Հրաժեշտ բոլոր նիկոլներին

Հրաժեշտ բոլոր նիկոլներին

«Հրապարակի» զրուցակիցը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է:

- Տարիներ շարունակ մենք գովաբանում էինք հայ ժողովրդին, մեծարում, փառաբանում, այսօր տպավորություն է, թե այդ ամենը դատարկ փուչիկ էր, որ պայթեց: Մտածող մարդիկ, հայրենիքը կարեւորող մարդիկ քիչ են, նույնիսկ արվեստագետներից շատերն այսօր անտարբեր են, անհաղորդ: Քչերն են խոսում, պայքարում, գուցե իշխանություններին չեն էլ համակրում, բայց լռում են: Ի՞նչ է փոխվել, մի՞շտ են հայերը եղել այսպիսին, թե՞ 88-ի հայն ու այսօրվա հայը այլ հայեր են:

- Հետաքրքիր ձեւակերպում` այլ հայ… բայց հայը այլ հայ չէ, նույն հայն է, ինչպես հազարամյակներ առաջ:  Այսօրվա հայերը ընդամենը իշխանության քարոզչության արդյունքում շեղվել են ազգային միասնությունից: Այսօր մենք չունենք ազգային քաղաքականություն, սուտ է, ո՛չ հրաշալի Գարեգին Նժդեհը դարձավ մեր գաղափարախոսը, ո՛չ էլ, ցավոք, այլ Մեկը: Ժամանակը ցույց տվեց, որ այդպես է, թող մեզ ների Մովսես Խորենացին, ով ողբում էր մեր թերությունները դեռ 1500 տարի առաջ, այսօր էլ է ողբում…Թուրքը քոչվոր էր, բայց ապացուցեց, որ պետություն ստեղծող է: Այսօր մենք պետք է մեզ խոստովանենք: Քոչվորը կարողացավ պետություն ստեղծել` աշխարհի լավագույն տեղում: Թշնամու մասին չպետք է արհամարհանքով խոսես: Նապոլեոնն ասում էր, որ շատերին թվում է, թե մոնղոլական արշավանքը դեպի Եվրոպա ինչ-որ խուժան արշավանք էր, բայց ոչ, դա կազմակերպված ու լուրջ կառույց էր, որն ուժեղ բանակ կառուցեց: Խորապես տխրում եմ մեզ համար, գիշերները ման եմ գալիս, քնել չեմ կարողանում` գնում եմ, գալիս եմ ու մեկ էլ հանկարծ զգում եմ, որ անվերջ կրկնում եմ` սարսափելի է, սարսափելի է: Ինքս ինձ հարցնում եմ` ի՞նչն է սարսափելի, եւ զգում եմ, որ ինձ հետ մի վատ բան է կատարվում. պատահաբար հեռուստատեսությամբ տեսա Ստեփանակերտի հրապարակը`դատարկ, անմարդ, անմեքենա, սոված խեղճ շներ, քամուց քշված անկենդան մի քաղաք… կենդանի ողբերգությունը ստիպեց ինձ խոսել… Սարսափելի է, իսկապես սարսափելի է: Մենք հայրենիք ենք կորցրել, եւ ես ինքնասպան չեմ եղել… սարսափելի է:

- Ինչո՞ւ մեր գրողներից շատերը չեն ապրում սարսափի այդ սոսկալի զգացողությունը:

- Մեր գրողներից շատերը չեն սարսափում, բայց կան նաեւ սարսափողներ, որ մի կերպ դիմադրում են, որ չխելագարվեն: Ինձ համար չէ, որ սարսափում եմ, այլ՝ հայրենիքի, ես արդեն ապրել եմ իմ կյանքը, ի վերջո՝ ես այսօր նույնիսկ տարիքով Թումանյանից ու Չարենցից ավելի մեծ եմ, ես իմ կյանքն ապրել եմ, խնդիր չունեմ անձնական, ունեմ ընտանիք, 11 թոռ, այդ սարսափն իմ անձնականը չէ, դա իմ հայրենիքի սարսափն է, իմ ժողովրդի վրա իջած թմրության սարսափն է, անտարբերության ու չարության սարսափը: 1828 թվականին Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, այսինքն` Արեւելյան Հայաստանը ռուսները պարսիկներից նվաճեցին եւ, ըստ էության, Ռուսաստանին միացրին: Հայաստանում կար մոտ 720 հազար բնակչություն: Ռուսներն անգամ մարդահամար արեցին՝ հասկանալու համար, թե ինչ երկիր են նվաճել, իսկ Արեւմտյան Հայաստանը մնաց թուրքերին, որտեղ կար երեքուկես միլիոն հայ…. Հիմա ո՞ւր են մեր երեքուկես միլիոն քույրերն ու եղբայրները, ո՞ւր է Արեւմտյան Հայաստանը: Արեւելյան Հայաստանում ենք մենք այսօր ապրում, եւ Արեւելյան Հայաստանը կա, իսկ Արեւմտյան Հայաստանն այն հայկական աշխարհն է, որը վաղուց արդեն չկա: Հիմա ինչպե՞ս հասկանալ այս հակառուսական քարոզչությունը: Ողջ պետական քարոզչամեքենան լցված է հակառուսականությամբ, հակառուսական տրամադրություններ եք տարածում, որ ի՞նչ:
Եթե դուք՝ իշխանավորներդ, արդեն հանձնվել եք թուրքերին, գնացեք հարստացեք, ապրեք թուրքի կյանքով եւ այլեւս մեր ազգի հետ գործ չունենաք:

- Գուցե ռուսներն իրապես լավ դաշնակից չեն, գուցե հակառուսականությունն այսօր որոշակի առումով տեղին է:

- Ոչ, իսկ մենք լա՞վ դաշնակից ենք: Ասում են՝ վատն են ռուսները, իսկ մե՞նք, որ ընկել ենք Արեւմուտքի ջրերը: Ուկրաինան ընկավ Արեւմուտքի խելքին, ի՞նչ եղավ ուկրաինացի ժողովրդի հետ: Բազմաթիվ ուկրաինացի ընկերներ ունեմ, նրանք ուղղակի ողբում են այսօր…. Արեւմուտքն անգամ ուկրաինացիների անվտանգությունը չի երաշխավորում, ոչ մի բան չի անում, արդյունքում կվերջանա Ուկրաինա պետությունը, նրանց ճակատագիրը որոշված է: Հիմա ի՞նչ են ուզում, որ մե՞նք էլ այդ օրն ընկնենք, մենք ե՞ւս վերանանք աշխարհի երեսից: Նայում ենք Ղարաբաղից եկողներին, սարսափելի տեսարան, անցել է 100 տարուց ավելի, նորից գաղթական ենք, նորից 1915 թվական, նորից ցավ: Թուրքերը Բաքվում ուրախանում են, մեծ-մեծ բաներից են խոսում, իսկ այստեղ բազմաթիվ նիկոլներ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հերոսների նման են ղեկավարում երկիրը: Նիկոլը հայտարարում է, որ Արարատ լեռն իրեն խանգարում է: Այդ մարդուն դա խանգարում է, ուրեմն Հայաստանի զինանշանի վրայից պիտի հանել դա. տեր Աստված…. Մեկ անգամ եղա Արեւմտյան Հայաստանում, վերադարձա տուն ու ծանր հիվանդացա: Նույնիսկ թուրքն իր թուրք էությամբ Արեւմտյան Հայաստանում չի փոխել ոչ մի հայկական անվանում, Կարսը Կարս է, Վանը` Վան: Ամեն ինչ նույնն է մնացել, վախ ունեմ, որ նիկոլներն Էրդողանին հորդորեն՝ մեր պատմական անուններն էլ փոխեն, եթե Արարատը խանգարում է մարդուն, գուցե վաղն էլ Արդահանը խանգարի:

- Սա պատվե՞ր է, թե՞ տգիտություն:

- Պատվեր է, ստրկամիտ են սրանք ու գիտեն, թե ինչ են անում: Զարմանում եմ, թե ինչպես կարելի է ինչ-որ մարդկանց տանել Ազգային ժողով ու ասել` դուք պատգամավոր եք: Հայկական հեռուստաընկերություններին սկսել եմ չհետեւել, բայց մի անգամ պատահմամբ տեսա պատգամավորներին, զարմացա՝ ովքե՞ր են այդ մարդիկ, ես նրանց անուններն առաջին անգամ չեմ լսել, ի՞նչ են արել իրենց կյանքում, ի՞նչ ճանապարհ են անցել: Անգամ նրանց անուն-ազգանունները չգիտեմ, սա զարմանալի բան է, ոչ մի տպավորություն չեն թողնում: Լրագրողը նրանցից մեկին հարց է տալիս` թուրքը մեր հողն է մտել, ի՞նչ եք մտածում այդ մասին, ակնոցավոր պատգամավորը պատասխանում է` մենք մեր ժողովրդին ենք պաշտպանում, հո չոլերը չե՞նք պաշտպանելու։ Տո չոլի ջեյրան, քո ժողովուրդը գաղթական է այսօր: Այդ ե՞րբ հայրենիքը չոլ դարձավ ձեզ համար, հայրենավաճառ պետպատգամավոր:

Շարունակելի