Պապ, կուզեինք էլի առանց գազ-լույս, առանց հաց լինեինք, բայց՝ մեր տանը

Պապ, կուզեինք էլի առանց գազ-լույս, առանց հաց լինեինք, բայց՝ մեր տանը

Արցախցի Աշոտ Գրիգորյանի հետ եմ զրուցում։ Ստեփանակերտից է։ 1988-ին սկսված Արցախյան շարժումից ի վեր միշտ եղել է ամենաթեժ կետերում։ 16 տարեկանից կամավոր է, ավագ ընկերների հետ որսորդական հրացաններով ու ինքնաշեն այլ զինատեսակներով գնում էին Արցախի առավել վտանգավոր ծայրամասային գյուղերն ու հերթապահում` հակահարված տալով ազերիների զինված ոտնձգություններին։ Հետո արդեն իրական պատերազմ` Օմարի բարձունքներից մինչեւ Մարտակերտ, Կիչան, այնտեղից մինչեւ Հորադիզ պայքարում էր հայրենի լեռնաշխարհի պաշտպանության, ազատության համար։ Այնուհետեւ՝ 44-օրյա պատերազմ ու Արցախի վերջնական հանձնում։
Երեք անգամ վիրավորվել է Աշոտ Գրիգորյանը, բայց մնացել է նույն համառ, ըմբոստ արցախցին։ Այժմ կնոջ, զավակի, հարսի ու երեք թոռների հետ բնակվում է Երեւանում` երեք սենյականոցում։ Հարցնում եմ․ «Որքա՞ն է բնակվարձը»։ «250 հազար դրամ»։ «Բայց ինչո՞ւ եք հենց Երեւանում տեղավորվել, ինքդ էլ գիտես, որ այդտեղ գները բարձր են»։

Պատասխանում է. «Աշխատանք գտնելու հնարավորությունն այստեղ ավելի մեծ է: Սկզբում Գյումրիում տեղավորվեցինք, ավելի մատչելի էին գները, բայց էդպես էլ չկարողացանք աշխատանք գտնել։ Ստիպված եղանք Երեւան գալ։ Նաեւ էստեղ կյանքն ավելի եռուն է, ես սովոր չեմ հանգիստ, ճապաղ, աշխարհից կտրված կյանքի»։
Աշոտը բանվորություն է անում։ Չցանկացավ մանրամասնել` կոնկրետ ինչ ու որտեղ։ Որդին առաքիչ է աշխատում` ապրանքներ է մատակարարում մոտ երկու տասնյակ առեւտրի կետերի։ Հարցնում եմ Արցախում անցկացրած վերջին օրերի մասին։ Դեմքին իսկույն տխրություն է իջնում, մռայլվում է. «Ասելու բան չկա, ինքներդ էլ գիտեք` շրջափակում, դատարկ խանութներ, հացի հերթեր, սով ու աշխարհից կտրված, առանց որեւէ օգնության կյանք։ Բայց էդ դժվարությունների, անցկացրած ծանր օրերի համար չեմ ցավում։ Սիրտս ցավում է, որ մեր ողջ կյանքը, հպարտությունը, հաղթանակները, տարիների մեր ողջ աշխատանքը, տունուտեղը, հարազատների գերեզմանները թողեցինք էնտեղ, նվիրեցինք թուրքին»։ Դավաճանաբար մեզ ծախելուց է սիրտս մրմռում։ Թող չօգնեին, ոչինչ չանեին մեզ համար, միայն թե ստոր տականքի պես թիկունքից չխփեին, մեզ էդքան անպատիվ ու էժան չծախեին... Աշոտը լռում է մի պահ, հետո ինձ նայում արդեն վերափոխված, կայծկլտուն աչքերով. «Գիտե՞ք ինչ կուզեի: Որ ինձ ու մեզ ծախող էն ամենամեծ շան տղային բանտարկեին ու մի խուց գցեին...»: Աչքերն ավելի բոցավառ են դառնում, ասես իր մեծագույն թշնամու վրա հարձակման պատրաստվող վագր լինի։

Ու ես պատկերացնում եմ, թե այն տարիներին նա ինչպես է կռվել ազերիների դեմ։ Ինչպես է իր երկու ընկերների հետ սարսափի մեջ գցել թշնամուն` երեք տարբեր տեղերից գոռալով, բղավելով ու կրակ բացելով նրանց վրա, այնպիսի տպավորություն են ստեղծել, կարծես այդ երեք տասնյակ ազերիներին գերազանցող ուժերով են կռվում։ Ու երբ նրանց կեսին ոչնչացրել են, տասնյակից ավելիին գերի վերցրել, ազերիներն ապշած չորս կողմն են նայել` տեսնեն, թե մյուսներն ուր են։ Երեւի մտքներով էլ չի անցել, որ «մյուս» չկա` ընդամենն այդ երեք հոգին են իրենց դեմ կռվել ու հաղթել։
Հարցնում եմ. «Իսկ փոքրիկները, երեխաներն արդեն հարմարվե՞լ են այստեղ»: «Դե, երեխաներ են, դպրոցականներ են։ Ավելի հարմարվող են լինում երեխեքը, բայց հաճախ է պատահում, որ ասում են` պապ, կուզեինք էլի առանց գազ, առանց լույս, առանց հաց լինեինք, բայց էնտեղ` մեր տանը... Ու էդ պահերին ես չեմ կարողանում երեխեքի աչքերին նայել, դեմքս շրջում եմ եւ անզորությունից ուզում եմ գազանի պես ոռնալ…»:

Զրուցակցիս փորձում եմ վերադարձնել մեր օրերում կատարվող իրադարձություններին. «Բագրատ սրբազանի գլխավորությամբ սկսված համաժողովրդական շարժմանը մասնակցո՞ւմ ես։ Ի՞նչ ես մտածում»: «Իհարկե, մասնակցում եմ։ Պինդ տղամարդ է, հավատում եմ նրան։ Բայց այս պայքարը շատ է մեղմ, շատ է... հարմար բառը չեմ գտնում։ Օրինակ, ես ուզում եմ ավելի կոշտ մի բան անել, երբ տեսնում եմ, թե էդ պագոնավոր գյադաները ոնց են իրենց պահում... Բայց մտածում եմ, որ հանկարծ դա ճիշտ չի լինի։ Մտածում եմ, որ սրբազանն իր ծրագիրն ունի, չխանգարեմ...»: «Ի՞նչ ես կարծում` ազատվելո՞ւ ենք Չարիքից»։ «Եթե ուզում ենք ապրել, ապա նա չպիտի լինի։ Սա է իմ վերջին ասելիքը»,- պատասխանում է Աշոտը։

Գարեգին Վարդանյան