Մեր գյուղից գրեթե տուն չկա, որ զոհ չունենա պատերազմում, բայց մարդիկ պատրաստ են կռվելու

Մեր գյուղից գրեթե տուն չկա, որ զոհ չունենա պատերազմում, բայց մարդիկ պատրաստ են կռվելու

Պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսեց Տավուշից տարածքների հանձնման եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին.

«Կամա թե ակամա ներքին զտմամբ է գնալու, Ոսկեպարը կվերցնի, Վերին Ոսկեպարն էլ կվերցնի ու այդպես դեպի Վանաձոր դուրս կգա՝ ընդամենը 30 կիլոմետր։ Բայց վարչապետին մենք դիմել ենք, ասել է, որ այդ հարցին կանդրադառնա, մտահոգված է, կփորձի լուծման եղանակներ գտնել»։ Եթե Ներքին Ոսկեպարը հանձնվի՝ կենսական նշանակության Ոսկեպար-Իջևան ճանապարհն է կտրվում եւ Ոսկեպարի բնակիչներն այդ հարցն են բարձրացրել երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ 

Մենք հետաքրքրվեցինք` ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Փաշինյանին բավականին սառն են ընդունել, զինվորականն ասաց. «Բնականաբար ժողովուրդը մի քիչ վրդովված էր, ժողովրդի մի մասը կրթության խնդիր ունի, մի քիչ ավել են խոսել։ Այդ մթնոլորտը ստեղծել է վարչապետը, որ ժողովուրդն անմիջական շփում ունենա իր հետ, ինքն է թույլ տվել, որ ժողովուրդը խոսի»։ 

Մարդկանց ամենից շատ անհանգստացրել է ճանապարհի հարցը` նշված գյուղերի տարածքները տալու դեպքում ինչ ճանապարհից են օգտվելու:

Մախսուդյանն ասաց. «Ժողովուրդը դեմ է այլընտրանքային ճանաարհին՝ միանշանակ: Մարդիկ արտահայտվել են, որ իրենք այլընտրանքային ճանապարհ չեն ուզում՝ այս ճանապարհը պիտի մնա տեղում։ Մարդիկ կոնկրետ այդ հարցը բարձրացրել են, վարչապետն էլ խոստացել է, որ այդ հարցին կանդրադառնա»։ Փաշինյանը անակնկալի՞ է եկել է նման վերաբերմունքից: Մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս հայտարարել է՝ սպասում էր, որ իրեն այդպիսի հարցեր կտան։ 
«Ժողովուրդը` մեկը մի քիչ զայրացած, մեկն ավելի զայրացած... այս վիճակն է եղել։ Մարդիկ միգուցե վրդովված են եղել՝ մի քիչ վրդովված են խոսել։ Բոլորս ենք վրդովված, ես այդտեղ գերեզման ունեմ, իմ եղբայրը, հայրս ու պապս 1993 թվականին այդ հողի համար պատերազմի ընթացքում զոհվել են, ես հանուն այդ գերեզմանների այդտեղ կզոհվեմ, հետ չեմ գնա՝ ես խնդիր չունեմ։ Մեր գյուղից գրեթե տուն չկա, որ զոհ չունենա պատերազմում, մարդիկ պատրաստ են կռվելու։ ԱՆգամ ասում են՝ մենք այստեղ կզոհվենք, բայց դուրս չենք գա գյուղից։ Սա մեր գյուղն է, Ոսկեպարը դա Հայաստանի դարպասն է 1991,1993 թվականներին պատերազմի ընթացքում հակառակորդը մի քանի անգամ փորձել է գրավել, բայց մեզ հաջողվել է հակառակորդի աչքը հանենք, փշրենք հակառակորդին, հիմա եթե պետք լինի՝ նորից պատրաստ ենք հակառակորդին քշել մինչև Ղազախ։ Մեզ ընդամենը օգնություն է պետք, մեր ժողովուրդը պատրաստ են զենք վերցնել ու պայքարել՝ հանուն իրենց ազատության, անկախության, Ոսկեպարի ժողովրդի ու հանուն մեր գերեզմանների»,-եզրափակեց ոսկեպարցի զինվորականը։