Լավագույն կադրերը հեռանում են

Լավագույն կադրերը հեռանում են

Մի քանի ամիս առաջ, ավելի ստույգ՝ փետրվարի 4-ին, Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատել էր կառավարության փորձառու կադրերից մեկին՝ Արթուր Սարգսյանին։

Լայն հանրության համար այս իրադարձությունն աննկատ անցավ, բայց նրանք, ովքեր ճանաչում էին Արթուր Սարգսյանին, կառավարության աշխատակիցները, չինովնիկական դասը զարմացած էին, քանի որ նրա նման մասնագետներ գործադիրի կազմում քիչ կան։ Լուրեր տարածվեցին, որ Սարգսյանն իրականում հեռացել է ինչ-որ մեկի ծառայողական անփութության պատճառով, եւ այդ ինչ-որ մեկը Սարգսյանի անմիջական ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է։

Ըստ լուրերի՝ նա պետք է կառավարության նիստից առաջ ինչ-որ փաստաթուղթ պատրաստեր Փաշինյանի համար, սակայն մոռացել է, ներկայացրել է ուշացումով։ Արդյունքում՝ կուժն ու կուլան ջարդվել են Արթուր Սարգսյանի գլխին։ Կառավարությանը մոտ շրջանակները պատմում են, որ Արթուր Սարգսյանի գնալուց հետո որոշում կայացնողները հասկացել են, որ սխալ են վարվել, եւ փորձել են նրան վերադարձնել, սակայն Սարգսյանը հրաժարվել է հետ գնալ աշխատակազմ։ 

Ճի՞շտ է, որ Ձեզ հետ են կանչել, բայց Դուք հրաժարվել եք վերադառնալ։ «Չեմ կարող պատասխանել»,- ասաց Արթուր Սարգսյանը «Հրապարակին»։ Անցել են ամիսներ, բայց նա չի ցանկանում խոսել իր հեռացման մասին։ «Ես չեմ աշխատում, որոշել եմ իմ մասնավոր գործն ունենալ, որ նման իրավիճակներում չհայտնվեմ»,- ասաց նա մեզ հետ հեռախոսազրույցում։ 
Նա չպատասխանեց, թե հատկապես ինչ իրավիճակում է հայտնվել եւ ինչու է հեռացել։ «Չեմ ուզում խոսել, արդեն ամեն ինչ խաղաղվել է, չեմ ուզում այդ թեման բացվի»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Ուշացված փաստաթղթի մասին էլ ասաց, որ իր հետ այն կապ չի ունեցել։ Արթուր Սարգսյանն իրավաբան է, 2002 թվականից աշխատել է կառավարության համակարգում, նախ՝ արդարադատության նախարարության, ապա՝ 2005 թվականից, կառավարության աշխատակազմում։ 2014 թ. փետրվարի 5-ից  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալն է եղել, Դավիթ Հարությունյանի աջ ձեռքը։