20 տարի է, խոսում եմ ավիացիայի մասին․ իրենք այսօր Ամերիկա են հայտնաբերել

20 տարի է, խոսում եմ ավիացիայի մասին․ իրենք այսօր Ամերիկա են հայտնաբերել

Դեռեւս մեկ տարի առաջ, թավշյա հեղափոխությունից հետո, քաղաքացիական ավիացիայի ոլորտի մասնագետները բաց նամակներ էին հղում նորընտիր կառավարությանը եւ ահազանգում շուրջ երկու տասնամյակ այնտեղ տեղի ունեցած չարաշահումների, բացթողումների մասին, առաջարկում խնդիրների լուծման իրենց տարբերակները։ 

Այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրավիրել խորհրդակցություն, որի ժամանակ էլ քննարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը նվիրված հարցեր։ Ուշագրավ է, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը։ 

Խորհրդակցության ընթացքում վարչապետի արած տպավորիչ հայտարարությունը, թերեւս, այն է, որ Հայաստանից եւ դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, եւ դա իր համար կասկածից վեր է։ Մյուս հայտարարությունն այն է, որ կայացրած որոշումների եւ որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենա այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» եւ «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղավիացիային եւ այս ոլորտում Հայաստանի ինքնավստահությանը։ 
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե հրավիրե՞լ են իրեն խորհրդակցությանը։

«Ինձ չեն հրավիրել, թեեւ քսան տարի է, ինչ ես այդ թեմայով խոսում եմ։ Եթե տեղից շարժվում են, ապա շատ լավ է։ Եթե բլա-բլա-բլա պետք է լինի, ես ի՞նչ ասեմ։ Քսան տարի է, ինչ ես ասում եմ, որ պետք է ունենանք հայկական դրոշով թռչող օդանավեր։ Հիմա խոսում են, թե «Հայկական ավիաուղիներ»-ը եւ «Արմավիա»-ն խայտառակել են ռեսպուբլիկան։ Լուրերով ծանոթացա այդ ամենին։ Ես կարող եմ ասել հետեւյալը։ Մինչեւ չբացահայտվեն  «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկացման պատճառները, թե ովքեր են մեղավոր այդ գործում, մենք չենք կարող առաջ շարժվել։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն «Հայկական ավիաուղիներ»-ի ոչնչացման մասնակիցները, իսկ դրա առաջին դեմքը Ռոբերտ Քոչարյանն է։  Թե ինչ նպատակներով է նա դա արել, ես նույնիսկ ՀՔԾ-ում եմ այդ մասին ցուցմունք տվել դրա վերաբերյալ։ Այդ գործը պետք է բացվի վերջապես։ Իսկ «Արմավիա»-ն «Հայկական ավիաուղիներ»-ի փլատակների տակ է ստեղծվել։ «Արմավիա»-ի տերը՝ Միխայիլ Բաղդասարովը,  պետք է դատապարտվեր 2006թ․ Սոչիի վթարի պատճառով, երբ հարյուրից ավելի զոհեր ունեցանք»,- մեզ հետ զրույցում նշեց Շահեն Պետրոսյանը։

Նա խորհուրդ է տալիս կառավարությանը՝ ստուգել ու տեսնել, թե «Հայկական ավիաուղիներ»-ը ինչ եկամուտներ է ունեցել, ինչ հզոր ավիաընկերություն է եղել, որ նույնիսկ պետբյուջեի 25 տոկոսն ապահովում էր «Հայկական ավիաուղիներ»-ը։ Եվ հիմա Շահեն Պետրոսյանը զարմանում է, թե ինչպես կարելի է կանգնել ու հայտարարել, թե «Հայկական ավիաուղիներ»-ը խայտառակել է ռեսպուբլիկան։ 

Մամուլում պարբերաբար քննադատվում է Դանիայից Հայաստան ժամանած եւ հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակված Տաթեւիկ Ռեւազյանի գործունեությունը։ 
Շահեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ է արել Ռեւազյանը մեկ տարվա ընթացքում քաղավիացիայի ոլորտում։

«Ռեւազյան Տաթեւիկը ավելի լավ կլիներ, որ տիկնիկների հետ խաղար։ Նա ընդամենը ֆռֆռում է աշխարհով մեկ, ոչինչ չի անում, ոչ էլ կարող էր անել։ Ես չեմ կարող իր գործունեությունը գնահատել, որովհետեւ չգիտեմ, թե ինքն ընդհանրապես ինչով է զբաղված, բացի գործուղումների գնալուց։ Ես քսան տարի է, ինչ խոսում եմ այդ թեմայով, իսկ իրենք այսօր Ամերիկա են հայտնաբերել։ Հիմա իրենք իրենց կողքին ունեն ավիացիայի ոլորտի մասնագետներ, թող նրանք էլ զբաղվեն այդ գործով, ես վիրավորված չեմ, որ ինձ չեն հրավիրել այդ խորհրդակցությանը»,- նշեց Պետրոսյանը։