Ինչպե՞ս կլուծվի ինտրիգը, ի՞նչ է սպասվում ԱԺ առաջին նիստում

Ինչպե՞ս կլուծվի ինտրիգը, ի՞նչ է սպասվում ԱԺ առաջին նիստում
Ազգային ժողով

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ինչպես հայտնի է, տեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 10.00-ին: Նոր խորհրդարանը կազմված է լինելու երեք խմբակցություններից՝ «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ): Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի անելիքները:

Ըստ այդմ՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են հետևյալ տեքստով. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների կամ դաշինքների անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

Ի դեպ, նախկինում բոլոր գումարման ԱԺ անդրանիկ նիստը վարելու պատիվը վերապահվել է ամենաավագ պատգամավորին, ինչպես նախորդ, այս գումարման խորհրդարանում եւս ամենաավագը ազգային փոքրամասնության քուրդ ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է: Առաջին նստաշրջանի օրակարգային առաջին հարցը հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է, ապա Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալի ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրությունները: Արդեն իսկ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում՝ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։

ԱԺ նախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցություններից: Սա է լինելու խորհրդարանի առաջին նիստի ինտրիգը՝ ո՞ր ընդդիմադիր ուժին է աջակցելու իշխող ուժը: «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում դեռեւս շաբաթներ առաջ հայտարարել է, որ առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը, սակայն մի քանի անուն է շրջանառվում։ Կանոնակարգ-օրենքի համաձայն ԱԺ ղեկավար կազմի անդամներն ընտրվում են փակ, գաղտնի քվեարկությամբ, այդ թվում`ԱԺ փոխնախագահները:

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե տրամաբանական է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը լինի ԱԺ փոխնախագահ: Սակայն կախված այն հանգամանքից, թե ով կլինի ԲՀԿ-ի թեկնածուն, «Իմ Քայլը» դաշինքում չեն բացառվում անակնկալներ: Ըստ օրենքի՝ հենց առաջին նստաշրջանում՝ կառավարության ձևավորումից առաջ, հնարավորություն է ընձեռվում քննարկման դնել կառավարության կառուցվածքում փոփոխություն առաջարկող նախագիծ: Կառավարությունը կարծես թե մտադիր է օգտվել այս հնարավորությունից: Շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից հասցնելով 12-ի: Ազգային ժողովի ձեւավորումից անմիջապես հետո կլուծվի նաեւ վարչապետի նշանակման հարցը:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կընտրվի, այլ վարչապետի պաշտոնում կնշանակվի հանրապետության նախագահի կողմից, քանի որ նրա գլխավորած ուժը խորհրդարանում կայուն մեծամասնություն է կազմում։ Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Իսկ արդեն կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: