Լրացուցից 7 մլրդ 400 մլն դրամ՝ ճանապարհաշինության համար

Լրացուցից 7 մլրդ 400 մլն դրամ՝ ճանապարհաշինության համար

Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց մի որոշման նախագիծ, որով առաջարկում է 7 մլրդ 400 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել ճանապարհաշինության համար։ 

«ՀՀ 2019թ առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ու, համապատասխանաբար, ծախսերն ավելացվել են 7 մլրդ 400 մլն դրամով: Նկատի ունենալով ՀՀ ճանապարհային ցանցի ներկա իրավիճակը և ելնելով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների առաջնահերթությունից՝ որոշման նախագծով առաջարկվում է ավելացված հարկային եկամուտներից 7 մլրդ 400 մլն դրամն ամբողջությամբ ուղղել 1049  «ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրին, որից 2 մլրդ 554 մլն 987 հազար դրամը` 21002 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում»,  իսկ 4 մլրդ 845 մլն 12 հազար 700 դրամը` 11001 «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառումների իրականացման  համար»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Նա նաև ավելացրեց, որ որոշման նախագծով հանրապետության մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածներում կիրականացվի 78,59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ` 4 մլրդ 845 մլն 12 հազար 7 00 հազար դրամ արժեքով: 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այն բոլոր վերանորոգման աշխատանքները, որոնք պլանավորել էին, որ մայիսի 15-ին պետք է սկսվեին, դրանք սկսվե՞լ են, թե՞ ոչ։

Արշակյանն ասաց, որ երկու կտորով էին պլանավորել, որ պիտի սկսեին՝ կախված ընթացակարգերից, մի մասը սկսել են մայիսի 15-ին, մի մասը կսկսեն մինչև հունիսի 15-ը։ «Իհարկե, որոշակի հարցեր առաջանում են, բայց հընթացս լուծվում են»,-ասաց Արշակյանը։