Ներքին սահմանազատումներ եւ սահմանագծումներ

Ներքին սահմանազատումներ եւ սահմանագծումներ

Ըստ ՔՊ-ական բարձրագույն գաղափարական շրջանակի՝ վտանգ կա, որ Բագրատ սրբազանի՝ վարչապետ դառնալու պարագայում երկիրը կթեւակոխի կղերաֆեոդալական փուլ: Կղերը, ինչպես հասկացաք, եկեղեցին է, դե իսկ ֆեոդալներն էլ՝ նախկինները: Հիմա ես սրանց գաղափարական սնանկությունից բան չեմ հասկանում: Ո՜վ ՔՊ գաղափարական բարձրագույն շրջանակներ, քանի կար՝ հայտարարում էիք, որ ձեր «դեմոքրսին» մի ուժ է, որ անպարտելի է, քանի կար՝ ձեզ ճղում էիք, թե այդ ուժի մարտիկներն եք, քանի կար՝ շեփորում էիք, որ Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, քանի կար՝ պնդում էիք, որ տեղափոխվել եք ժողովրդավարության բարձրագույն խումբ: Ի՞նչ պատահեց ձեզ, այդ ի՞նչ արեցին եկեղեցին ու նախկինները, որ այսպես վախեցաք, «պրիպադկեքդ» բռնեց, ու սկսեցիք ձեզ պատեպատ տալ: Բա ձեր ժողովրդավարությունը դրեք Բագրատ սրբազանի խաչի դեմ, ինչո՞ւ եք փախչում այդ խաչից: Բա ժողովրդավարության բաստիոնի դիրեկտորը խաչից կվախենա՞… Էս ո՞ր դարն ա… Բա էս լուսավոր դարում մարդ հերետիկոս-հերետիկոս կխաղա՞, որ դուք խաղում եք:

Կղերաֆեոդալականության դեմ պայքարն աշխարհում վաղուց դադարել է: Ժամանակ է անցել, հասարակարգեր են փոխվել, պրոգրես է տեղի ունեցել, վերջապես: Ամեն ինչ վաղուց իր տեղն է ընկել: Կրոններն ու եկեղեցին դարձել են հոգեւոր արժեք, ֆեոդալները՝ բուրժուաներ, իսկ ավելի ուշ՝ նաեւ հարկ վճարող բարեխիղճ գործարարներ: Ու ինչպե՞ս պատահեց, որ հենց Հայաստանում «գլուխ բարձրացրեց» կղերաֆեոդալականությունը: Սա ի՞նչ ռեգրես էր, ո՜վ ՔՊ-ական գաղափարական էլիտար շրջանակներ, որ պատուհասեց ձեզ: Բագրատ սրբազանից ու նախկիններից «բոբո» սարքելը դեռ ամենադժվար գործը չէ: Դուք իմ հարցին պատասխանեք՝ այդ ի՞նչ եք արել, որ երկիրը հայտնվել է վաղ միջնադարում, որ անգամ եկեղեցուն եք ոտքի հանել, ու հիմա այն սկսել է, բառի բուն իմաստով, այո, միջամտել ձեր մութ գործերին: Թե բա՝ ամեն ինչ լավ էր, մենք ժողովրդավարության բաստիոն էինք, խաղաղություն էինք հաստատում, սահման էինք ճշտում, ու մեկ էլ՝ կղերը ոտքի կանգնեց: Այսպես չի լինում, ո՜վ ՔՊ-ի գաղափարադաստիարակչական աշխատանքների գծով գլխավոր տնօրեն: Հռոմի պապին էլ պատմեք՝ չի հավատա:

Նաեւ մի այսպիսի դիտարկում: Այն վախը, որ ՀՀ «գործող» իշխանություններին պատել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատճառով, հուշում է, որ սրանք իսկապես համոզված են, որ իրենց դեմ եկեղեցին է ելել: Դրանով են պայմանավորված վախի մեծությունը եւ խորությունը, ուրիշ՝ ոչնչով: Անծանոթ, չիմացած բաներից են, սովորաբար, այսպես վախենում: Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՀՀ «գործող» իշխանությունների քանքարավոր «հենասյուներից» մեկը, չդիմանալով իրավիճակի անորոշությանը, առաջարկեց բարձրացնել Բագրատ սրբազանի սքեմն ու տեսնել՝ տակն ինչ կա: Որոշել էի անուններ չտալ, բայց դա Ստյոպա Սաֆարյանն էր:

Ի պատիվ ՔՊ-ական բարձրագույն քաղափարական շրջանակների, պետք է ասեմ, որ նրանք որոշել են ամեն գնով հաղթահարել իրենց վախերը եւ երկրի սահմաններին սկսված գործընթացները հասցնել կապիտուլյացիայի տրամաբանական ավարտին: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատճառներին ու նպատակներին անդրադառնալու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ ցանկություն: Էլ չեմ խոսում Բագրատ սրբազանին դեմառդեմ հանդիպելու համարձակության մասին: Թող շարժումով ու Բագրատ սրբազանով ուժայինները զբաղվեն, իսկ մենք նրանց վահանների հովանու ներքո մեր գործն անենք՝ հողերը տանք: Սա է ՀՀ «գործող» իշխանությունների մարտավարությունն այսօր, որ հաջողելու բոլոր հիմքերն ունի, քանի դեռ ուժայինները եւս կշարունակեն տառապել շարժման ու եկեղեցու մասին նույն անգիտությամբ:

Եվ ավարտեմ մի հուսադրող նորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ինստագրամի իր էջում առանց վախենալու անդրադարձել էր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը եւ, պատկերացրեք, ոչ մի վատ բառ սրբազանի մասին չէր ասել: Դա, իհարկե, չխանգարեց, որ սրբազանն Ալենին մի հատ «չօրհնի», բայց, ամեն դեպքում, ԱԺ խոսնակի համարձակությունը գովելի է: Ալեն Սիմոնյանը գրել էր. «Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումն ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից, եւ նույնիսկ եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ. Գալստանյանի կարգախոսը, ով իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, Հայրենիք եւ Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է «Աստված» բառը»: Արցախի դրոշների մասով Ալեն Սիմոնյանը, իհարկե, ստում է: Նա ստում է նաեւ կարգախոսի մասով, քանզի «Հայրենիք» բառի մեջ կա նաեւ Արցախը: Բայց այստեղ էականը սուտը չէ, այլ ԱԺ խոսնակի՝ շարժումն ավելի ուժեղացնելու անկեղծ ցանկությունը: