Գործ բացելը մի այիբ է, փակելը` երկու

Գործ բացելը մի այիբ է, փակելը` երկու

Ճիշտն ասած` Քոչարյանի մեծահոգության մասին ես շատ աղոտ պատկերացումներ ունեմ: Նրան ավելի շատ գիտեմ որպես խիստ, չոր, իր ասածի տեր մարդ: Դա էր, թերեւս, պատճառը, որ Երեւանի առաջին ատյանի դատարանում հունիսի 12-ին նրա պաշտպանների հայտարարությունն ինձ անակնկալի բերեց: Քոչարյանը որոշել է հայցը հե՞տ վերցնել: Էն էլ ինչ հայց:

Փարիզում Փաշինյանը հայտարարել էր. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Մեղադրող կողմը (Քոչարյանը) սա նախապես զրպարտություն էր որակել, ապա` իջավ վիրավորանքի, վերջում էլ հայտարարեց, թե պատրաստ է հայցը հետ վերցնել, եթե Փաշինյանը հայտարարի, որ նկատի է ունեցել ոչ թե Քոչարյանին, այլ սահմանադրական նորմը: Փաշինյանին էլ հենց այդպիսի բան էր պետք: Նրա պաշտպաններն իսկույն վստահեցրին, որ Փաշինյանն այդ խոսքերն ասելիս նկատի է ունեցել ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ անձեռնմխելիության ինստիտուտը, առհասարակ: Կռիվ կինոն վերջացավ, եւ կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Բայց ես, մեղքս ինչ թաքցնեմ, դժվարանում եմ հավատալ: Ինչո՞ւ:

Ինձ հետ պատահած մի դեպք պատմեմ: ԱԺ ոչ անհայտ մի պատգամավորի ասել էի. «Քաղաքական գործիչներին նայելով` քաղաքական գործիչ չեն դառնում: Հակառակ պարագայում ղասաբի շունը վաղուց ղասաբ դարձած կլիներ»: Այդ պատգամավորն ինձ դատի էր տվել, թե իրեն «ղասաբի շուն» եմ ասել` վիրավորել արժանապատվությունն ու վնասել գործարար համբավը: Հարցը, բնականաբար, լուծվեց հօգուտ ինձ, որովհետեւ ոչ մի լեզվաբան չկարողացավ ապացուցել, որ ես այդ պատգամավորին՝ «մանավանդ միտումնավոր», ասել եմ «ղասաբի շուն»: Քոչարյանի եւ Փաշինյանի պարագայում, սակայն, ամեն ինչ նույնքան հստակ չէ: Կարդացեք Փաշինյանի փարիզյան հայտարարությունը: Կա՞ մի ադեկվատ եւ անկողմնակալ լեզվաբան, որ այդ հայտարարությունն այլ կերպ մեկնաբանի, քան այն, որ «Քոչարյանը մարդկանց սպանություններ է կազմակերպել»:

 Ասել` ուրախ չեմ խնդրի խաղաղ կարգավորմամբ, ճիշտ չի լինի: Ես, առհասարակ, բնավորությամբ խաղաղասեր մարդ եմ: Սակայն մի հարց, այնուամենայնիվ, մնացել է օդում: Ֆուտբոլում, օրինակ, երբ խաղն ավարտվում է ոչ-ոքի, միշտ չէ, որ արդյունքը հավասարապես բավարարում է կողմերին: Դիցուք` Քոչարյան-Փաշինյան այս դատական վեճի արդյունքը, ինձ թվում է, ավելի շատ բավարարում է Քոչարյանին, բայց ոչ թե այն պատճառով, որ նա շանս չուներ հաղթելու, այլ որ նա Փաշինյանից հայցած «ներողությունն» ստացավ առանց դատարանի վճռի, այսինքն` հենց իր կամավոր խոստովանությամբ, որ իր հայտարարության մեջ (սպանություններ կազմակերպել) Քոչարյանին նկատի չի ունեցել: Առանձին լրատվամիջոցներ արդեն իսկ նկատել են այս նրբությունը եւ գրել, որ երկրորդ նախագահն ու նրա պաշտպանական թիմն այդ հավաստիացումը հետագայում «օգտագործելու են մանիպուլյացիաներ անելու» եւ «քարոզչական նպատակներով»: Ես այսպես չէի ասի, բայց կարող եմ պնդել, որ «ոչ-ոքի» ավարտված այս խաղի արձագանքը մենք իսկապես կլսենք ապագայում:

Փաշինյանամետ լրատվամիջոցներն այս օրերին թմբկահարում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը պարալիզացրել են դատական համակարգը եւ ամեն ինչ անում են Մարտի 1-ի գործը փակուղի մտցնելու համար: Դժգոհում են նաեւ, որ ՍԴ-ն, համենայնդեպս այս կազմով, Քոչարյանի գործը չի քննի: Ի՞նչ կարելի է ասել մեր գործընկերներին, որոնք, թվում է, պետք է չեզոք դիրք գրավեին ու դատական պրոցեսն անաչառ ներկայացնեին հասարակությանը: Հասարակությունը մարդիկ են, ընդհուպ մասնագետներ, քիչ չեն Ա-ն Բ-ից տարբերող շարքային քաղաքացիները: Ո՞վ չգիտի, որ այս ամենը ձեռնարկել է իշխանությունը, եւ ամենեւին էլ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ իշխանությանն այս բեռից ազատելը: Մյուս կողմից` ինչպե՞ս կարելի է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանն է պարալիզացրել դատական համակարգը, եթե փաստ է, որ «պարալիչի» պատճառն իշխանությունն է` անցումային արդարադատության եւ վեթթինգի իր աշխարհացունց ծրագրերով, ինչ է թե խուսափի Մարտի 1-ի գործը բացահայտել չկարողանալու մեղադրանքից:

Եթե ավելի պարզ խոսենք, ապա պետք է ասենք, որ ՀՀ իշխանությունները Քոչարյանի նկատմամբ հետապնդումն սկսել են այն հույսով, որ ՀՀ երկրորդ նախագահը կխուսափի քննությունից ու կփորձի պատսպարվել Ռուսաստանում, ինչպես արեց Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը: Եվ, իսկապես, շատ մեծ եղավ ՀՀ իշխանությունների զարմանքը, երբ Քոչարյանը վերադարձավ Հայաստան եւ հանձնվեց հայ իրավապահների դատին: Այդ ժամանակ մերոնք իրար անցան ու սկսեցին արագ-արագ գործ կարել: Իսկ թե ինչպիսին է այդ գործի որակը, համոզվում ենք ամեն օր:

Որքան հասկացա վերը նկարագրված Քոչարյան-Փաշինյան «ոչ-ոքիից», ՀՀ իշխանությունը ցանկանում է օր առաջ օձիքն ազատել Քոչարյանից: Ողջունում եմ այդ ցանկությունը, որովհետեւ վստահ եմ, որ Քոչարյանի դեմ ձեռնարկված գործողությունները նրա անձնական «շինիչ» նախաձեռնությունը չեն: Կա մեկը, որը, օգտագործելով Փաշինյանին, փորձում է ամեն գնով մաքրել 2008 թվականի հին հաշիվները: