Ավելի վտանգավոր արտահայտություն կա՝ «ինձնից առաջ՝ անապատ»

Ավելի վտանգավոր արտահայտություն կա՝ «ինձնից առաջ՝ անապատ»

Շարունակվում են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցները։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 30 հոգի։ «Հայկական 2-րդ» հեռուստաալիքի «Ի՞նչ է ուզում կինը» հաղորդաշարի հեղինակ-վարող, հեռուստալրագրող Լիլիթ Մելքոնյանը, ով ժամանակին աշխատել է Հանրային ռադիոյում,  նույնպես մասնակցում է մրցույթին։ Նրա խոսքով՝ Հանրային  ռադիոն առաջին հերթին լրատվամիջոց է, և այն հարստությունը, որ ունի ռադիոն, պետք է հասանելի դառնա հանրությանը․ 

«Ռադիոն առաջին հերթին լրատվամիջոց է, մնացած բոլորը ածանցյալ են։ Հանրային ռադիոն մի քիչ առանձին ուղղվածություն ունի՝ ժամանակից եկած այդ բեռը, որը ինչ-որ առումով բեռ է, ինչ-որ առումով գանձ, որը որ պետք է կարողանանք այսօր պահել։ Բայց ամենակարևորը հասանելի լինելն է, այսինքն՝ մենք այսօր կարող ենք դա արխիվի նման պահել ու չդարձնել ոչ մեկինը, որը նման է կճուճի մեջ գանձը տարիների, դարերի համար պահելուն։ Ինձ թվում է՝ մենք պետք է կարողանանք նաև ներկայացնել դա»։


- Դուք հարցազրուցի ժամանակ նշեցիք, որ Հանրային ռադիոն կարծես գնացքի վերջին վագոնը լինի, ռադիոյին այլ լրատվամիջոցներ հղում չեն անում։ Ինչպե՞ս եք պատրաստվում ռադիոն դարձնել այնպիսի լրատվամիջոց, որին անընդհատ հղումներ տան, որից լուրեր վերցնեն։


- Ռադիոն պետք է ունենա իր փորձագիտական խումբը, ես նկատի չունեմ միայն ռադիոյի աշխատողներին, բայց եթե մի քիչ հետաքրքիր քննարկումներ ծավալվեն ու այդ քննարկումները մի քանի րոպե առաջ ծավալվեն, քան թե մյուս լրատվամիջոցներում, կլինեն այդ հղումները։ Այնպես չէ, որ սա արգելքների հետ է կապված, որ ինչ-որ բաներ չի կարելի, ուղղակի մենք դանդաղ տեմպի մեջ ենք։ Եթե մենք նայենք ռադիոյի երաժշտական անցումները, ապա 90-ականներին մենք ավելի արագ անցումներ ունեինք ռադիոյում, որոնք տրամադրում են, քան հիմա, բացի այդ՝ բառեր կան՝ 3 արմատով բառեր, որոնք որ շատ լավն են, շատ գրական են, բայց լուրի մեջ ուղղակի չի կարելի օգտագործել։

- Ինչպիսի կադրային քաղաքականություն ենք պատրաստվում իրականացնել։ Տարեց աշխատողները բողոքում էին, որ հայտնվել են աշխատանքից ազատման վտանգի առջև։

- Այստեղ ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Ռադիոյի համար առավել ևս, բայց բոլորին է վերաբերում․ նախ համաձայն չեմ, որ պետք է այդպիսի մթնոլորտ ստեղծել, իհարկե, փոփոխություններ միշտ կարող են լինել, բայց որ պետք է բոլորը գնան ու ուրիշները գան, ես դրան շատ վատ եմ վերաբերվում, որովհետև չի դրվում խնդիր, որը որ հնարավոր է լուծել, իսկ ռադիոն առաջին հերթին ստեղծագործական միջավայր պետք է լինի։ Ես նկատի չունեմ, որ ովքեր եղել են, պիտի մնան, բայց բոլորի համար ինչ-որ անելու բան կարելի է գտնել, ճիշտ տեղում կարելի է օգտագործել։

Մենք անընդհատ այդ արտահայտությունը անում ենք, չէ՞, որ «մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», բայց շատ ավելի վտանգավոր արտահայտություն կա՝ «ինձնից առաջ՝ անապատ»։ Երբ ես նայում եմ ռադիոյի վերաբերյալ վերլուծություններ, այնպիսի տպավորություն է, որ այստեղ ոչ մի բան չի եղել, դատարկ տարածություն է, ինչ-որ մեկը հողը, ջուրը, սերմը վերցրել, եկել  է ու զրոյից ստեղծել է։ Այդպես չի կարելի, ես դրան շատ վատ եմ վերաբերվում։ Նույնպչափ վտանգավոր է, երբ որ նորի մուտքը չի լինում, ես դեմ եմ նաև մոնումենտալ այն վիճակին, որ նոր սերունդը չի կարող գալ։ Ես կարծում եմ, որ երիտասարդների այդ զուգահեռ մուտքը ռադիոն պետք է դարձնի լսելի։ Ինչքան ուզում ես, կարևոր բան տուր, եթե քեզ չեն լսում, դու չես կարող դա տեղ հասցնել»։