Վայոց ձորի մարզպետի տան մոտ տեսախցի՞կ է եղել  

Վայոց ձորի մարզպետի տան մոտ տեսախցի՞կ է եղել  
Տրդատ Սարգսյան

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքից հետո լուրեր էին տարածվում, թե մարզպետ Տրդատ Սարգսյանը եւս եղել է դեպքի վայրում։ Մեր տեղեկություններով՝ գործի նյութերում նույնիսկ վկայություններ կան այդ մասին։ Ստուգելու համար, թե ովքեր են եղել դեպքի վայրում, Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, առգրավել է տարածքի բոլոր տեսախցիկները։

Իսկ Տրդատ Սարգսյանը, հերքելով իր մասնակցությունը զինվորականին ծեծելու միջադեպին, սեպտեմբերի 21-ին Գյումրիում լրագրողներին ասել է․ «Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»։ Մարզպետի այս պնդումն առնվազն զարմանալի է գոնե այն պատճառով, որ Եղեգնաձորի շենքերի բակերում, որպես կանոն, տեսախցիկներ չկան։ Փորձեցինք փորփրել եւ հետաքրքիր տեղեկություններ ստացանք մարզպետարանին մոտ մեր աղբյուրից։ Պարզվում է՝ շենքի բակում, որտեղ նախկին մարզպետը բնակվում է, որեւէ տեսախցիկ չի եղել։ Դրանք տեղադրվել են արդեն դեպքից հետո, իսկ հետագայում ամիս-ամսաթիվը հետ են տվել։ Տեսախցիկներ տեղադրողը Վարդան Մխիթարյանն է, որը մարզպետարանի երկարամյա աշխատակից է, աշխատում է որպես «ինտերնետի պատասխանատու», շատ լավ գլուխ է հանում ժամանակակից տեխնոլոգիաներից, վերանորոգում է համակարգիչներ, տեղադրում տեսախցիկներ եւ այլն։

Նրա դուստրը՝ Անի Մխիթարյանը, հավանաբար հոր ծառայությունների դիմաց, շուտափույթ կարգով ընդունվել է աշխատանքի։ Մեր ձեռքի տակ է Տրդատ Սարգսյանի թիվ 93 կարգադրությունը, որով Անի Մխիթարյանն աշխատանքի է ընդունվել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  բաժնում՝ որպես խորհրդական։ Անին աշխատանքի է ընդունվել հայտնի ծեծկռտուքից անմիջապես հետո, սակայն կարգադրությունը թվագրված է սեպտեմբերի 17-ով։ «Չի բացառվում, որ հրամանը հետին թվով է տրված։ Նման բաներ արվում են։ Անիի համար հատուկ հաստիք է բացվել, քանի որ տվյալ բաժնում միայն 1 հաստիք էր նախատեսված»,- հայտնեց մարզպետարանի մեր աղբյուրը։

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը հաստատեց, որ Անի Մխիթարյանը մարզպետարանի համակարգչային մասնագետ Վարդան Մխիթարյանի դուստրն է, որ աշխատանքի է ընդունվել օրերս, եւ որ նրա համար առանձին հաստիք է բացվել։ Սակայն նա ժխտեց կապը ծեծի եւ Անիին աշխատանքի ընդունելու հետ։ «Չկա նման կապ»,- ասաց Սոնա Մարգարյանը։ 

Ճի՞շտ է, որ մարզպետի շենքի բակում տեսախցիկներ չեն եղել, եւ որ դրանք տեղադրվել են Վարդան Մխիթարյանի կողմից, որի դիմաց նրա դուստրն ընդունվել է աշխատանքի։ «Ես իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանելու»,- ասաց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը՝ մեզ խորհուրդ տալով զանգել մարզպետի ընդունարան։ Քարտուղարուհին ասաց, որ մարզպետը տեղում չէ, իսկ վերջինս հեռախոսին չէր պատասխանում։ Ամեն դեպքում՝ պատրաստ ենք նրան լսելու։