Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը Միշել Ֆուկոյի հետ

Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը Միշել Ֆուկոյի հետ

Օրերս «Իրավունք» թերթը տպագրել էր լուր այն մասին, որ իբր Սորոսի հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ 
«Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկը ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000թ․ հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել A&M հրատարակչությանը, որի կոնտակտային անձը համարվում է Աննա Հակոբյանը։ Գումարը տրված էր Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության եւ 1000 օրինակ տպելու համար»,- նշված էր լուրում։ Այդ լուրը նույնությամբ, առանց դույզն-ինչ կասկածի ենթարկելու,  արտատպել էին մի քանի այլ կայքեր, «Ֆեյսբուք»-ում այն տարածում էին նաեւ որոշ օգտատերեր։ 

Լուրի հեղինակն, իհարկե, ջանք չի թափել՝  պարզելու, թե 2000թ․ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Հակոբյանն ինչ կապ ունի Միշել Ֆուկոյի գրքերի թարգմանության, A&M հրատարակչության հետ։
Փոխարենը լուրի՝ Միշել Ֆուկոյին անծանոթ հեղինակին ուզում ենք հիշեցնել, որ A&M հրատարակչության կոնտակտային անձ Աննա Հակոբյանը ֆրանսերենի թարգմանիչ է, ԵՊՀ դասախոս։ Սույն հրատարակչությունը Միշել Ֆուկոյի «Հսկել եւ պատժել» գիրքը հայերեն հրատարակել է 2003թ․, ֆրանսերենից հայերեն է թարգմանել Ամալյա Մուրադյանը։ Գրքի տիտղոսաթերթում էլ է նշված, որ այն հրատարակվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի եւ Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի հրատարակչության զարգացման կենտրոնի աջակցությամբ։ 

A&M հրատարակչությունը տարբեր տարիներին հրատարակել է  ինչպես Աննա Հակոբյանի, այնպես էլ ֆրանսերենի այլ թարգմանիչների հայերեն թարգմանություններ։ Դրանցից են, օրինակ, Պոլ Վալերիի, Ալբեր Կամյուի, Անդրե Ժիդի, Մորիս Մետերլինկի, Մարգարիտ Դյուրասի ստեղծագործությունները։ Շատ վառ երեւակայություն է պետք 2000-ականերին մի ամբողջ հրատարակչատան գործունեություն ՀՀ ներկայիս վարչապետի տիկնոջը վերագրելու համար։