Ի՞նչ անեի, դիմել եմ դատարան, դատարանն էլ այսպես է վարվել

Ի՞նչ անեի, դիմել եմ դատարան, դատարանն էլ այսպես է վարվել

«8 տարի իմ գույքը օգտագործել են, ինձ ոչ մի բան չեն վճարել»,- ասաց «Աղեղ» արտադրական կոպերատիվի նախագահ Գագիկ Ոսկանյանը, ով եկել էր «Հրապարակի» խմբագրություն՝ ներկայացնելու իր և «Վիվասել ՄՏՍ»-ի միջև ծագած դատական վեճը։ Ոսկանյանը պնդում է, որ ընկերությունը տարիներ շարունակ օգտագործել է իր հողատարածքը, սակայն իրեն գումար չի վճարել, փոխարենը վարձակալության գումարը վճարել է հարևանությամբ գտնվող հողատարածքի սեփականատիրոջը։ Մեր հարցին, թե ինչո՞ւ ընկերությունը իրենց չի վճարել այդ գումարը, այլ հարևանին, Ոսկանյանը պատասխանեց, որ չգիտի։ Ըստ Գագիկ Ոսկանյանի՝ «Վիվասելը» իրեն պատկանող հողատարածքում առանց իր համաձայնության տարիներ առաջ ալեհավաք կայան է կառուցել, ինչից և սկսվել է վեճը․

««Վիվասելը» 2007 թվականին մեր հողում, առանց մեր թույլտվության կառուցել է ալեհավաք կայան, կառուցելուց հետո մենք դիմել ենք իրենց, որ դա մեր հողն է։ Նրանք մեզ հետ պայմանագիր են կապել հողամասի մի հատվածի վերաբերյալ, 2007 թվականի աշնանը։ Դրանից հետո այդ ալեհավաք կայանքի կողքը տեղադրել են էլեկտրական ենթակայան՝ իր բարձրավոլտ սնուցման գծերով, սակայն էլի մեր հողում, բայց մեզ հետ էլի պայմանագիր չեն կապել, կառուցելուց առաջ նույնիսկ չեն զգուշացրել։ Մեր բազմաթիվ զգուշացումները իրենք ոչ մի բանի տեղ չդրեցին։ Մենք գործը տվեցինք դատարան, նրանք մի շարք փաստաթղթեր ներկայացրին, որ ալեհավաք կայանի կառուցման պայմանագիրը կնքել են հարևանի հետ։ Մենք որ դատարան դիմեցինք, դատարանը փորձաքննություն նշանակեց, փորձաքննությունը տվեց այն եզրակացությունը, որ 1685 քմ տարածք մեզնից «Վիվասել ՄՏՍ»-ը ապօրինի օգտագործում է։ Դրա մեջ մտնում է ալեհավաք կայանը, էլեկտրական ենթակայանը և բարձրավոլտ էլեկտրական սնուցող գծերը։ Այդքան տարածք մեզնից զբաղեցնում է, բայց գումար է վճարում հարևանին՝ «Աշտարակի ձոր» ընկերությանը՝ ամսական 150 հազար դրամ։ Մենք դիմեցինք դատարան, չնայած փորձաքննության արդյունքներին, 4 անգամ արված չափագրման տվյալներին, որ մեր ճշտությունը ապացուցվել է, այդքանից հետո դատարանը մերժեց մեր հայցը: Դրանից հետո մենք դիմեցինք Վերաքննիչ դատարան, մեր հայցը մասամբ բավարարվեց, առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանեց, և որոշում կայացրեց գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։ Առաջին ատյանի դատարանը գործը ընդմիջեց․ պատասխանող կողմը գրություն էր բերել, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում խիստ կարևոր գործ  է քննվում՝ մեր գործի հետ կապված։ Այնտեղ գործ էին քննում՝ մեր միջև կնքված պայմանագիրը չեղյալ համարելու համար»։

Չնայած որ ալեհավաք կայանն ու սնուցող կայանքը 2015-ին ապամոնտաժվել են, սակայն Ոսկանյանը պնդում է, որ այդ 8 տարիների ընթացքում իր գույքը օգտագործել են, և հայցով դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում․

«8 տարի իմ գույքը օգտագործել են, ինձ ոչ մի բան չեն վճարել, վճարել են միայն վարձակալած ժապավենաձև տարածքի համար, ալեհավաքի տարածքի համար հարևանին են վճարել։ Չեն վճարել և վերջ, ես ի՞նչ պիտի անեի, դատի եմ տվել, դատարանն էլ այսպես է վերաբերվել ինձ հետ»։

«Վիվասել ՄՏՍ»-ը, դատարանում առարկելով հայցվորի փաստարկներին, նշել է, որ նշված պահանջները ակնհայտ անհիմն են, անօրինական և վկայում են Հայցվորի՝ որպես տարածքի վարձատուի, իրավունքների չարաշահման մասին․

««Աղեղ» ԱԿ-ի և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև 14.11.2007 թվականին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի տիրապետմանն ու շահագործմանն է հանձնվել 150քմ հողատարածք՝ համաձայն պայմանագրին կցված հատակագծի։

Հայցվորն իր հայցում նշել է, թե իբր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն տարածքը ընդլայնել է մինչև 838քմ՝ ապօրինաբար տիրապետելով Հայցվորին պատկանող հողամասի մյուս հատվածը։ Մինչդեռ իրականում պատասխանողը երբևիցե չի խախտել պայմանագրի դրույթները և օգտագործել է միայն պայմանագրով նախատեսված հատվածը։ Հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավորում կամ ապացույց, որ ընկերության կողմից խախտվել է Պայմանագրի դրույթները, այն է՝ օգտագործվել է պայմանագրով նախատեսված տարածքը զբաղեցնող տարածք։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Հայցվորը նշում է, թե ոմն Շիրակ Մարկոսյանի հետ կնքել է նախնական պայմանագիր, ըստ որի պարտավորվել է կոոպերատիվին պատկանող հողամասից 700քմ հողամաս վարձակալությամբ հանձնել այդ անձին։ Սակայն հայցվորն ի հավաստումն այս պնդման ևս չի ներկայացրել որևէ ապացույց։ Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա՝ գրավոր։ Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ։ Իսկ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման։ Հետևաբար, հայցվորը հղում է կատարել առոչինչ գործարքի վրա։ Բացի այդ. Հայցվորը նշել է նաև, որ ընկերության կողմից Պայմանագրի դրույթների ենթադրյալ խախտման հետևանքով կրել է վնասներ, այն է Հայցվորը հնարավորություն չի ունեցել Շ. Մարկոսյանի հետ կնքել հողամասի վարձակալության հիմնական պայմանագիր և խնդրել է դատարանից բռնագանձել 8 280 000 ՀՀ դրամ՝ որպես հասցված վնասի փոխհատուցում։ Սակայն չի հիմնավորել նշված գումարի ձևավորման հիմքերը և չի ներկայացրել որևիցե հաշվարկ, որը կհիմնավորեր, կոնկրետ պահանջվող գումարի չափը։ Դրանով իսկ հայցվորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը։
Հայցվորը դատարանում նշել է նաեւ. «2008թ.-ից հետո Պատասխանողը առանց համապատասխան պայմանագիր կնքելու տարածքը ընդլայնել է 838 քմ»։
Պատասխանողի կարծիքով՝ «838 քմ տարածքը երևակայական տարածություն է, որը հաշվարկվել է հիմք ընդունելով հաղորդալարերի անվտանգության գոտիները։ Ակնհայտ է, որ Հայցվորը հաշվի չի առել, որ անվտանգության գոտիները չեն ենթադրում դրանց տակ գտնվող հողամասի օգտագործում կամ այլ կերպ շահագործում հաղորդալարերը շահագործողի կողմից, ինչպես նաև չեն բացառում դրանցում ընդգրկված հողամասի շահագործումը հողամասի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից»։