Արցախյան հակամարտություն․ հայկական ու ադրբեջանական հայացքներ

Արցախյան հակամարտություն․ հայկական ու ադրբեջանական հայացքներ

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է «Շրջանի մասերը» անունով վավերագրական ֆիլմի ամփոփ տարբերակը։ Այն նախատեսված է միջազգային հեռուստադիտողի համար, թեև առաջին հերթին՝ հայկական ու ադրբեջանական լսարանների։ Այն Ղարաբաղյան հակամարտության երկու՝ հայկական ու ադրբեջանական հայացքները կողք կողքի ներկայացնելու ու համադրելու փորձ է։ 3 մասանոց ֆիլմի նկարահանումները տևել են 9 տարի, անցկացվել են Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում։ Մյուս 3 մասերն են՝ «Ճանապարհ դեպի պատերազմ»,  «Պատերազմ» և «Խաղաղության փնտրտուքներում»։ Ֆիլմը ստեղծվել է 3 ոչ կառավարական կազմակերպությունների կողմից․ բրիտանական «Հաշտության ռեսուրսներ», Հայաստանի «Մեդիա կազմակերպությունների կենտրոնը» և «Ադրբեջան Internews»։

Ֆիլմի երեք մասերի ընդհանուր բյուջեն կազմել է 300 հազար եվրո և ֆինանսավորվել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական համագործակցության շրջանակներում։ Ֆիլմում որպես անկախ փորձագետներ ներգրավված են Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողները, սցենարի հեղինակներն էլ հայ և ադրբեջանցի լրագրողներն են։ Սցենարի վրա աշխատելու համար ֆիլմի հեղինակները պարբերաբար հանդիպել են Թբիլիսիում։ BBC-ի մեկնաբանությամբ՝ ֆիլմը տպավորել է անկախ դիտորդներին, բայց արժանացել պաշտոնական Բաքվի կոշտ քննադատությանը։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիևը ֆիլմն անվանել է՝ «տիպիկ հայկական քարոզչություն»։
Ֆիլմի պատումը՝ հայկական և ադրբեջանական «նառատիվներն» են։ Բացի  իրադարձությունների վրա 2՝ հայ և ադրբեջանական հայացքները համադրելու փորձից, ֆիլմի արժանիքներից է նաև այդ իրադարձությունների անմիջական մասնակիցների հետ բացառիկ հարցազրույցները․ Ադրբեջանի ու Հայաստանի նախկին առաջնորդների, նրանց խորհրդականների ու ազգայնական շարժումների ղեկավարների հետ։ Հայկական կողմից ֆիլմում ներկայացված են Նունե Սարգսյանը, Թաթուլ Հակոբյանը, երջանկահիշատակ Իգոր Մուրադյանը, այլ փորձագետներ ու լրագրողներ, Արցախի «Դեմո» ակումբի ղեկավար  Գեղամ Բաղդասարյանն իրականացրել է խորհրդատվություն։

Ադրբեջանցիներից ներգրավված են նախկին 3 նախագահների խորհրդական Վաֆա Գուլուզադեն, պատմաբան Արիֆ Յունուսը, լրագրողներ։ Քաղաքական և պետական ֆիգուրներից բացի ֆիլմում ներկայացված են նաև շարքային փախստականներ, այդ պատմական իրադարձությունների զոհեր։ «Ինտերնյուս» ՀԿ-ի տնօրեն Նունե Սարգսյանին հարցրեցինք՝ ինչպես էր առաջ գնում սցենարական մասը, քանի որ անգլալեզու խմբագրի հիշողություններով՝ հայերն ու ադրբեջանցիները սցենարը գրելիս հաճախ միմյանց վրա դռներ էին շրխկացնում, հետո գնում միասին ծխելու։ Նունե Սարգսյանն, ի պատասխան՝ առաջարկեց շատ չկենտրոնանալ դրա վրա, բայց այո, ասաց, որ այդ քննարկումների ժամանակ անընդհատ վիճել են, երբեմն՝ կռվել, և այդ քննարկումներն են եղել պատճառը, թե ինչու է ֆիլմի էկրանին հայտնվելն այդքան երկար տևել։

«Ամեն կտորն ու ամեն դրվագը մենք քննարկել ենք, բոլոր հարցերում ունեցել ենք և՛ համաձայնություններ, և՛ տարաձայնություններ»,-ասում է Նունե Սարգսյանը։ Նա ասում է, որ որևէ կտորի վերջնական մոնտաժ չի արվել առանց կողմերի փոխադարձ համաձայնության և պայմանի, որ կողմերը լինելու են մաքսիմալ կոռեկտ։ Հարցին էլ, թե գտնվե՞ց, ի վերջո, հաշտության ինչ-որ մի բանաձև, Նունե Սարգսյանն արձագանքեց․ «Այդ բանաձևը հենց ֆիլմն է։ Մենք չենք կարող ֆիլմով ինչ-որ բաներ փոխել, սա ընդամենը այս ողջ պրոցեսի մի դրվագ է»։ Նունե Սարգսյանը հեռու է այն մտքից, որ ֆիլմը ինչ-որ մի վերին ճշմարտություն է և կարող է պատասխանել բոլոր հարցերին կամ ստորագրել տալ որևէ պայմանագիր։ Ընդամենը համագործակցության ինչ-որ մի փոքր տարր է։

«Հակառակը՝ մենք ուզեցել ենք, որ սա դրդի և լավ իմաստով պրովոկացիա դառնա, որ քննարկումներ լինեն հարցի շուրջ»։ Նունե Սարգսյանը զարմացած է Բաքվի արձագանքից, «Թե ինչու ֆիլմը պետք է դառնա այդ մակարդակի քննարկումների առարկա»։ Հարցրեցինք նաև պաշտոնական Երևանի արձագանքից, նայե՞լ են։ Ասաց՝ որոշ հարցերում կոմունիկացիայի մեջ է եղել։ Եվ առհասարակ, քանի որ ֆիլմերի բոլոր 3 մասերը մշտապես ցուցադրվել են Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում, Նունե Սարգսյանը վստահ է, որ դիվանագիտական կորպուսից ևս դիտել են ֆիլմը։

Ֆիլմը սկսվում է 1989 թվականի ֆուտբոլային մի հանդիպումով, որը դիտելու համար արցախցի Էմիլ Աբրահամյանն ու ընկերները, որոնք երկար ուրախանալու ժամանակ չեն ունեցել՝ նրանց անմիջապես հրավիրել են KGB: Ասել են՝ դուք իրավունք չունեք որևէ ձևով ուրախանալու, հրճվելու։ Աղդամի շրջանից փախստական Քարիմօղլուն պատմում է, թե ինչպես էին խաղողի այգիներում հայերը ստանում 80 ռուբլի, ադրբեջանցիները՝ 27։ Ապա պատմություն այն մասին, թե ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը, ինչպես 15  հանրապետություններն անկախացան, 1923-ից Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղը դիմեց Կրեմլին ու Հայաստանին՝ միավորման պահանջով։ Հայաստանում 88 թ․ միտինգներն են, Ադրբեջանին սա մտահոգում ու «վախեցնում է»․ նույն ադրբեջանցին ասում է՝ «Մենք չէինք հասկանում, թե ինչ են ուզում հայերը։ Նրանք ուզում էին միավորվել Հայաստանին, ինչո՞ւ, մենք չէինք կարող դա ընդունել։ Ինչպես նաև հասկանալ, թե ինչպես նման բան կարող է պատահել ԽՍՀՄ-ում»։ Մյուս հարցազրույց տվողները Կապանից ադրբեջանցի փախստականներ են, որոնք պատմում են, որ մինչև 88-ը որևէ խնդիր հայերի հետ չեն ունեցել, սակայն 88-ի փետրվարին իրենց ասել են՝ դուք թուրք եք և պետք է լքեք Հայաստանը։

Հայաստան․ Սպիտակի երկրաշարժ, մահեր, Բաքվից փախստական Մարինա Սարգսյանը պատմում է․«Ես տեսա, թե ինչ արեցին հարևաններիս հետ, մեկ րոպեում սպանեցին մարդուն։ Շինարարության աղյուսով ուղիղ գլխին խփեցին, ես զանգահարեցի ոստիկանություն, նրանք չեկան»։ Իրադարձությունների շարադրանքը շարունակվում է նաև 94-ի մայիսի 12-ի զինադադարից հետո․ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն», հրաժարական, «Հոկտեմբերի 27», Ռամիլ Սաֆարովի կացնահարում, հակամարտության սեղանին դրված տարբերակների շուրջ տեղեկատվություն, 2016-ի Ապրիլյան պատերազմ  և ընդհուպ մինչև Թավշյա հեղափոխություն ու հայտարարություններ՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ «Բայց խաղաղաղության մարտահրավերները մնում են առավել, քան երբևէ»,-ասվում է վերջաբանում, արձանագրելով, որ 30 տարուց ի վեր, հայերն ու ադրբեջանցիները ապրում են պատերազմի վտանգի ներքո։

Ինչպես նշում է BBC-ի ռուսալեզու ծառայության հոդվածագիրը՝ անգլալեզու ամփոփ տարբերակը իրադարձությունների վրա հայկական ու ադրբեջանական հայացքների փոխզիջումային տարբերակն է, մինչդեռ եռապատումը հակամարտության պատմության հանգամանալից պատումն է։ Ֆիլմի անգլալեզու տարբերակի խմբագիրը նշել է, որ ֆիլմը նկարահանելու գաղափարը հղացել են՝ ներշնչվելով  Ակուա Կուրոսավայի «Ռասեմոն» գեղավեստական ֆիլմից, որտեղ պատումը մասնակիցների ու սպանված սամուրայի բերանով է։