«Վալլեքս»-ը  պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման դեպքում չի կարող պատասխանատու լինել հետեւանքների համար

«Վալլեքս»-ը  պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման դեպքում չի կարող պատասխանատու լինել հետեւանքների համար

«Վալլեքս» ընկերությունների Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և  ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար: 

Հաղորդագրության մեջ նախ նշվում է, որ  որ Թեղուտի լեռնահանքային համալիրի ստեղծման և գործարկման աշխատանքներին զուգահեռ՝«Վալլեքս» խմբի ձեռնարկած հետևողական գործողությունների արդյունքում  ընկերությունում ներդրվել են բնապահպանական և առողջության պահպանության ու աշխատանքի անվտանգության ապահովման կառավարման համակարգեր՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Դրանք են՝ ISO 14001:2004  և OHSAS 18001:2007։ Այդ ստանդարտների պահանջներին Ընկերության գործունեության համապատասխանությունը հավաստվել է ոլորտում մասնագիտացված ու միջազգային համբավ ունեցող ТÜV (Գերմանիա) կազմակերպության 2017 թվականի սեպտեմբերի 5-ին տրված հավաստագրերով:
Կառավարման  համակարգերի պահանջների շրջանակներում 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը նախաձեռնել է պատվարի սեյսմիկ և ստատիկ կայունության ուսումնասիրություն և գնահատում՝ այդ նպատակով ներգրավելով միջազգային ճանաչում ունեցող, մասնագիտացված կազմակերպություններ՝ բրիտանական ն In Situ Site Investigation Services (www.insitusi.com), ամերիկյան Global Resource Engineering  և ավստրալական ATC Williams ընկերությունները։

Ներգրավված կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պո­չամ­բարի պատվարի կայու­նու­թյան մակար­դակի բարձրա­ցման և սեյսմիկ ու ստա­տիկ անվտանգության ապա­հով­ման Թե­ղու­տի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնա­փլուզ­ման իրական վտանգ։ Հետևաբար՝ անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել  լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Նշվում է, որ  տրամադրված եզրակացությունների խորքային ուսումնասիրությունը վկայում է, որ պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը որևէ կերպ չի կարող նվազել պոչամբարի շահագործման ժամանակավոր դադարի արդյունքում։ Համաձայն տրված եզրակացությունների՝ պոչամբարի պատվարի կայունության վտանգներն էապես չեն նվազելու նույնիսկ նախագծայինից զգալիորեն ցածր ծավալներով արտադրողականությամբ կոմբինատի շահագործման դեպքում։

Ընկերությունը լիարժեք պատկերացրել է, որ ր  ֆինանսավորող ՎՏԲ բանկը  կարող է իրավիճակն օբյեկտիվ չգնահատել, և «Վալլեքս» խումբը կարող է կորցնել լեռնահանքային համալիրը, այնուամենայնիվ,  տարածաշրջանի ազգաբնակչության առողջության և կյանքի անվտանգությունը համարել է   գերակա և 2018-իի հունվարի 12-ից կասեցրել է լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը՝ զուգահեռաբար իրականացնելով առկա արտադրական հզորությունների, կոմբինատի սարքերի, սարքավորումների և գույքի պահպանման ու դրա գործունակության ապահովման նպատակով ընթացիկ սպասարկման գործողություններ: 
«Մենք մշտապես և օպերատիվորեն իրազեկել ենք Բանկին պոչամբարի հետ կապված խնդիրների, Թեղուտի լեռնահանքային համալիրի աշխատանքի անխուսափելի դադարեցման և վերսկսման նախապայմանների մասին։ 2018 թվականի հուլիսի 23-ին Բանկին հասցեագրված հերթական նամակում «Վալլեքս» խմբի ընկերությունները ևս մեկ անգամ շահագրգռվածություն են հայտնել Թեղուտի լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանման և հարստացման աշխատանքների վերսկսման հարցում՝ ընդգծելով, որ դա կարող է արվել բացառապես  տեխնիկական և բնապահպանական միջազգային ստանդարտների պահանջների պահպանմամբ:

Նույն նամակում ներկայացվել են նաև այն անհրաժեշտ քայլերը, որոնք կերաշխավորեն Թեղուտի լեռնահանքային համալիրի անվտանգ վերագործարկումը և երկարաժամկետ շահագործումը՝ նվազագույնի հասցնելով վերոհիշյալ ռիսկերը»,-ասված է հաղորդման մեջ։ Հավելվում է, որ բանկը  բացահայտված իրական վտանգն օբյեկտիվորեն չի 
գնահատել, ինչի արդյունքում «Վալլեքս» խումբը կորցրել է ընկերությանը պատկանող Թեղուտի լեռնահանքային համալիրի նկատմամբ վերահսկողությունը՝ հայտնվելով նաև Բանկի հետ բազմաբնույթ դատական վեճերում։ 
Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է  Լոռու մարզի մի շարք համայնքներում բնակվող մարդկանց կյանքին ու առողջությանը՝ ընկերությունը պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին՝միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները:

 Պոչամբարի կայունության խնդրին առնչվող բոլոր վերոնշյալ հաշվետվություններն ու փաստաթղթերը Ընկերության գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի հետ միասին  տրամադրվել են նաև Ընկերության՝ Բանկի նշանակած նոր ղեկավարությանը:

Տեղյակ լինելով, որ Ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ ընկերությունը հայտարարում է, որ  ներկայում այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար: