Գաղտնիք Ղարաբաղի

Գաղտնիք Ղարաբաղի

«Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են ՀՀ եւ ԱՀ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները եւ հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին»։

Սա դեկտեմբերի 29-ին ԼՂ նախագահականի տարածած ինֆորմացիան է: Նիկոլ Փաշինյանի գրասենյակից այդ մասին ինֆորմացիա չի տարածվել: Արդեն երկրորդ անգամ է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարների հանդիպման մասին իմանում ենք միայն Ստեփանակերտից, եւ դա մտորելու տեղիք է տալիս: Աչք ծակեց նաեւ այն, որ Եռաբլուր այցելած պաշտոնայների շարքում Բակո Սահակյանը չկար: Նա անցած երեկոյան գտնվել է Երեւանում եւ կարող էր Հայաստանի բարձրագույն իշխանության հետ ներկա գտնվել Եռաբլուրում:

Եւ եթե Բակո Սահակյանը վաղ առավոտյան կամ գուցե գիշերը Երեւանից մեկնել է Ստեփանակերտ եւ Եռաբլուր այցելելու հրավեր չի ստացել Նիկոլ Փաշինյանից, ապա կարելի է ենթադրել, որ նրանց հանդիպումը այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել: Գուցե հենց դա է պատճառը, որ վարչապետի գրասենյակը դրա մասին ինֆորմացիա չի տալիս:

Փաշինյան-Սահակյան հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատարի Մոսկվա այցելության հաջորդ օրը: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում լայվ է մտել եւ ասել, որ Պուտինի հետ Ղարաբաղի հարցը չի քննարկել: Այդ դեպքում ինչու՞ է Երեւան շտապել Բակո Սահակյանը: Պուտին-Փաշինյան եւ Փաշինյան-Սահակյան հանդիպումների խրոնոլոգիան հակառակ տպավորությունն է թողնում:

Այսինքն, որ Պուտինը եւ Փաշինյանը Ղարաբաղի հարցը քննարկել են, եւ ծագել է այդ մասին Լեռնային Ղարաբաղի նախագահին տեղեկացնելու անհրաժեշտություն: Եւ Բակո Սահակյանը շուտափույթ հրավիրվել է Երեւան: Ի՞նչի մասին են խոսել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը: Վարչապետի գրասենյակի լռությունը եւ Ղարաբաղի նախագահականի ոչինչ չասող ինֆորմացիան ավելի են խորացնում կասկածները:

Սասուն Հովհաննիսյան