Կարո՞ղ է մի օր էլ 400 հազար դոլարի «մսխման» փաստով քրգործ հարուցվի

Կարո՞ղ է մի օր էլ 400 հազար դոլարի «մսխման» փաստով քրգործ հարուցվի

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, որի վերահսկողության ներքո է գտնվում Ամուլսարի մասով հարուցված քրգործը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենա հանքի շահագործման հարցը։ Ըստ նրա՝ այս պահին պլանավորված է կատարել լրացուցիչ քննչական գործողություններ, որոնց արդյունքների ամփոփման հիման վրա նոր կկարողանան լրացուցիչ տեղեկություն հայտնել։

- Պարոն Այվազյան, Քննչական կոմիտեն 400 հազար դոլարով փորձաքննություն էր պատվիրել, այդ ծախսած գումարը որեւէ արդյունք տվե՞ց, քանզի տեսակետ կա, որ անիմաստ ծախս էր, եթե հիմա լրացուցիչ փորձաքննություն կամ ուսումնասիրություն է իրականացվում։

- Այս փուլում չեմ կարող ասել՝ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության կարիք կլինի՞, թե՞ ոչ, դա մի շարք քննչական գործողություններ կատարելուց հետո կկարողանանք ասել։ Իսկ առաջնային փորձաքննությունն արդյունք տվեց, թե ոչ, կարծում եմ՝ արդյունք տվեց, որովհետեւ չի կարող մասնագիտական ուսումնասիրությունը, որի փաստաթղթերը եւ նյութերն առկա են քրեական գործում, անարդյունավետ լինել։ Բնականաբար, այն քրգործի բաղկացուցիչ մասն է կազմում եւ չի կարող պարզապես արդյունք չունենալ, որովհետեւ էնտեղ ուղղակիորեն ամրագրված են մասնագիտական կարծիքներ, եւ, ի վերջո, դա ապացույցի տեսք ունի։

- Մենք մեր տեղական ուժերով չէի՞նք կարող այդ փորձաքննությունն իրականացնել։

- Եթե թույլ կտաք, այդ հարցերին ես լրացուցիչ անդրադառնամ՝ հաշվի առնելով, որ քրեական գործը բազմահատոր է, եւ կատարվել են բազմաթիվ քննչական-դատավարական գործողություններ, էդ արդյունքները հիմա ուսումնասիրվում են, բայց ամբողջական համակարգվում են, որից բխող լրացուցիչ քննչական գործողություններ կկատարվեն, եւ դրանով պայմանավորված՝ արդեն նոր ՇՄԱԳ, նոր փորձաքննություն եւ այլն, այս կարգի հարցերին կկարողանանք ավելի հստակ պատասխանել։

- Կարո՞ղ է ինչ-որ մի պահի էլ քրեական գործ հարուցվի այն փաստի առթիվ, որ պետբյուջեից 400 հազար դոլար է մսխվել ինչ-որ փորձաքննության համար, որը, մեծ հաշվով, կարող էր եւ չլինել։

- Ես չեմ ուզում իրավաբանական որակումներ տանք, «մսխվել» բառը, կարծում եմ, իրավաբանական ձեւակերպմամբ կամ ենթատեքստով նկատի ունեք․ քրգործում առկա է այդ փորձաքնության եզրակացությունը, հանդիսանում է քրեական գործի բաղկացուցիչ մասը՝ քրգործով ձեռք բերված ապացույցներից մեկը, հետեւաբար ասել, որ մսխվել է, կներեք, հնարավոր չէ նման բան ասել, որովհետեւ դա այն գումարն է, որի դիմաց միջազգային մասնագետների կողմից կատարվել է այդ փորձաքննությունը, եւ դա հանդիսացել է ապացույց։ Հետեւաբար ասել, որ պետք չէր, դրա կարիքը չկար, չեմ կարող նման կարծիք հայտնել։

- Ես նկատի ունեմ, որ վաղը կարող է իրավիճակ փոխվել, եւ ինչպես այսօր են տասը տարի առաջվա գործերը բացահայտում, վաղն էլ կարող է մեկ այլ իշխանություն գալ ու ասել, որ Քննչական կոմիտեն 400 հազար դոլար անիմաստ է ծախսել փորձաքննության վրա, եւ դա պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի վատնում է։

- Ես չեմ ուզում նման որակումներ տալ, որովհետեւ նման որակումներ տալու իրավական հիմք չունեմ։

- Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հանրությունը համոզված լինի, որ այդ 400 հազար դոլարն արդյունք տվել է, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որը հարկ է վճարում, անհանգստացած եմ, թե իմ վճարած հարկերն ինչի վրա են ծախսվում։

- Ցանկացած անձ կարող է ունենալ իր կարծիքը, ձեւավորել իր կարծիքը, պնդել իր կարծիքը, հետեւապես, չեմ ուզում մասնավոր կարծիքով պայմանավորված՝ ասել, որ դա պետք չէր կամ պետք էր։ Ամեն դեպքում, նախաքննության ընթացքում նշանակվել է փորձաքննություն, դրա շրջանակներում կատարվել է եզրակացություն, այն առկա է քրեական գործում, այդ եզրակացությունն ինքն իրենով հիմք է հանդիսանալու մի շարք այլ քննչական-դատավարական գործողություններ կատարելու համար, որով էլ պայմանավորված՝ ես չեմ կարող ասել, որ դա անիմաստ էր։

- Եթե դարձյալ նույն իրավիճակում հայտնվեիք, նորի՞ց այդ 400 հազար դոլարը կտայիք, որ փորձաքննություն իրականացվեր։

- Չեմ ուզում հետ գնալ՝ գնահատականներ տալ, ամեն դեպքում, կատարվել է աշխատանք, որը պետք է գնահատել եւ էդ աշխատանքի արդյունքն այդ ապացույցների համակցության մեջ գնահատել։ Էնպես որ, թույլ տվեք հետ չգնալ, փորձենք առաջ գնալ։

- Ամեն դեպքում, նժարին դրված է երկու խնդիր՝ տնտեսական եւ բնապահպանական շահը։ Ըստ Ձեզ՝ ավելի շատ ո՞ր կողմում է ծանրանում նժարը՝ անկախ փորձաքննությունից։

- Թույլ տվեք տնտեսական, քաղաքական գնահատականներ չտալ, ուղղակի թույլ տվեք անդրադառնալ միայն իրավաբանությանը եւ միայն իրավաբանական գնահատական տալ։ Իսկ թե տնտեսական կամ բնապահպանական որ արժեքն է ավելի կարեւոր եւ այլն, դա, կարծում եմ, իրավաբանությունից դուրս է, եւ ես չեմ ուզում, լինելով քրեական գործով վարույթն իրականացնող մարմին, նմանատիպ գնահատականներ տալ։