Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը

Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին այսօր հիշեցրինք, որ կառավարության ծրագրի քննարկումը ինչ-որ մի փուլում վերածվեց «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» միջև փոխհրաձգության, և ԼՀԿ-ն նրանց ու հատկապես Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ընդդիմության հանդեպ անհանդուրժողականության մեջ։

Ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասաց․ «Կարծում եմ՝ բոլորը տեսան, որ վարչապետը շատ համբերատար և մանրամասն պատասխանում էր հարցերին, բոլոր ելույթներին ներկա էր, լսում էր։ Ես եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչեցրած քննադատությունը փորձեմ վերհիշել, ապա մտքիս գալիս է միայն մուննաթ բառը, որը բովանդակային առումով, ըստ էության, ոչ մի արժեք չի ստեղծում։ Ես կուզենայի, որ շատ ավելի բովանդակային խոսակցություն լիներ նրանց կողմից, և իսկապես մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցված քննադատությունը»։

Նա նաև նկատեց, որ ընդդիմության ձեռքերն առաջին անգամ ազատ էին՝ դեմ քվեարկել կառավարության ծրագրին։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե բովանդակային քննադատություններ հնչել են ԼՀԿ-ի կողմից ծրագրի հետ կապված, տիկին Նազարյանն ասաց, որ դրանց էլ արձագանք է եղել։ Նույն խմբակցության պատգամավոր, նախկինում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ բարձր է գնահատում ցանկացած տեսակի քննադատություն, և այդ օրը պառլամենտում տեղի է ունեցել քաղաքական բանավեճ, որում ինքը վիրավորանք չի տեսել։

Հարցին՝ «Լուսավոր Հայաստա՞նն» է այն իրական ընդդիմությունը, որ պետք է մարտահրավեր հանդիսանա իրենց համար, Կոնջորյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ արատավոր երևույթ է, որ իշխանությունը պետք է սահմանի, թե որն է ընդդիմությունը։ Սա պետք է որոշի ՀՀ քաղաքացին»։

Լենա Նազարյանն էլ, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն գնահատականին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը իրեն վատ պահեց, քանզի ընդդիմադիր Փաշինյանն ու կառավարիչ Փաշինյանը պետք է տարբերվեին իրարից, ասաց․ «Ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը։ Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում, թե ինչպիսին լինի։ Եվ լավ կլինի, որ պարոն Մարուքյանը որոշի, թե ինքն ինչպիսին պետք է լինի»։