Հրաժեշտ բոլոր նիկոլներին․ մաս 3

Հրաժեշտ բոլոր նիկոլներին․ մաս 3

Հարցազրույց Մերուժան Տեր-Գուլանյանի հետ

Առաջին մասը՝ այստեղ

Երկրորդ մասը՝ այստեղ

- Ի՞նչ անել այժմ:

- Դրված է ծրագիր` ոչնչացնել հայրենիքը, հայրենիք գաղափարը՝ նաեւ: Դրա համար է Արարատ լեռն այդ մարդուն խանգարում: Հայրենիք գաղափարը ոչնչացնում են, իբրեւ հանուն պետության, պետություն ստեղծողն ու պահողն էլ իրենք են…. Պետության անվան տակ իշխանությունն են պահում, այսինքն` ոչ թե պետության համար են մտահոգ, այլ՝ իրենց իշխանության: Նրանք ոչնչացնում են հայրենիքը` հանուն իշխանության, եւ պետություն են անվանում իրենց իշխանությունը: Մենք պետք է փոխենք մեր ապրելու ձեւը: Ես մտածում եմ, որ Հայաստանի պես երկրին նախագահական իշխանության մոդելն է անհրաժեշտ, ոչ թե խորհրդարանական: Վարչապետին ասում ենք` գնա, չի գնում, բայց այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, եւ դա խոսում է իր բարոյական կերպարի մասին: Վստահ եմ, որ Քոչարյանին էլ ասեին` գնալու էր, Սերժ Սարգսյանին ասացին՝ գնա, գնաց: Հիմա այս Նիկոլը չի գնում, ի՞նչ ենք անելու, ի՞նչ է անելու մեր ժողովուրդը, կրակն ենք ընկել: Ըստ էության, խորհրդարանական կառավարումը մեր ժողովրդի համար չէ, ցավոք:
Պետք է փոխել Սահմանադրությունը, նախագահական երկիր պետք է դառնա Հայաստանը: Վրաստանում ի՞նչ է կատարվում հիմա: Անվերջ վարչապետ է փոխվում: Մենք, փաստացի, չունենք նման քաղաքական կայացած ուժեր, հատկապես որ գալիս է մեկը, որը ոչ մի պարագայում չի ցանկանում հեռանալ, դեռ մի բան էլ հայտարարում է, որ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը երբեք վարչապետ չի ունենա: Ժամանակին մենք այդ հայտարարությունը լուրջ չընդունեցինք: Ազգը պետք է մեկին ընտրի եւ այդ մեկին պարտադրի՝ ղեկավարել երկիրը, որովհետեւ ծանր պարտականություն է երկիր ղեկավարելը: 
Մենք ուզում ենք, որ սփյուռքը լինի մեզ հետ: Սփյուռքը մեզ հետ կլինի, երբ գոնե հայեցողական իմաստով մեր ազգի եւ պետության ղեկավարմանը մասնակից լինի: Պետք է համահայկական խորհրդարան: Պետք է տարին երկու նստաշրջան անեն, եւ աշխարհի բոլոր մասերից հայերը մասնակից լինեն դրան ու քննարկեն` ինչ անել, ինչպես անել: Մենք պետք է մեր երկիրը ղեկավարենք՝ ելնելով մեր ժողովրդի առանձնահատկությունից: Երեք միլիոն հայ այստեղ` Հայաստանում է ապրում, 10 միլիոն` Հայաստանից դուրս։ Սա էլ է առանձնահատկություն: Պետք է այդ տասը միլիոնին մարդու տեղ դնել, հետո նոր պահանջել:

- Ինչո՞ւ են իշխանությունները հակառուսական ուղին ընտրել. սա լա՞վ է, թե՞ վատ:

- Իհարկե՝ վատ է: Արդեն գրեթե երկու հարյուր տարի մենք ռուսների հետ ենք ապրում, ներթափանցվել են մեր մշակույթները, Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Իհարկե՝ վատ է, որ իշխանական խմբակը հակառուսական քարոզչությամբ է զբաղված: Ռուսաստանն ասում է, որ Ղարաբաղի անկախությունը Հայաստանը չի ճանաչել: Թերեւս ճիշտ է ասում: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին հարցրել եմ ժամանակին՝ ինչո՞ւ չենք ճանաչում Արցախի անկախությունը: Մենք 1994-ից հետո կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը: Նախկին նախագահներին խորապես հարգում եմ, անկախ ամեն ինչից՝ գործ արած մարդիկ էին: Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն ասացին` ախր, որ մենք ճանաչենք, Մինսկի խմբի գործունեությունը կմնա օդում: Հիմա ես նրանց հարց եմ տալիս. որտե՞ղ է այդ Մինսկի խումբը հիմա: Ինչո՞ւ էիք վախենում դրանցից, դրանց հերն էլ անիծած, մեր Արցախի անկախությունը պետք է ճանաչեինք, երբ հաղթող էինք, երբ ուժեղ էինք: Մենք չունենք ազգային գաղափարախոսություն այսօր, իսկ դա ողբերգություն է, մեծագույն ցավ: Արցախը կղզի է, որ չուներ ծով, որովհետեւ չկար ազգային գաղափարախոսություն: Մենք հայրենիք կորցրինք, ու ոչ ոք ինքնասպան չեղավ…. Ես բնավ չեմ ուզում, որ մարդ մահանա, այնքան մահեր ու զոհեր ապրեցինք եւ հիմա կանգնել ենք թմրած անտարբերության դիմաց, ուղղակի սարսափելի է այս մեծ անտարբերությանը նայել ու չխելագարվել: 
Հիմա ի՞նչ ենք անում այսօր. թույլ ենք տալիս դասագրքեր փոխել, թուրքը դառնում է բարեկամ, ռուսը` թշնամի, «հայրենիք» բառը սկսում ենք շշուկով օգտագործել: Թալեաթ փաշան ու Գրիգոր Զոհրապն ապրիլի 24-ի երեկոյան նարդի էին խաղում: Նարդին վերջացավ, Զոհրապին ձերբակալեցին ու սպանեցին: Հայրենական նավը լքող առնետների նման հիմա ո՞ւր ենք գնում վիշապի բերան:
Նիկոլները բերում են ժանգ, որը ներսից քայքայում է մեր ժողովրդին, բայց պետք է քերել, չպետք է թույլ տալ, որ այդ ժանգը ներսից ուտի մեզ: Մենք մի ազգ ենք, որը կռվող է եղել բոլոր ժամանակներում: Ժողովուրդ ջան, խելքի եկեք: Աշխարհը փոխվում է արմատական կերպով, եւ դա տեսանելի է: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն էլ ԱՄՆ-ում կարող է չլինել: Այն կտեղափոխեն մի տաք ու փոքր հանրապետություն: Ինչու՝ որովհետեւ եթե հզոր երկրում է լինում ՄԱԿ-ը, ակամա դառնում է տվյալ պետության ծառան: Աշխարհը փոխվում է, հուսով եմ, որ ՄԱԿ-ը մի օր իսկապես կլինի Միացյալ ազգերի կազմակերպություն եւ ոչ թե Միացյալ տերությունների կազմակերպություն, ու տեր կկանգնի իրավազրկված ժողովուրդներին եւ այնքան ուժ ու հեղինակություն կունենա, որ թույլ չի տա որեւէ պետության՝ պատժամիջոցներ սահմանել այլ պետությունների նկատմամբ: Երբ ես ուսանող էի, ՄԱԿ-ն առաջարկում էր հայերենը դարձնել միջազգային լեզու: Ո՞ւմ մտքով կարող էր անցնել: Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր: Ինչո՞ւ հայոց լեզուն՝ որովհետեւ մեր լեզուն հնագույն լեզու է եւ շատ հարուստ: 
Որպես վերջաբան ասեմ` նիկոլները նույնիսկ Արգիշտի Առաջին թագավորին չեն սիրում: Երեւանի 2800-ամյակը լրացավ 2018-ին, բայց չնշվեց: Ինչո՞ւ չնշվեց, որովհետեւ նախկիննե՞րն էին հիմնել…