու վիլլաներ կառուցել, դե, առնվազն, շքեղ բնակարաններ գնել, այսպես կոչված, «էլիտար» շենքերում, իսկ մենք` «սովորական մահկանացուներս», ինչպես եղել էինք, այնպես էլ մնացինք անգույն ու միանման շենքերում, որոնք կառուցվել են 50-80-ական թվականներին:

Հանուն արդարության նշենք, որ «երկաթե վարագույրը» բացվելուց հետո, հատկապես ԽՍՀՄ փլուզումից (կամ քանդելուց) հետո, երբ մարդիկ սկսեցին շատ ավելի հաճախ ճանապարհորդել արտասահման, «սովորական» տների շքամուտքերի ներսում, այսպես կոչված, «դոմոֆոնների» տեղադրումից հետո դռների վրա մաքրության մակարդակը փոքր-ինչ բարձրացավ։ 
Բայց միայն փոքր-ինչ… 

Այն շենքերում, որտեղ չկան դոմոֆոններ, հատկապես Երեւան կոչվող մեգապոլիսի ծայրամասերում, սանիտարական վիճակը քիչ է փոխվել. աղբ, որը նետվում է շքամուտքի ներսում եւ դրա դիմաց, նաեւ՝ բակում, հենց բնակիչների կողմից, կեղտ, գարշահոտություն, այդ թվում՝ ներողություն` մեզի․․․․ Նույնը, չնայած ավելի փոքր չափերով, երբեմն հանդիպում է կենտրոնից ոչ այնքան հեռու գտնվող տարածքներում:

Վերոնշյալը տեղին է նաեւ ամեն տեսակի երկաթե ցանցերով ցանկապատված փոքր մասնավոր հողատարածքների դեպքում, որտեղ ինչ աղբ ու զիբիլ ասես չես գտնի, տարիներով լքված կրպակներ ու խանութներ, որոնք այնքան էլ հեռու չեն քաղաքի կենտրոնից։

Հարկ է նշել, որ այստեղ վերջին հերթին մեղավոր չեն նաեւ այն «քաղաքի լավ տղերքը», որոնք սկսեցին overseas ճամպրուկներ գնել, հենց որ սկսվեցին էլեկտրականության առաջին հովհարային անջատումները՝ 1991-ի ուշ աշնանը։ 
Դե ինչ-որ մեկը նետվեց դեպի «Մայր Ռուսաստան», մյուսները՝  «նվիրական» Նահանգներ եւ կամ, վերջապե՛ս, Եվրոպա (եւ հենց հիմա, որովայնի վրա ճարպի շերտ կուտակելով, դառնալով «հարգարժան քաղաքացիներ», նրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես ապրել...((((( ) 
Ինչպես հայտնի է, «սուրբ տեղը դատարկ չի մնում»…

Դե՛, քաղաք փախստականների հոսքեր լցվեցին, գյուղացիների «քարավաններ» եւ այլն․․․
Այսպիսով, ի՞նչ անել. պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, նաեւ՝ հասարակական կազմակերպությունները, առանց հապաղելու պետք է սկսեն քարոզչական-«դաստիարակչական» գործունեություն՝ հեռուստահաղորդումներ, պաստառներ, սոցիալական ցանցեր, բուկլետներ եւ, իհարկե՛, տուգանքներ, թեկուզ՝ փոքր:
Այդ դեպքում արդեն մի քանի տարի հետո արդյունքն ակնհայտ կլինի, վստահեցնում եմ ձեզ։ Իսկ մինչ այդ «մեծամասնությունը» կազմում են․․․, դե դուք հասկացաք, թե ովքեր․․․ Բացառություն են կազմում հայրենադարձները, այո՛, թերեւս, նաեւ ռուս ռելոկանտները:

Ավստրալիայից հայրենադարձված իմ հարեւանը` մի տարեց մարդ, իր կնոջ հետ, ով ապրում է մեր հինգ հարկանի շենքի առաջին հարկում, մոտ 15 տարի առաջ ժամանելուն պես «չլսված բան» արեց՝ ներկելով շենքի առաջին հարկի պատերը, եւ կանգ չառավ այնտեղ՝ հասնելով գրեթե երրորդ հարկ: Հետո՝ ավելին. մի կնոջ վճարում է, որ ամբողջ բակն ավլի՝ իր գրպանից, կոյուղու հետ կապված խնդիրներ կան՝ կանչում է վարպետին ու վճարում....
Ճի՛շտ է, սեփական գրպանից, ինչ-որ բան շտկել՝ նույնը:

Բայց նման դեպքերը բացառություններ են: Եվ դրա համար էլ կան բացառությունները, որպեսզի մնացածը լինի ...
Ընկերս մի ուշագրավ պատմություն պատմեց. նրանց բարձրահարկ շենքում փչացել էր վերելակը։ Սկսել էին դրամահավաք՝ վերանորոգման համար։ Սակայն 1-ին, 2-րդ եւ 3-րդ հարկերի բնակիչները հրաժարվել էին մասնակցել. իրենց, գիտե՛ք, վերելակն անհրաժեշտ չէ․․․․ Ահա, սա է մեր «ազգային մտածելակերպը»:
Գուցե վերոհիշյալ համեմատությունը կարող է այնքան էլ տեղին չթվալ, սակայն մտածեցի․ միջնադարում ամեն հայ մելիք ասում էր․ պատսպարվեմ իմ ամրոցում, եւ փորձանքը (արաբներ, պարսիկներ, թուրքեր եւ այլն) կանցնեն իմ կողքով…
Գնա ու տես, որ․․․ չանցա՛վ․․․

Գուրգեն Խաժակյան
ՀՀ վաստակավոր լրագրող