Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանը վաղաժամկետ-պայմանական կիրառեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի նկատմամբ։ Քիչ առաջ հրապարակվեց որոշումն, ըստ որի՝ բավարարվեց պաշտպանական կողմից միջնորդությունը։

Նշենք, որ Մանուկյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը՝ բացասական, իսկ պրոբացիոն ծառայությունը դրական եզրակացություն է տվել: Նման պայմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում է դատապարտյալը, միջնորդագիր է տարել դատարան՝ վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելու համար: Աշոտ Մանուկյանը 24 տարի առաջ մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 44 տարեկան է:

Ինչպես քրեակատարողական ծառայությունն, այնպես էլ պրոբացիոն ծառայությունն արձանագրել են, որ Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ է դրսևորել, քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, ակտիվորեն մասնակցել է վերասոցիալականացման միջոցառումներին: Սակայն, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ Մանուկյանի հանցանք կատարելու հավականությունը բարձր է:

Պրոբացիոն ծառայությունն էլ թեև դատապարտյալի հանցանք կատարելու հավանականությունը ցածր է գնահատել ու նպատակահարմար գտել նրա վաղաժամկետ ազատումը` հանդես է եկել առաջարկությամբ, որը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում:

Մասնավորապես` ծառայությունն առաջարկել է պայմանական վաղաժամկետ արձակման հարցը քննարկելիս դատապարտյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու նրա հոգեբանական բնութագիրը, որն, ըստ պրոբացիոն ծառայության, կարող է էական ազդեցություն ունենալ նրա վերասոցիալականացման գործընթացի վրա: