Հրաժեշտ բոլոր նիկոլներին․ մաս 2

Հրաժեշտ բոլոր նիկոլներին․ մաս 2

Սկիզբը՝ այստեղ

«Հրապարակի» զրուցակիցը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է: 

- Արցախցիները կորցրել են ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, գերեզման, կարողություն…. պետությունը նրանց վճարում է 100 հազար դրամ եւ դա ներկայացնում է իբրեւ մեծագույն ձեռքբերում:

- Միայն արցախցիները չեն կորցրել, կորցրել ենք մենք՝ բոլորս, կորցրել է մեր ամբողջ ազգը: Մեր ժողովրդի համար գոնե պետք է մի կարեւոր բան անեն իշխանավոր կոչվածները` հեռանան, թողնեն գնան բոլոր նիկոլները: Սրանք իրենց սարսափելի անելիքն արել են, հայրենադավ ասելիքն ասել են, այժմ ոչինչ չունեն անելու եւ ասելու: Սարսափի մեջ են հիմա: Եվ վախը նրանց դարձրել է ցինիկ,  ես տեսնում եմ նրանց բոլոր տագնապները, անտառ մտած պիոների նման գոռում են բարձր, որ իրենք չվախենան: Իրենց բոլոր տագնապները ճանաչում եմ արդեն եւ ասում եմ` հեռացեք, քանի ժողովրդի ձեռքը չեք ընկել, հեռացեք: Հայ ժողովուրդը չի բթացել, կա: Երեւանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը կա, մտածում է, անհանգստանում է: Գուցե թմրել է, բայց կա հայ ազգը: Աղետալի բաներ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ: Որդեկորույս մորն են փորձում շեղել իր ցավից, դատում են բոլոր լուսավոր մարդկանց, նույնիսկ՝ զոհվածների ծնողներին: Ես ոչ մեկի հանդեպ՝ անգամ նիկոլների, անձնական ատելություն չունեմ, արժանի չեն, բայց հորդորում եմ` գնացեք: Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, եթե Երեւանում անգամ ձայն չունեն, ո՞ւմ իշխանությունն են, որ հայտարարում են նույնիսկ, որ անգամ կկրակեն ժողովրդի վրա:

- Պատերազմի օրերին Փաշինյանի կինը ժպտադեմ լուսանկար էր հրապարակել Ֆեյսբուքում, դրանից առաջ մեկնել էր Ուկրաինա` օգնություն տրամադրելու ուկրաինացիներին: Արցախի նկատմամբ նման կարեկցանք ու սրտացավություն չենք տեսել, անգամ այն ժամանակ, երբ երեխաներ էին սպանվում:

- Ես կանանց հետ սկզբունքորեն չեմ վիճում, այնպես, որ իր մասին չխոսեմ` ներիր: Մանր ու խոշոր նիկոլներն այս տարիներին սուտը ստով փակելով՝ գնացին առաջ: Ասում էին` Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հետո պարզվեց՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է: Մեր ժողովրդին թողնելով իրենց չտնկած տասը միլիոն ծառերի մեջ մոլորված:

- Նրանք ինչո՞ւ են այսքան ատում Արցախը:

- Ատում են Արցախը, որովհետեւ այն հանձնել են թուրքին: Քանի որ իրենք են տվել, այդ պատճառով էլ ատում են: Ատում են, որովհետեւ Արցախը դիտում էին որպես խոչընդոտ՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ մերձենալու: Ատում են առավել եւս նրա համար, որ հենց իրենք հանձնեցին, եւ Արցախը հանձնելու մեղքն իրենց վիզն է այսուհետ եւ ընդմիշտ:

- Մտավորականությանն այժմ շատ են մեղադրում:

- Մի ժամանակ ես բազմաթիվ մտավորական ընկերներ ունեի: Նրանք հիմա իմ ընկերները չեն, որովհետեւ ես չեմ ուզում: Մարդիկ կան, որոնց չեմ բարեւում, որովհետեւ բարեւելու պահին ինձ մոտ մի հարց կառաջանա. ի՞նչ արժե հայրենիքը.... հիմա հայրենիք են, չէ՞, վաճառում: Ես ուզում եմ իմ չափով հայրենիք գնել:

- Այսինքն` լռությա՞մբ են վաճառում հայրենիքը:

- Այո, լռությամբ վաճառում են հայրենիքը: Պետականամերձ հեռուստաընկերություններն օր-օրի աճում են, չգիտես՝ ում փողերով եւ ինչպես: Այդ նույն մտավորական կոչվածներից շատերը նման հեռուստաընկերություններում են աշխատում: Ընդ որում` ինչքան էլ տարօրինակ է, ոչ մի նորաբաց հեռուստաընկերություն այդպես էլ չդարձավ հեռուստաընկերություն, բացվում ու փակվում են: Նիկոլայ Նեկրասովն ասում է` դու կարող ես գրող չլինել, բայց երկրիդ քաղաքացին լինել պարտավոր ես: Երկրիդ զավակը պետք է լինես: Կան մարդիկ, որոնց ես ժամանակին շատ էի հարգում, չեմ ուզում անուններ տալ, սակայն վերջերս մի գրքի շնորհանդեսի ժամանակ անգամ չցանկացա նրանց բարեւել....

- Ինչո՞ւ:

- Դու ազգային հերոս ես, բերանդ չի՞ բացվում՝ ասես. էս ի՞նչ եք անում: Հովհաննես Չեքիջյան. մարդ, ում ես շատ էի հարգում: Ի՞նչ ունես կորցնելու, որ լռում ես.... 

- Անգամ որոշ արցախցի մտավորականներ են լռում: Օրինակ, գրող, թարգմանիչ Արտեմ Հարությունյանն ասում էր` Աստված էլ է ղարաբաղցի, հիմա Ղարաբաղը հանձնվեց, իսկ նա լուռ է:

- Արցախից լիքը մարդիկ էլ կային, որոնք պաշտոնյաներ էին, ղեկավարներ: Մեզ էին ղեկավարում, իրենց կարծիքով, բայց ոչ մի խոսք չեն ասում: Խոսքը միայն վերջին օրերի մասին չէ: Տարիներ շարունակ տեսնում էին, որ Արցախը հանձնում են, եւ ոչ մի խոսք:

- Ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ են լռում:

- Վախենում են, որ իրենց արածները կարող են ջրի երես բարձրանալ: Ինչպես «Սարոյան եղբայրներում» է ասվում` երանի նրան, ով ո՛չ պապ է սպանել եւ ո՛չ էլ տերտեր:

- Ասում եք, որ նիկոլները Ձեզ սարսափի մեջ են գցել` իրենց գործողություններով: Իսկ որտե՞ղ են այսօր մեր նախկին նախագահները, որոնց հետ Դուք սերտ շփումներ եք ունեցել:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք եղել, Ռոբերտ Քոչարյանի հետ` ոչ: Նրանցից ամեն մեկն էլ գործ է արել: Հիմա չթվարկենք այդ գործերը.... Բայց որ ամենադաժանն է` բոլորը մեղավոր են, բոլորը, ես էլ եմ մեղավոր, պատգամավոր եմ եղել.... ինչ-որ բանի ձայն եմ տվել, հիմա որ հետադարձ հայացք եմ գցում` սխալվել եմ, բայց արդեն ուշ է։